Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՄ ԵՎ ՈՉ ԹԵ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ԻՆՁ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ»

Նոյեմբեր 03,1998 00:00
Hovik Agazaryan

Ասում է հեռացված դաշնակցական, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին նախագահ եւ ԳԽ նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանը

Դաշնակցության վերջին հանրահավաքին ներկա էր նաեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ որոշմամբ շարքերից հեռացված Հովիկ Աղազարյանը։ Նրա հեռացումը մամուլում դիտվել էր որպես ներկուսակցական հակասությունների արդյունք, եւ մենք փորձեցինք պարզել, թե արդյոք դա՞ է իրական դրդապատճառը։

Հովիկ Աղազարյանը նախ պատասխանեց մեր հարցին, թե փորձելո՞ւ է վերականգնվել ՀՅԴ շարքերում. «Անպայման։ Մեր կանոնագրով նախատեսված կարգով 1-2 հնարավորություն կա եւ դրանցից անպայման օգտվելու եմ»։ Ապարդյուն էր մեր փորձը՝ իմանալու հեռացման իրական հիմնավորումները. «Ճիշտն ասած, չեմ կարող դրանք ներկայացնել՝ ներկուսակցական գաղտնիքներ են։ Ես էլ այս պահին ուղղակի չեմ կարող այդ մանրամասները պատմել։ Իրոք, դրանք մեր ներքին խոհանոցի հարցերն են, եւ ուրիշներին շատ չպիտի հետաքրքրեն, էլի»։ Սակայն «Օրագրի» եւ «Իրավունքի» հրապարակումներից դատելով՝ այս հեռացումների խնդիրը բավական հետաքրքրահարույց է։ Պրն Աղազարյանը ցանկացավ անդրադառնալ «Իրավունքի» վերնագիր դարձած պնդմանը, թե «ՀՅԴ-ն այլախոհություն չի հանդուրժում»։

«Գուցե ճիշտ կլիներ օգտագործել տարակարծությո՞ւն բառը։ Թե չէ, ոչ մի կուսակցություն այլախոհություն չի ընդունում։ Եթե այլախոհ ես, այսինքն այդ ծրագրերին ու գործելակերպին դեմ ես, ուրեմն ուրիշ պատկերացումներ ունես ու չպիտի այդ կուսակցության մեջ լինես։ Այսինքն, դա իրականությանը չի համապատասխանում։ Թերթերում, օրինակ, գրում են, թե ես դեմ եմ եղել Գերագույն մարմնի իրականացրած քաղաքական կուրսին։ Կարող եմ ասել, որ դա ճիշտ չէ։ Առանձին հարցեր չհաշված՝ ես ընդհանուր առմամբ կիսում եմ մոտեցումները, որոնք այսօր կան՝ ե՛ւ Ռոբերտ Քոչարյանին, ե՛ւ նրա վարած քաղաքականությունը պաշտպանելու իմաստով։ Այսինքն, թերթերում այս առնչությամբ մեկնաբանությունները իրականությանը չեն համապատասխանում։ Իսկ այն, ինչ իրոք եղել է՝ դեռ նույնիսկ ինձ համար էլ է կասկածելի, որ դրանք կարող էին հիմք հանդիսանալ ինձ հեռացնելու համար։ Եվ այդ պատճառով ես բողոքում եմ եւ ոչ թե խնդրում եմ ինձ վերականգնել։ Սակայն, կրկնում եմ, այս ամենը դեռ ինձ համար էլ այդքան պարզ չէ, թե այդ պատճառները որքանո՞վ են ճիշտ կամ հստակ։ Նաեւ այս ամենը նկատի առնելով՝ դեռ իմաստ չունի հիմնավորումների մասին խոսել»։

Դրդապատճառներից մեկի մասին մամուլում չի գրվել։ Հովիկ Աղազարյանի հեռացումը պայմանավորում են Գառնիկ Իսագուլյանի հետ մտերմությամբ։ Եվ անգամ կանխատեսումներ կան, թե ՀՅԴ-ից այս նոր հեռացվածները անդամագրվելու են «Ազգային անվտանգություն» կուսակցությանը։ Հովիկ Աղազարյանը ծիծաղեց. «Դե գիտեք ինչ, մի ժամանակ որոշ քաղաքական ուժեր եւ շրջանակներ տարածում էին, թե ես իբր Գառնիկ Իսագուլյանի թշնամին եմ։ Հիմա էլ երեւի նպատակահարմար է հակառակ լուրերը տարածել, որ ես Իսագուլյանի հետ մտերմացել եմ կուսակցություն հիմնադրելու համար։ Իրականությունը միայն այն է, որ Գառնիկ Իսագուլյանն ինձ հետ էլ է իր կուսակցության մասին խոսել։ Դա իր գործն է, քաղաքականության եւ կուսակցականության վերաբերյալ իր պատկերացումների արտահայտությունը։

Անձամբ ես եթե չհաջողեմ ՀՅԴ շարքերում վերականգնվել, այլեւս ոչ մի կուսակցության չեմ անդամագրվի կամ հիմնադրի։ Իմ պատկերացումների շրջանակում այս գաղափարների կողքին կմնամ եւ հնարավորությանս սահմաններում կպայքարեմ դրանց իրականացման համար։ Ի դեպ, ի տարբերություն շատ-շատերի՝ բացի Հայոց համազգային շարժումից (ոչ կազմակերպության) այլ կուսակցության մեջ երբեք չեմ էլ եղել։ Իմ տեսակետները, դիրքորոշումները առավելագույնս համընկնում են ՀՅԴ-ի հետ, եւ ողջունում եմ դրա գործելակերպը եւ կանոնագիրն ընդունում եմ մինչեւ վերջին կետը։ Գտնում եմ, որ որոշ դրույթներ արդեն ինչ-որ իմաստով կարող են ոչ նպաստավոր դառնալ կուսակցության եւ ակտիվ ընկերների համար։ Եվ նույն կանոնագրով նախատեսված ճանապարհով փորձելու եմ այն փոփոխել եւ ավելի արդիականացնել։ Դրանից դուրս ոչինչ չեմ անի»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30