Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՏԻ ԴԵՐԸ ԱՇԽԱՐՀԱ- ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Նոյեմբեր 03,1998 00:00
Dmitri Martirosyan

ԱՆՀԱՏԸ

Եվգենի Պրիմակովը ծնվել է 1929թ. հոկտեմբերի 29-ին, Կիեւ քաղաքում: Մանկությունն անց է կացրել Թբիլիսիում: Նրա մայրը հայտնի բժշկուհի էր: Պրիմակովը կովկասցիներին հատուկ հավատարմությամբ պահպանում է ընկերական կապերը դպրոցական ու բակի ընկերների հետ, որոնցից շատերը նշանավոր մարդիկ են: Նրանց շարքում են հայտնի սրտավիրաբուժ Վլադիմիր Բուրակովսկին, ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի ապարատի պատասխանատու աշխատակից Լեւոն Օնիկովը, կինոռեժիսոր Լեւ Կուլիջանովը եւ շատ ուրիշները, անգամ, ընկերներ մանկապարտեզից: Ընտանեկան խնջույքներին մասնակցում են միայն յուրայինները, որոնց անպայման ղեկավարում է ընտրված թամադան, եւ որոնք, սովորաբար, գերադասում են խմել «Կրիստալ» գործարանի օղի: Երիտասարդ թբիլիսցին Մոսկվան նվաճելու մեկնեց 1948թ. եւ ընդունվեց Արեւելագիտության ինստիտուտի արաբական բաժինը: Երրորդ կուրսում, Թբիլիսիում արձակուրդների ընթացքում ծանոթացել եւ ամուսնացել է Լաուրայի հետ, որից հետո, Մոսկվայի բնակարանում նրա հարեւանը՝ Կոնստանտին Գեյվանդովը (վերջին շրջանում Հետախուզության վետերանների կոմիտեի պատասխանատու քարտուղարը), ստիպված էր տեղափոխվել հանրակացարան:

Ինչպեսեւ ամեն մի հաջողակ մարդու կյանքում, Պրիմակովի ճակատագրում եւս, առկա էր նրա «պահապան հրեշտակը»՝ այն ժամանակ «Պրավդա» թերթի խմբագրի տեղակալ Նիկոլայ Ինոզեմցեւը: Նա էր, որ թերթում աշխատանքի ընդունեց Պրիմակովին, իսկ 1966թ. իբրեւ հատուկ թղթակից գործուղեց Եգիպտոս: Արաբերենին եւ անգլերենին ազատ տիրապետող, երկիրը հրաշալի ճանաչող Պրիմակովը դարձավ խորհրդային համայնքի ամենից շատ աչքի ընկնող դեմքը: Հենց այդ ժամանակաշրջանում էլ, առաջին սերտ կապերը հաստատվեցին մերձավորարեւելյան քաղաքական առաջնորդների հետ: Եգիպտոսից վերադարձից հետո, Պրիմակովը, նախ դարձավ «Պրավդա» թերթի՝ Ասիայի եւ Աֆրիկայի երկրների բաժնի վարիչի տեղակալը, իսկ հետո ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի տնօրենի տեղակալը, կրկին Նիկոլայ Ինոզեմցեւի ղեկավարության ներքո: Վերջինս, այդ շրջանում նաեւ Բրեժնեւի խորհրդականն էր արտաքին հարաբերությունների գծով, եւ Պրիմակովը փաստորեն իրականացնում էր տնօրենի պարտականությունները:

1978թ. դոկտորական թեզի պաշտպանությունից հետո, Պրիմակովը ստանձնեց ԽՍՀՄ Արեւելագիտության ինստիտուտի տնօրենի պարտականությունները: Նոր տնօրենը պարտադրեց ինստիտուտի աշխատակիցներին աշխատանքի հաճախել շաբաթը չորս անգամ, նախկին երկուսի փոխարեն: Ենթակաների հետ փոխհարաբերությունները, պրիմակովը կառուցում էր Ֆորդի նշանավոր համակարգի օրինակով. «ինձ մոտ կլինեք ժամը 12.07-ին, զեկույցի համար ձեզ տրվում է վեց ու կես րոպե», եւ այլն: Այստեղ տեղին է ընդգծել զուգահեռները Ֆորդի եւ Պրիմակովի մոտեցումներում, ամենատարբեր հարցերի նկատմամբ: Այսպես, երբ Ֆորդին հարցնում են, թե ի՞նչ գույնի մեքենա կարող է գնել հաճախորդը, Ֆորդն առանց վարանելու պատասխանում է՝ ցանկացած գույնի, եթե միայն նա ընտրում է սեւը: Իսկ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի այն հարցին, թե ի՞նչ կարող է սպասվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, Պրիմակովը պատասխանել է՝ ցանկացած տարբերակ, բայց միեւնույն պետության (Ադրբեջանի) կազմում:

Քաղաքական իշխանության բարձունքներին Պրիմակովին առաջնորդեց Գորբաչովը: Նրանց ծանոթությունը կայացավ Ռեյկյավիկում, ուր Պրիմակովը հրավիրված էր իբրեւ կոնսուլտանտ: Ըստ լրագրող-միջազգայնագետ Վալենտին Զորինի վկայության, Գորբաչովը գնահատեց Պրիմակովի համարձակությունն ու սեփական տեսակետները պաշտպանելու ունակությունը, այն բանից հետո, երբ վերջինս խիստ քննադատության ենթարկեց այն ժամանակվա ԽՍՀՄ արտգործնախարար Շեւարդնաձեին եւ գլխավոր շտաբի պետ, մարշալ Ախրոմեեւին, թեեւ կոնկրետ պարագայում Գորբաչովի աջակցությանը չարժանացավ: Հետագայում, Գորբաչովը Պրիմակովին հրավիրեց մասնակցելու նաեւ Հնդկաստան ու Մեծ Բրիտանիա պաշտոնական այցերին: 1988-ին արդեն, Պրիմակովը ԽՍՀՄ Ա Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարն էր, 1989-ին ԽՍՀՄ Միությունների խորհրդի նախագահն էր, 1990-ից նախագահական խորհրդի անդամ, 1991-ից ԽՍՀՄ Անվտանգության խորհրդի անդամ: Քաղաքական կարիերայի գլխապտույտ աճը սակայն, համընկավ Եվգենի Պրիմակովի անձնական ողբերգության հետ: Այդ ընթացքում մահացան նրա որդին՝ Ալեքսանդրը, իսկ հետո կինը՝ Լաուրան:

1991թ. սեպտեմբերի 30-ին Պրիմակովը նշանակվեց Արտաքին հետախուզական ծառայության տնօրեն: Ոմանց կարծիքով, Պրիմակովը հատուկ ծառայությունների հետ սկսել է համագործակցել դեռեւս Եգիպտոսում աշխատելու տարիներին: Ըստ լրագրողներից մեկի, Պրիմակովն անկեղծորեն գտնում էր, որ յուրաքանչյուր խորհրդային մարդ պարտավոր է հնարավոր բոլոր միջոցներով աջակցել իր պետությանը: ԱՀԾ-ում աշխատանքի անցնելուց հետո, Պրիմակովը հրաժարվում է ի պաշտոնե իրեն հասանելիք գեներալական ուսադիրներից, չցանկանալով անհարմար դրության մեջ հայտնվել հետախուզության այն սպաերի առջեւ, որոնք նույն ուսադիրները ձեռք բերելուն նվիրել էին իրենց ողջ կյանքը:

Առ այսօր, առասպել է շրջում, որ Պրիմակովը «հավաքագրել» է անձամբ Սադամ Հուսեյնին: Հուսեյնն, իհարկե, ուղղակի իմաստով «գործակալ» չէր, սակայն նա Խորհրդային Միությանը գաղտնի տեղեկատվություն էր հաղորդում, ինչպես Իսրայելի, այնպես էլ հարեւան արաբական երկրների վերաբերյալ: Հուսեյնի հետ Պրիմակովը ծանոթացել է վաթսունական թվականներին, երբ վերջինս միջնորդական առաքելություն էր կատարում ապստամբ իրաքյան քրդերի եւ Իրաքի իշխանությունների միջեւ: Սակայն, 1991-ին Պարսից ծոցի պատերազմից առաջ, Պրիմակովին չհաջողվեց համոզել իրաքյան բռնապետին Քուվեյթը զիջել առանց ուժի գործադրման: Այս առաքելության ընթացքում, Եվգենի Մաքսիմովիչն անձամբ հայտնվեց ամերիկյան օդուժի ռմբակոծության տակ: Նավթով հարուստ արաբական արեւելքի հետ սերտ կապերը կարող են օգնել Պրիմակովին՝ Ռուսաստան մեծ ներդրումներ ներգրավելու գործում: Պետք է կարծել, որ հմտորեն օգտագործելով հակասությունները Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ, նրան կհաջողվի շահաբաժիններ կորզել թե՛ մեկ եւ թե՛ մյուս կողմից:

ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Ի տարբերություն ներկա քաղաքական ընտրախավի, Պրիմակովը Գորբաչովին երբեք չի պախարակել եւ միաժամանակ հրաժարվել է մասնակցել հակաելցինյան հայտնի արշավին: Բորիս Նիկոլաեւիչը անշնորհակալ չգտնվեց եւ 1996-ին Պրիմակովին նշանակեց Ռուսաստանի արտգործնախարար: Պրիմակովը, ինչպեսեւ նոր արտգործնախարար Իգոր Իվանովը, Միացյալ Նահանգների նկատմամբ խորը անվստահություն են տածում եւ գտնում են, որ ելցինյան վարչակարգի կողմից ԱՄՆ-ին ցուցաբերած աջակցությունը միջազգային հարցերում, մեծ վնաս է հասցրել Ռուսաստանի ազգային շահերին: Ակնկալվում է, որ Միացյալ Նահանգների հետ դիմակայության առաջին գոտին կլինի Բալկաններում, ուր Արեւմտյան Եվրոպան եւ ԱՄՆ-ը գերիշխում են Բոսնիայում ծավալած ինտերվենցիայից հետո: Առ այսօր, չնայած սերբամետության արտահայտություններին, Ռուսաստանը տարածաշրջանում բավական պասիվ է: Քանի դեռ, Ռուսաստանը ապրում էր Արեւմուտքից հոսող ֆինանսական միջոցների հաշվին, պաշտոնական Մոսկվայի հարմարվողականությունը ինչ-որ հիմքեր ուներ: Իսկ այժմ, երբ Արեւմուտքի դրամական օգնությունը հասնում է զրոյական մակարդակի, հազիվ թե Ռուսաստանը պահպանի նախկին հանգստությունը, առավել եւս հանդուրժի արեւմտյան ինտերվենցիան Կոսովո:

Հենց որ Ռուսաստանում կսկսվի տնտեսության ներքին բարեփոխումների փուլը՝ ազգայնականացում, վերահսկողություն տարադրամի նկատմամբ եւ արեւմտյան ներդրումների վճարումների սահմանափակում, ԱՄՆ-ը իսկույն հանդես կգա խիստ քննադատությամբ եւ կկասեցնի հետագա աջակցությունը: Ի պատասխան ԱՄՆ դիրքորոշմանը, Ռուսաստանը կարծր սերբամետ դիրք կգրավի եւ այլեւս, Արեւմուտքի հակասերբ գործողությունները հղի կլինեն Ռուսաստանի հետ անմիջական դիմակայության վտանգով: Արեւմուտքի հետ քաղաքական կոշտ մրցակցության երկրորդ գոտին կլինի Մերձավոր Արեւելքը, մասնավորապես, Իրաքը: Պրիմակովի իրաքամետ թիմը կարող է վերհիշել, որ Իրաքը ԽՍՀՄ առանցքային դաշնակիցն էր տարածաշրջանում եւ նրա միջոցով կարելի է վերականգնել երբեմնի ազդեցությունը ողջ տարածաշրջանում: Դա հնարավորություն կտա նաեւ, կրկին վերահսկողության տակ վերցնել նախկին ԽՍՀՄ մահմեդական հատվածը: Մոսկվային անհրաժեշտ է օգտագործել հակաամերիկյան հզոր տարրը արաբական արեւելքում, որպեսզի հնարավոր լինի դիմակայել հակառուսական միտվածությամբ իսլամ արմատականության ներթափանցմանը տարածաշրջան:

Բնական է, որ Ռուսաստանը խիստ անհանգստացած է նաեւ Թուրքիայի հզորության աճով, ինչը անմիջականորեն սպառնում է իր ազդեցության հարավային սահմաններին: Եւ վերջապես, ԱՄՆ ազդեցությունը տարածաշրջանում կրճատելու համար, Ռուսաստանը ձգտելու է իրաքյան մեկուսացման վերացմանը, ինչը հղի է ԱՄՆ հետ անմիջական դիմակայության: Այս համատեքստում, որակապես նոր մոտեցումներ կան իրանական խնդրի նկատմամբ: Իրանը տարածաշրջանային գերիշխանություն է հաստատում Սաուդյան Արաբիայի հետ համաձայնեցված եւ իր քաղաքականության վեկտորն ուղղում է դեպի նախկին խորհրդային հարավ: Միաժամանակ, սակայն, Իրանը Ռուսաստանի աջակցության կարիքն ունի աֆղան թալիբների դեմ պայքարի գործում: Իսկ այդ աջակցությունը, ինչպեսեւ ընդհանրապես Իրանի դիրքերի ամրապնդումը, Ռուսաստանը չի հանդուրժի, քանի դեռ հստակեցված չեն իրանական նկրտումների սահմաններն ու բնույթը ԱՊՀ տարածքում: Առաջիկայում, ռուս-իրանական ինտենսիվ բանակցություններն անխուսափելի են եւ դրանք էական նշանակություն կունենան ողջ տարածաշրջանի ապագայի համար:

Եւ վերջապես ամենակարեւոր խնդիրը՝ Կիպրոսը եւ ռուսական հակաօդային պաշտպանության հրթիռների վաճառքը Կիպրոսի հույներին: Հայտնի է, որ Թուրքիան կտրականապես դեմ է այս գործարքին, քանզի զրկվում է օդուժի առավելության գործոնից: Միաժամանակ, Հունաստանը միանշանակորեն խոստացել է ուժի դիմել, եթե հանկարծ թուրքերը փորձեն կասեցնել հրթիռների առաքումը Կիպրոսի հունական հատվածը: Թուրքերը ռազմաքաղաքական համագործակցության մեջ են Իսրայելի, իսկ հույները՝ Սիրիայի հետ: Թե՛ ԱՄՆ-ի եւ թե՛ Թուրքիայի հնարավորությունները խոչընդոտելու հրթիռների առաքմանը, օրեցօր նվազում են: Դրանով իսկ, Ռուսաստանի վերադարձը հույն-սիրիական դաշինքի հետ մերձեցմանը, ակնհայտ է դարձնում նրանց դիմակայությունը ԱՄՆ-Իսրայել-Թուրքիա եռյակի հետ:

Այսպիսով, Ռուսաստան-ԱՄՆ դիմակայությունը Բալկաններ-Պարսից ծոց աղեղի ողջ երկայնքով ընդգծված երանգներ է ձեռք բերում, որին գումարվում է նաեւ ռուս-պարսկական համագործակցությունն ընդդեմ աֆղան թալիբների, որոնց թիկունքում ԱՄՆ-Պակիստան դաշինքն է: Եւ կարծես թե ոչինչից, հառնում է ռուս-ամերիկյան կոշտ մրցակցության, նոր «սառը պատերազմի» ուրվականը: Պետք է գիտակցել, որ այժմ, Ռուսաստանի ռազմավարական դիրքերը համեմատելի չեն նախկին ԽՍՀՄ-ի հետ: Ռուսաստանն այլեւս գլոբալ ազդեցություն չունի, թեեւ ձգտում է դրան: Միաժամանակ, Ռուսաստանը հզոր տարածաշրջանային ազդեցություն ունի, առանձնապես, նախկին ԽՍՀՄ տարածքում եւ եթե դա հաջողի, ապա Ռուսաստանը կվերածրագրավորի իր հզորությունը դեպի նախկին Խորհրդային կայսրության ծայրամասերը: Սա այն դաշտն է, ուր 1991-ից սկսած ԱՄՆ-ը ծրագրեր է իրականացնում, ոչ մեկի կողմից լուրջ դիմադրության չարժանանալով, թերեւս միայն տեղաբնակների: Վերը նշվածը վկայում է, որ Ռուսաստանը խոցած նոր տնտեսական ճգնաժամը, անկասկած, ավելի ու ավելի քաղաքական բնույթ է ստանալու:

Շատերը դեռեւս համոզված են, որ տնտեսապես քայքայված Ռուսաստանն ի վիճակի չի լինելու ռազմաքաղաքական լուրջ գործողությունների: Սակայն պատմությունը վկայում է, որ մեծ տնտեսական հզորությունները ծնվում են հենց քայքայված տնտեսությամբ երկրներում, երբ ռազմաքաղաքական խնդիրների լուծման հրամայական է ծագում: Բավական է միայն վերհիշել վեյմարյան փլատակներից հարություն առած երեսնականների Գերմանիայի օրինակը: Նման վերածննդի հիմք է հանդիսանում բարձրորակ բանվորական ուժի, գիտատեխնիկական ներուժի գոյությունը եւ հասարակական ձգտումը վերականգնել երկրի երբեմնի ռազմական հզորությունը: Իսկ Ռուսաստանը, ինչ խոսք, տիրապետում է այս ամենին եւ երկրում կարգուկանոնի հաստատման դեպքում, ընդունակ է շատ արագ վերականգնվել իբրեւ հզոր ռազմաքաղաքական գործոն:

Ակնհայտ է, որ իրադարձությունները դրամատիկ բնույթ են ստանում: Եւ այս առումով, անչափ տարօրինակ է դիտվում Հայաստանի ներկա արտաքին քաղաքականությունը: Հախուռն եւ անտրամաբանական փորձեր են արվում դուրս բերել երկիրը ավանդական աշխարհաքաղաքական դաշտից: Առանձնապես անհասկանալի է, երբ նման բարդ զարգացումների պարագայում, ՀՀ արտգործնախարարը պաշտոնական այց է կատարում Իսրայել, վտանգելով նորանկախ Հայաստանի ավանդական սերտ կապերը ռուսական առանցքի՝ վերը նշված աղեղի երկրների՝ Սերբիայի, Հունաստանի, Սիրիայի (նաեւ արաբական աշխարհի մի ստվար հատվածի) հետ եւ հարցականի տակ դնելով հայկական պետականությունն ու անկախությունը: Եւ անգամ դժվար է պատասխանել՝ ի՞նչ է սա. աշխարհաքաղաքական զարգացումների չընկալման, թեթեւամտության, թե՞ պետական շահերի չգիտակցման արդյունք:

ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30