Լրահոս
Օրվա լրահոսը

Все мы бабы-стервы

Նոյեմբեր 03,1998 00:00
kin

Այս նյութը պատրաստելու համար մի քանի օր շարունակ տարբեր բառարաններում փնտրում էի стерва բառի հայերեն համարժեքը։ Ցավոք, գտածներս՝ «գարշելի կին», «զզվելի կին», շատ հեռու էին բավարար լինելուց։ Стерва-ն շատ ավելի ընդգրկուն, արտահայտիչ, բացահայտիչ բառ է, քան «գարշելին» կամ «զզվելին»։ Стерва-ությունը, որքան անտանելի ու գարշելի, այնուհանդերձ, խիստ կանացի, եւ երբեմն օգտակար հատկություն է։

Այնքան կանացի, որ չեմ կասկածում, թե աշխարհում կա թեկուզ մի կին, ով իր բովանդակալից կյանքի ընթացքում «բարի հրեշտակից» չի վերափոխվել стерва-ի։ Եվ եթե կոկետությունը (սեթեւեթանքը) բնածին հատկություն է, որով օժտված է յուրաքանչյուր իսկական կին, ապա стерва-իզմը ձեռքբերովի «իզմ»-երից է, որ ձեռք են բերում իսկակա՛ն կանայք։ Стерва չեն ծնվում, стерва դառնում են։ Իհարկե, ինչպես ասում են՝ օրենքը գեղեցիկ է բացառություններով։ Տվյալ հարցում բացառությունը դառնալ-չդառնալու մեջ չէ (բոլորն են դառնում՝ գոնե երբեմն), բացառությունը՝ այդպիսին ծնվել-չծնվելու մեջ է։

Եթե փոքր-ինչ վերափոխենք հայտնի երգի բառերը, կստանանք стерв-իզմի ճշմարիտ ակունքների մասին փաստող իրականությունը՝ «Женщина бывает стервозной , только от жизни собачей»։ Փակագծերը բացելու դեպքում, կստանանք՝ стерв-իզմը կանացի թուլության եւ անպաշտպանվածության ծնունդն է, եւ կնոջ նկատմամբ շրջապատի վերաբերմունքի արտացոլումը։ Նկատեք՝ կանացի՛ թուլության եւ կնո՛ջ նկատմամբ վերաբերմունքի, այլ ոչ թե տղամարդու։ Քանզի տղամարդը կարող է լինել ստոր, սրիկա, տականք, ոչնչություն, եւ վերջապես, ուղղակի… տուուո՜ւու (կարծում եմ՝ հասկացաք), սակայն ամենեւին իրավունք չունի լինել стервец, դա կանանց մենաշնորհն է։ Այլ բան է, եթե նա մտադիր է մեքենայորեն կորցնել տղամարդկությունը՝ դառնալ կին…

Կանայք, ինչպես բոլոր մարդիկ, լինում են հիմար եւ շատ հիմար, խելացի եւ չափից դուրս խելացի։ Սակայն երկարատեւ դիտարկումներս թույլ են տալիս համոզված գրել, որ այն առաջնային տպավորությունը, թե լավագույն стерва-ները անպայման պիտի ծայրաստիճան կրթված լինեն, խաբուսիկ է։ Շատ փոքր նշանակություն ունի՝ խնդրո առարկա տիկինը ջա՞զ է լսում, թե՞ Թաթա, Սթեյնբեք է կարդում, թե «սեքսի տեխնիկան»։ Երբեմն բոլոր սահմաններն անցնող հիմարությամբ տառապող գեղջկուհին стерва-ության գծով կարող է «ծալած ունենալ» անգամ գիտունիկ-ինտելեկտուալիկին։ Եվ տարիքի հետ էլ стерв-իզմը շատ քիչ կապ ունի, եթե կնոջը հասցրել են стерва դառնալու աստիճանին, նա այլեւս հետդարձի ճանապարհ չունի։ Ինչ խոսք, ամեն ինչի սկզբնաղբյուրը տղամարդն է՝ շեղշե լյա տղամարդ։ Եվ եթե վերջինից ստացած առաջին լուրջ հարվածից հետո անմեղ աղջնակը ընդամենը արտասուքներով թրջում է անկողինը կամ դեղատներում մկնդեղ է փնտրում, ապա հաջորդ հարվածներից հետո նրա մեջ խոսում է ինքնապաշտպանական բնազդը, որի հետեւանքում առաջացած հակադարձ հարվածի ուժգնությունից եւ դիպուկությունից միայն զարմանալ կարելի է։

Քանի որ стерв-իզմը բոլորիս կյանքում մեծ դեր ունի (նայեք վերնագիրը), ապա կարծում եմ, ավելորդ չի լինի մի փոքր խորանալ стерв-իզմի ուսումնասիրման մեջ եւ բաժանել այդ բավական լայն հասկացությունը մի քանի բաժինների՝ կախված կնոջ մեջ стерва-ի հասունացման մակարդակից։

Թույլ стервоз-ով զինված կին

Ամենահաճելի եւ մեղմ տեսակն է։ Այս դեպքում стерв-իզմն արտահայտվում է ժամանակ առ ժամանակ, անհրաժեշտության դեպքում օգտագործվում է որպես փոքրիկ, սթափեցնող ապտակ կամ մի բաժակ սառցեջուր՝ դիմացինի շա՜տ տաքացած գլխին։ Զորօրինակ, հանդիպել եք ձեր երազների տղամարդուն, իսկ նա ձեւացնում է, թե չի հիշում ձեր անունը։ «Ինչպե՞ս, իսկ ես կարծում էի, թե սկլերոզը ծերունական հիվանդություն է»,- անմեղ հայացքով, աչքերը արագ-արագ թարթելով փոխադարձում եք, եւ լավ եք անում։ Նրա կարմրատակած դեմքն ու կախված «չանը» հուշում են, որ այսուհետ նրա մտքով չի անցնի մոռանալ ոչ միայն ձեր անունը, ազգանունը, հայրանունը, հեռախոսի համարն ու հասցեն, այլեւ ձեր եւ ձեր ընտանիքի անդամների ծննդյան տարելիցները, դեպի ձեր տուն եւ աշխատավայր տանող բոլոր տրանսպորտային միջոցների համարներն ու ժամերը։

Стервочка

Սա դեռեւս հումանիստ է (այսինքն՝ մարդասեր)։ Մեկ անգամ եւս շեշտում եմ՝ դեռեւս։ Նրա стерв-իզմն արդեն հասարակության սեփականությունն է դառնում, երբեմն այդ իսկ հասարակության որոշ ինդիվիդումներին (այսինքն՝ մասնիկներին) ավելի լավը դարձնելու նպատակով։ Դե, ասենք, հանդիպում եք ձեր նախկին ընկերոջը, որը տառապում է դոնժուանության պատանեկան հիվանդությամբ, իր նորագույն ընկերուհու ուղեկցությամբ։ Ամենաբարի ձայնով եւ հրեշտակային հայացքով ձեր հիացմունքն եք հայտնում խեղճ աղջկան. «Օ՜յ, ինչ հաճելի է ծանոթանալ։ Ես ընդհանրապես շատ եմ սիրում Արմենի նորահայտ ընկերուհիների հետ ծանոթանալ։ Ուղղակի նրանք այնքան նման են իրար, որ չեմ էլ նկատում փոփոխությունը»։ Իսկ կնոջ կոմպլիմենտները՝ արված մեկ այլ կնոջը… սա մի ամբողջ թեկնածուական թեզի արժանի թեմա է։ Նմանօրինակ հաճոյախոսությունների համար յուրահատուկ տաղանդ է պետք, սակայն դրանցից ստացված բավարարվածությունն ամեն ինչ արժե. «Ա՜խ, ինչ արտակարգ տեսք ունես, բոլորովին չի զգացվում, որ կեղծամ ես կրում», կամ «երբեք մտքովս չէր անցնի, որ կնճիռների դեմ քսուքներն այդքան լավ ազդեցություն են թողնում, մի տասը-տասնհինգ տարի հետո ես էլ կօգտագործեմ դրանից»։ Կամ մի քիչ մեղմ. «Վա՜յ, այս դո՞ւ ես, այնքան գեղեցիկ էիր թվում հեռվից, քիչ մնաց չճանաչեի»։

Стервоз

Սա արդեն ջադուին ու վհուկին մոտ մի երեւույթ է, մի քիչ նուրբ տեսակը։ Այս կանանց կամ կյանքն է շատ նեղացրել, կամ որոշակի հատկություններ են ժառանգել իրենց կախարդ նախատատերից։ Եթե стервоза-ները խոսքով կծողներից են, ապա стервочка-ները պատրաստ են նաեւ չարագուշակ քայլերի։

Կատարյալ պատկերացում կազմելու համար երկու օրինակ՝ ների արարք стервоза-ներից։ Տարիներ շարունակ ամուսնու դավաճանությունն ու խաբեությունը կուլ տվող կինը, ի վերջո, որոշում է վրեժխնդիր լինել հար եւ նման ձեւով, սակայն ամուսինը այդպես էլ չի կռահում կնոջ դավաճանությունը, մինչեւ մի երեկո, սենյակ մտնելու պահին կինը չքմեղ հայացքով հետաքրքրվում է. «Սիրելիս, չդժվարացա՞ր սենյակ մտնելիս», «Ո՛չ, ինչո՞ւ պիտի դժվարանայի», «Ուղղակի ինձ թվում էր, կոտոշներդ կխանգարեին»։ Կարծում եմ, այս կինը վաստակել էր стерва լինելու իրավունքը ճիշտ այնպես, ինչպես հակառակ իրավիճակում գտնվող մեկ այլ կին, ում սիրեցյալն ամուսնացած էր, սակայն ոչ մի կերպ չէր կարողանում որոշել՝ կի՞նն է առաջնայինը, թե՞ սիրուհին, եւ խաբում էր երկուսին էլ։ Մի հանդիպումից հետո սիրեցյալի կնոջ արդուզարդի սեղանին վերոնշյալ стерва-ն թողնում է իր շրթներկը ու դիմափոշու տուփը…

Տարիների անընդհատ փորձից հարստացած стерва-ներն են, որոնք այդպիսին են անկախ ամեն ինչից, որոնց այլեւս ոչինչ եւ ոչ ոք չի կարող ճիշտ ճանապարհի բերել։ Սակայն, ինչպես стервец-ը տղամարդ կոչվելու իրավունք չունի, այնպես էլ стерва-ներն այլեւս կին չեն։ Եվ քանի որ դրանց քանակը, փառք Աստծո, դեռեւս այն մակարդակին չի հասել, որ նրանց հատուկ անդրադառնանք, մենք ուղղակի կմոռանանք նրանց գոյության մասին եւ ձեզ էլ խորհուրդ կտանք արհամարհել այդպիսիներին հանդիպելիս, եւ կմաղթենք՝ երբեք չհանդիպել դրանց։

ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30