Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ՊԵՏՔ Է ԿԱՏԱՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ

Նոյեմբեր 04,1998 00:00
mied

Եվրախորհրդի մամլո եւ հասարակական հարաբերությունների վարչությունը բազմաթիվ եվրոպական երկրների լրագրողների հրավեր էր ուղարկել նոյեմբերի 3-ին ներկա լինել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր նախագահ Լյուցիուս Վիլդհաբերի երդման արարողությանը։ Նա իր խոսքով հանդես եկավ Ստրասբուրգի ժամանակով ժամը 16։30-ին եւ ի մասնավորի նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանությունը կամուրջ է դեպի ապագան։

Լյուցիուս Վիլդհաբերը նշեց նաեւ, որ դա մշտական գործընթաց է եւ հավերժորեն պետք է պայքարել, որպեսզի գոյատեւեն ժողովրդավարական հասարակությունները բնորոշող արժեքները։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահն իր երդման խոսքում ասաց նաեւ, որ մտադիր է ամրապնդել կապերն ինչպես եվրոպական երկրների Գերագույն ու Սահմանադրական դատարանների, այնպես էլ միջազգային համապատասխան հաստատությունների հետ։

Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը նման է մի ծառի, որն ընդհանուր արմատներ ունենալով հանդերձ, բաղկացած է տարբեր ճյուղերից, որոնք իրենց բնորոշ զարգացումներն են ունեցել։ Լյուցիուս Վիլդհաբերն այս համեմատությամբ էլ ավարտեց իր երդման խոսքը, որից հետո տեղի ունեցավ համերգ։ Իսկ մինչ երդման արարողությունը, նա արդեն հասցրել էր հանդիպում ունենալ լրագրողների հետ ու պատասխանել բազմաթիվ հարցերի։ Բնականաբար, նրան ուղղված հարցերից հատկապես այն մեկը պիտի առանձնացնենք, որով հանդես եկավ մի թուրք լրագրող։ Նա ցանկանում էր պարզել՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նոր նախագահն ինչ վերաբերմունք ունի պաշտոնական Անկարայի այն պնդումների վերաբերյալ, թե Թուրքիայի առնչությամբ նշյալ հաստատության կողմից առնված բազում որոշումներն անկեղծ չեն եւ գլխավորապես քաղաքական հիմքեր ունեն։

Պատասխանելով հարցին՝ Լյուցիուս Վիլդհաբերն ասաց, թե նախորդ օրը, նոյեմբերի 2-ին, ինքը հանդիպել է Թուրքիայի արդարադատության նախարարի հետ։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը հանդիպման հենց սկզբում հայտարարել է, թե Թուրքիան անպայմանորեն պետք է հետեւի իրենց ընդունած որոշումներին եւ կատարի դրանք։ Այսօր գոյություն ունի հետեւյալ իրավիճակը. եթե Թուրքիայի դեմ եղած հայցերի վերաբերյալ, որոնք ստացվել են այդ երկրի քաղաքացիների կամ քրդերի կողմից, համապատասխան վճիռներ առնվեն, ապա պաշտոնական Անկարայի հատուցվելիք գումարի ընդհանուր չափը կկազմի 7 մլրդ ԱՄՆ դոլար։ Նշենք նաեւ, որ այսօրվա մամլո ասուլիսում, առանց Թուրքիայի անունը տալու, բազմիցս խոսվեց, թե ինչպիսի մեխանիզմներ են գործադրվելու, եթե ի կատար չածվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները։ Այդ ատյանի նորընծա նախագահը, մասնավորապես, ծանուցեց, որ թեպետ նախադեպ գոյություն չունի, սակայն, անհրաժեշտության դեպքում հատուցման համար կսահմանվի մինչեւ 3 ամիս ժամանակ։

Եթե այդ ընթացքում գումարները չփոխանցվեն, ապա կավելացվեն տոկոսներ, եւ հարցը քննարկման առարկա կդառնա Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդում։ Այդ մարմինը օժտված է որոշման կատարումը պարտադրելու լիազորություններով։ Իսկ եթե դա էլ չօգնի, ապա տվյալ երկրի նկատմամբ դիրքորոշումները կկարծրանան, եւ նրա հետ առնչվող պետությունները կփոխեն իրենց քաղաքական վերաբերմունքը տվյալ սուբյեկտի նկատմամբ։ Այսքանի կողքին հարկ է նշել, որ Թուրքիայի արդարադատության նախարարը Լյուցիուս Վիլդհաբերին ասել է, որ իրենք ավելի նախընտրելի են համարում հարցերը կարգավորել տեղական օրենքներով։ Ի դեպ, երդման արարողության ժամանակ արտասանած իր խոսքում Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Դանիել Տարշիսն էլ հարկ համարեց արձանագրել, որ ընդամենը 3 երկիր է զլանում կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները։

Իսկ նոյեմբերի 3-ին Ստրասբուրգում տեղի ունեցած այս միջոցառմանը հայկական կողմը ներկայացնում էին արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանը։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

«Առավոտի» թղթակից

Ստրասբուրգ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30