Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմբեր 03,1998 00:00
sakagin

Կամ ինչո՞ւ է թանկանալու էլեկտրաէներգիան

Վերջերս կառավարության անդամները հանդես եկան էլեկտրաէներգիայի սակագների թանկացման անհրաժեշտության մասին հիմնավորումներով: Սա, բնականաբար, հետեւյալ սցենարն է ունենալու. կառավարիչները պնդելու եւ թվային կոմբինացիաներով արդարացնելու են դրա անհրաժեշտությունը, իսկ ընդդիմությունը ընդդիմանալու է դրան: Իսկ էլեկտրաէներգիայի շարքային սպառողները այդպես էլ չեն հասկանալու, թե ով է ճիշտ, ով՝ սխալ: Իսկապես, դժվար է հավատալ, որ կառավարիչները, որքան էլ արհեստավարժ լինեն, կարող են այդքան անհոգի լինել սեփական ժողովրդի հանդեպ: Ժամանակին մամուլում տպագրվեց Միջազգային արժութային հիմնադրամի մի փաստաթուղթ «Մակրոտնտեսական կառուցվածքային ճշգրտումների քաղաքականության ընդհանրացված ամփոփագիրը եւ ժամանակացույցը՝ ըստ 1997-1998թթ. ESAF-ի երկրորդ տարեկան մասնաբաժնի պայմանավորվածությունների» բազմախոս վերնագրով: Այդ փաստաթղթի վերնագրից երեւում է, որ ՄԱՀ-ը իր տրամադրած վարկերի դիմաց որոշակի պայմանավորվածություններ ունի Հայաստանի կառավարության (այն ժամանակ Բագրատյանի) հետ:

Ավելի պարզ ասած՝ վարկերի դիմաց ՀՀ կառավարությունը պարտավորվում էր իրականացնել որոշակի տնտեսական քաղաքականություն, միջոցառումներ: Ահա մի քանի հատված այդ փաստաթղթից, որոնք արդեն իրականություն են դարձել Հայաստանում, կամ իրականացման փուլում են: «6. Կոնյակի, օղու եւ այլ բարձրակարգ խմիչքների ակցիզային հարկը հասցնել 200 տոկոսի»: Կամ. «11. Բոլոր մանրածախ առեւտրականները կստանան կոդեր եւ կմուծեն հաստատագրված հարկ», եւ այլն: Իսկ փաստաթղթի 44-րդ կետն այսպիսի բովանդակություն ունի. «Էլեկտրաէներգիայի միջին սակագինը պետք է ավելացնել՝ Համաշխարհային բանկի հանձնարարականների համաձայն: Առանձին խմբերի արտոնություններ տալու որոշումը կփոխարինվի առաջին 100 կվտ/ժ դիմաց զեղչ գներ սահմանելու որոշումով: Ոչ մի սպառողի բացառություն կամ լրացուցիչ արտոնություններ չեն տրվի»: Եւ այսպես շարունակ:

44-րդ կետից պարզորոշ երեւում է, որ կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագների թանկացման դիմում է առաջին հերթին փաստաթղթի պահանջը կատարելու համար: Այստեղ արժե նշել, որ այլ կերպ կառավարությունը չի կարող գործել՝ փաստաթղթի յուրաքանչյուր կետ բխում է մյուսներից եւ կազմում փակ եւ կուռ շղթա: Ինչպես ասում են, մեկնաբանություններն ավելորդ են: Միայն ընդհանրացնենք, որ վերջին տարիների մեր կառավարությունները գործել են, եւ թերեւս դեռ շատ երկար են գործելու, այս հանձնարարականների սահմաններում. կառավարության բազմաթիվ որոշումներ նույնիսկ բառացի համընկնում են փաստաթղթի ձեւակերպումներին: Սակայն մի կողմ թողնենք թե փաստաթղթի տոնը, թե հլու-հնազանդ կառավարություններին, թե ազգային արժանապատվության խնդիրները եւ խոսենք այն մասին, թե ինչ է կատարվում: Կառավարության անդամները խրվում են թվաբանության մեջ, որպեսզի արդարացնեն իրենց «տնտեսական քաղաքականությունը», չցանկանալով դեմ գնալ միջազգային վարկատու կազմակերպություններին, միաժամանակ ճշմարտությունը չասելով:

Ընդդիմությունն ու երկրապահները նույնպես ձեւ են անում, թե չգիտեն նման փաստաթղթերի գոյության մասին, ու միավորներ են հավաքում կառավարությանը քննադատելով: Սա նման է այն վեճին, թե նույն մետաղից ձուլված դրամի ղո՞ւշն է լավ, թե գիրը: Իսկ դրա փոխարեն պարզապես անհրաժեշտ է մի կողմ թողնել ձեւականություններն ու գլուխ- գլխի տալ՝ կախարդական շրջանակից դուրս գալու համար: Իսկ մինչ այդ կարելի է նաեւ Արշակ Սադոյանին նշանակել Հայաստանի վարչապետ. փաստաթուղթը դա չի արգելում:

Ա. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30