Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՉԵՄ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԽՈՐԱՄԱՆԿ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ»

Նոյեմբեր 03,1998 00:00
Albert bagdasaryan

 Զրույց «Ազգային առաջադիմություն» կուսակցության ղեկավար Ալբերտ Բաղդասարյանի հետ

Նախկինում ընդդիմադիր, այժմ իշխանություն ներկայանալ ճգնող մի քանի կուսակցություններ իրենց մաքրությունն ու ազնվությունն ապացուցելու համար փորձում են սահմանագիծ անցկացնել նախորդ եւ ներկա իշխանությունների միջեւ։ «Ազգային առաջադիմություն» կուսակցության նախագահ Ալբերտ Բաղդասարյանն ինչպես 1996-ին, այնպես էլ 1998-ին պաշտպանեց Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։ Նա չդարձավ նախագահի խորհրդական, եւ նրան չեն հետաքրքրում ՔԽ-ում ռոտացիայի հարցերը։ Նախկին եւ ներկա իշխանությունների նմանությունների ու տարբերությունների եւ նրանց քաղաքական գնահատականի համար ավելի հարմար գտանք դիմել Ալբերտ Բաղդասարյանին։

– Ինչո՞վ են բնութագրվում ցանկացած հասարակության մեջ գործող իշխանությունները. գործող անձանցո՞վ, նրանց կենսագրականով եւ հավատամքո՞վ, իրականացվող քաղաքականությա՞մբ։

– Գործող անձինք նույնն են, միայն թե նախորդ իշխանությունների ժամանակ կատարող, մտածող էլ չէ, արհեստավարժ անվան տակ մի քիչ առաջ են եկել։ Եթե խոսենք առաջին դեմքերի մասին, ապա Ռոբերտ Քոչարյանը ՀՀՇ վարչության նախկին անդամ է, ԳԽ պատգամավոր, ԼՂՀ նախագահ եղած ժամանակ չի իրականացրել մի քայլ, որը հակընդդեմ լիներ Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Նա որպես ԳԽ պատգամավոր կողմ է քվեարկել ոչ լեգիտիմ Սահմանադրությանը։ Վազգեն Սարգսյանը նույն գործառույթներով եւ լծակներով գործում էր նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Մինչեւ Տեր-Պետրոսյանի իշխանության սասանումը ես չեմ հիշում մի դեպք, որ նա հակադրվեր Տեր-Պետրոսյանին։ Շատերը Սերժ Սարգսյանին էլ են համարում այդպիսին, սակայն դա դեռ շուտ է։ Նա լծակներով է եղել առաջինը, սակայն երբեք ինքնուրույն որոշումներ չի կայացրել։ Իսկ նախորդ ռեժիմի կատարողները փորձելու են ընդօրինակել իրենց նախկին ղեկավարներին։ Ընդօրինակումները սովորաբար անհաջող են, լավագույն դեպքում՝ հաջող։

Գաղափարախոսության առումով, ես չեմ կարծում, որ նշված եւ չնշված անձինք մինչեւ փետրվարի 3-ը այլ գաղափարախոսություն էին կրում, որը փետրվարի 3-ից հետո կտրուկ փոխվեց։ Այն հանցավոր քաղաքականությունը, որը կար, այժմ էլ շարունակվում է։ Հատկանշական է, որ կառավարություն մտած երկու դաշնակցականներն էլ սառեցրին իրենց պատկանելիությունը։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ էլ էր նույնը. դաշնակցականները, անկախականները, հակալեւոնականները փոխում էին իրենց հավատամքը եւ արժանանում բարեհաճության։ Ինձ որեւէ մեկը չի կարող ասել, որ կառավարության մեջ եղած դաշնակցականները իսկապես դաշնակցական են, քանի որ ՀՅԴ-ն նրանց համար պատասխանատու է։ Իսկ նրանցից մեկի տեղակալը ՀՀՇ-ական է, եւ ՀՀՇ-ն էլ պատրաստ է պատասխանատվություն կրել նրա վարած քաղաքականության համար։ Եթե օրենքով մտածենք, միայն բանակում եւ իրավապահ մարմիններում ծառայողներն են, որ կուսակցական չպետք է լինեն։ Եթե մենք արդեն հասել ենք այնտեղ, որ կառավարությունը դիտարկվում է որպես բանակային ստորաբաժանումներից մեկը, ապա ինձ համար հասկանալի է։

Նույնը կարելի է ասել ապօրինի ԱԺ-ում «Հանրապետություն» խմբակցությունում հայտնված մարդկանց մասին, որոնք իրենց փայն ունենալու համար մտան մի ուրիշ խմբակցություն՝ բոստանի իրենց մասն ունենալու համար։ Այսինքն՝ նորից նույն շահամոլ եւ անգաղափար մարդիկ են։ Մամուլի մասին չեմ ուզում խոսել, չթշնամացնելու համար։ Վարվող քաղաքականության մասին։ Արշակ Սադոյանը բարձրացնում է կոնյակի գործարանի վաճառքի թեման։ Նրան միանում են Եգորյան Էդիկը, Խաչատրյան Վահագնը եւ ուրիշներ, որոնք մեծ լումա ունեն ՀՀՇ-ի եւ Շարժման, սեփականաշնորհման գաղափարի վարկաբեկման գործում։ Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը «Հրազդանմաշը» սեփականաշնորհում էր իր եղբորը, երեկվա ընդդիմադիրներն ասում էին, որ դա երկիրը ծախել է, սիոնիզմին ու հրեաներին ծառայել, մութ ուժերի պատվեր։ Այսօր Արշակ Սադոյանի բարձրացրած հարցին պատասխանելու փոխարեն պատասխանում են նրան միացած Եգորյան Էդիկին, ասելով. «Լա՞վ էր, որ դու էիր թալանում»։ Ես դա հասկանում եմ, որ ժամանակին դուք եք թալանել, այժմ էլ լավ ենք անում՝ մենք ենք թալանում։

Այժմ ասվում է, որ կոնյակի գործարանի վաճառքը դարի լավագույն գործարքն է. եթե մտածում են, որ մյուս գործարքները այդպես չեն բնորոշվել, չարաչար սխալվում են։ Նշանակում է, եթե այսօր լավ է, պետք է կարծել, որ երեկ էլ էր լավ, եւ ճիշտ հակառակը։ Ղարաբաղի հարցում. եթե չլիներ վարչապետի ստորագրած փաստաթուղթը, կարելի էր ասել, որ զբաղվում ենք քաղաքական շահարկումներով։ Բայց իրենց կյանքը մոսկվաներում ու ամերիկաներում անցկացրած արհեստավարժները մեզ բացատրում են, որ մենք հայերեն չգիտենք, որ պետք է գրածը չհասկանալ, այլ այն, ինչ մենք կասենք։ Մեկ տարի առաջ նույն մարդիկ ասում էին, որ Տեր-Պետրոսյանի «Պատերազմ եւ խաղաղությունը» Լենինի գործերին հավասար պատմական արժեք ունի, եւ ապացուցում էին նրա տառի եւ ոգու ճշմարտացիությունը։ Հետո հասկացան, որ իրենք չարաչար սխալվում են։ Այժմ էլ ստորագրելով այդ հոդվածին համահունչ փաստաթուղթ, ասում են, որ դա Ղարաբաղի համար շատ լավ է։

– Ինչպե՞ս ստացվեց, որ Ձեզ համար տարբերություն չկա, իսկ Ձեր երեկվա դաշնակիցների համար՝ կա, եւ այսօր նրանք դնում են այդ տարբերության սահմանը։

-Պատճառը բարոյահոգեբանական է։ Բոլորը գիտեին, որ ՍԻՄ-ը ձեռքերը եւ խիղճը մաքուր տղերքի խումբ է, որոնք դեմ են կեղծիքին, հաշվի են առնում ժողովրդի կարծիքը եւ պատրաստ են պայքարել դրա համար, եւ հանկարծ հայտնվում են իշխանության ճամբարում։ Այժմ էլ հայտարարում են, որ պատասխանատու չեն իրականացվող քաղաքականության համար։ Պատմության մեջ այդպիսի լուրջ դեպք հայտնի չէ, որ դու աջակցես մեկին, պայքարես նրա համար, բերես իշխանության, հետո հայտարարես, որ պատասխանատու չես իրականացվող քաղաքականության համար։ Ուղղակի իշխանությունները հասան 1995 թվականից իրենց առաջ դրված նպատակին. Հայաստանում վերացնել քաղաքական դաշտը։ Սա ավտորիտար, մի հոգու կողմից կառավարվող երկիր է, որտեղ կան խամաճիկ կուսակցություններ։ Օրինակ՝ ռամկավարները, որ թեւն էլ լինի, ասում են՝ դատապարտենք նախորդ իշխանություններին, երբ պաշտպանել են Լեւոն Տեր-Պետրոսյանին բոլոր ընտրություններում եւ նրա բոլոր թեզերը։ Ռամկավար թեւերի պայքարն այն էր, թե ով է ավելի լավը Տեր-Պետրոսյանի համար։

Այժմ տնտեսական քաղաքականություն է իրականացվում, ոչ ոք ոչինչ չի ասում, քաղաքականի մասին ոչինչ չի ասվում, Ղարաբաղի մասին չի ասվում, ասում են՝ եկեք գնահատենք նախկին իշխանություններին, դրանով անուղղակի տալով իրենց գնահատականը։ Նրանք ասելու են. մենք գործադիր լծակ չունեինք, մենք խորհրդական էինք, մոռանալով, որ խորհրդականի ինստիտուտով ժողովրդի մեջ սպանվեց հավատը։ Փաստորեն ստացվում է, որ պայքարը ոչ թե ընդհանուր բարօրության, այլ այդ տեղի համար էր, որն ավելի ցածր է այն տեղից, որի համար Տեր-Պետրոսյանի ժամանակ պայքարում էին լիբերալ-դեմոկրատները։ Ստացվում է՝ բոլոր քաղաքական գործիչների կյանքի երազանքը չինովնիկությունն է։

– Բայց չինովնիկ դարձավ նաեւ ԱԱ-ի դաշնակից ԱԺՄ-ի լիդերներից մեկը։

– Ուզո՞ւմ եք ցույց տամ, որ ես էլ արհեստավարժ եմ, եւ կարող եմ երկակի ստանդարտներ կիրառել, եւ ապացուցել, որ սեւը սպիտակ է (ծիծաղում է)։ Ես ինձ համար մի համեմատություն ունեմ, մի քաղաքական ընկերոջ հետ էլ այդպես պատահեց։ Նա սկզբում ասում էր մի բան, հետո ուրիշ բան արեց, որը ես ոչ մի կերպ չեմ կարողանում արդարացնել։ (Թեեւ պարոն Բաղդասարյանը հրաժարվեց անուն նշել, բայց ենթադրվում է, որ չներված ընկերը Խաչիկ Ստամբոլցյանն է)։ Նույն ձեւով այժմ ես բացատրություն չունեմ, եւ գնահատում եմ ոչ ճիշտ։ Եթե մեկ տարի հետո պարզվի, որ նվաստս չի տեսել այդ քայլի հետեւում կանգնած շատ նուրբ պահերը, ապա այսօրվա ասածիս համար կափսոսամ։ Այդ նույն տրամաբանությամբ կարելի է մոտենալ Հրանտ Խաչատրյանին, Արամ Սարգսյանին կամ Վահան Հովհաննիսյանին։ Ճիշտ է, այդ ձեւով ասում էին ՀՀՇ-ում, որ եթե շեֆը ասում է՝ պետք է անել, որովհետեւ նա ամեն ինչ գիտի։ Սակայն պարզվում է, որ նրանք եթե ճիշտ գլխի ընկնեին, այն ժամանակ երկրապահ կդառնային։ Միայն իշխանափոխությունից հետո հասկացան, որ շեֆը այնքան էլ ամեն ինչ չգիտի։

-Շարքային քաղաքացու դիրքերից. ինչ երաշխիք, որ այսօր արմատական դիրքերից հանդես եկողները, նաեւ Ալբերտ Բաղդասարյանը, վաղը չեն դառնա խորհրդական, եւ չի ասի, որ իր խորհրդական դառնալով իշխանությունը վերափոխվեց դեպի լավը։

-Ոչ մի երաշխիք։ Շարքային քաղաքացին լիիրավ իրավունք ունի այդպես մտածելու։ Մենք 1996 թ. նկատմամբ մի քայլ էլ հետ գնացինք, որովհետեւ տեսանք, որ այս մարդիկ տանկերի դեմ են գնում ոչ թե ընդհանուր բարօրության համար, այլ խորհրդական դառնալու համար։ 1999 թ. ընտրությունների ժամանակ եթե մեկն ուզենա քարոզարշավ անել, գնա մի անծանոթ գյուղ կամ քաղաք, ասի, որ ես այսպես կանեմ, այնպես կանեմ՝ կծիծաղեն, կասեն՝ կանխիկ, այժմ, նախորդ անգամ 10 դոլար էր, սերմացու էր, իսկ ով խոստացավ, գնաց, կորավ։ Կարելի է մտածել, որ կարելի է ընդունել խաղի կանոնները արդի կանոններով՝ խաբեությամբ հասնել իշխանության, հետո բարեփոխել այն։ Բայց դա հեքիաթ է, այդ ճանապարհով դու եւս դառնում ես այդ համակարգի մի մասը, այսինքն՝ ես չեմ ընդունում նաեւ խորամանկ հերոսներին։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30