Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ի ԿՈՂՄԻՑ ՄԵՂԱԴՐՎԱԾՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ

Նոյեմբեր 03,1998 00:00
hyd

Այն կուսակցությունը, որն ամենաշատն էր տուժել իրավաբանորեն չապացուցված մեղադրանքներով քաղաքական հայտարարություններից՝ իշխանության լծակներին մասնակի տիրանալով, նո՛ւյն գործելակերպն ընտրեց ընդդիմադիրների հետ հաշվեհարդարի համար։ Ի դեպ, հանրահավաքում «թալանչիների եւ կեղեքիչների» անունների կամ Վահան Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ «թիրախների» ընտրությունը եւս մի ապացույցն էր այն իրողության, որը համառորեն հերքում են ՀՅԴ անդամները, այս կուսակցությունը իշխանությանը մաս էր կազմում՝ այլապես վարկաբեկիչ տվյալները միայն ներկա իշխանության հակառակորդներին չէին վերաբերի։ Հարկ է նշել նաեւ, որ այս գործելակերպը հատուկ էր նաեւ հրապարակված ցուցակի 11 հոգուց շատերին (ինչ արժեր միայն «Հայաստանի Հանրապետութեան» «Սրբերի թայֆա» հրապարակումը՝ ԱԺՄ-ականների վերաբերյալ համանման տվյալներով)։

Վաչագան Հարոյան. «Ինձ մի մեղադրանք էր ներկայացվել, որ ես հանրապետության միակ շահույթով աշխատող գործարանը զրոյի եմ հասցրել։ Բացարձակ սուտ է։ Վիճակագրության պետական վարչությունում համապատասխան թվեր կան՝ լրագրողական հետաքննություն անցկացրեք, 1993-ին եւ հետագա տարիներին այդ գործարանի վիճակի վերաբերյալ թվերն ու տվյալները համեմատեք։ Պատրաստվում եմ իրավապահ մարմիններին դիմել։ Այլապես ստի համար անպատիժ մնալով հեռու չենք գնա» (ի դեպ, այս առնչությամբ ՀՅԴ-ին ԱԺ ամբիոնից ստախոսության մեջ մեղադրեց նաեւ Էդվարդ Եգորյանը.- Ա. Ի.)։

Երջանիկ Աբգարյան. «Նախ, ինչ-որ մի անմեղսունակի հայտարարությունը չեմ կարող մեղադրանք համարել։ Այնուամենայնիվ, ես ըստ երեւույթին դատարան կդիմեմ՝ դեռ վերջնական որոշում չեմ կայացրել։ Այդ բանսարկությունն այնքան անհեթեթ է ձեւակերպված, որ ինձ համար դժվար էլ է դրան լրջություն հաղորդելը։ Կարծում եմ, որ սա քաղաքական հետապնդման տարրական ձեւ է։ Երբ իշխանություն ես վերցնում եւ ձախողվում ես ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին քաղաքականության մեջ՝ սկսում ես մեղավորներ փնտրել։ Հայկական հին հիվանդություն է՝ մեր բոլոր դժբախտությունների մեջ ուրիշներին մեղադրելը։ Չեմ կարող ասել, թե սա համընդհանուր տեռորի անցնելու նշան է, բայց այս հայտարարությունները այդօրինակ լուրջ նշանակություն ունեն։ Եվ եթե այդպես է՝ շատ ցավալի է։ Վերջին հաշվով, մենք ժողովրդավարության էինք ձգտում, իսկ դրա պայմաններում, եթե որեւէ անհատ կամ կուսակցություն որեւէ փաստ ունի, որը կարող է մեղադրանքի հիմք լինել ինչ-որ մեկի դեմ, պարտավոր է դա անպայման իրավապահ մարմնի միջոցով իրականացնել։ Սրա փոխարեն ամբոխավարական քայլ է կատարվել՝ մարդկանց գրգռում են որոշակի անձերի դեմ՝ նպատակ ունենալով նրանց քաղաքական պայքարից դուրս մղել»։

Լեւիկ Խաչատրյան. «Երեւի ես էլ դատարան դիմեմ։ Բայց մինչ այդ, երիտասարդ դաշնակներին ուղղակի խորհուրդ կտայի, որ կառավարության որոշումները մի քիչ կարդան։ Եթե զգամ, որ դրա կարիքը կա՝ առանձին մանրամասն պարզաբանումներ էլ կարող եմ ներկայացնել»։

Տեր Հուսիկ Լազարյան. «Փաստեր չկային՝ պարզ զրպարտություն էր։ Եթե մենք հանցագործություն ենք կատարել՝ դատական մարմիններ կան, թող կոնկրետ քրեական գործեր հարուցեն եւ փորձեն պատասխանատվության ենթարկել։ Իսկ հանցագործություն թաքցնելն արդեն իսկ հանցագործություն է։ Կարծում եմ, քաղաքական հալածանքների փուլ է սկսվում Հայաստանում, եւ այս անհիմն հայտարարությունները քաղաքական նշանակություն ունեն՝ պետք է մթնոլորտը պղտորել, որ հեշտ լինի քաղաքական հետապնդումները հիմնավորել։ Ես համարում եմ, որ այս ամենը նախագահն է կազմակերպել, քանզի հանրահավաքում ելույթ ունեցավ եւ այդ հայտարարությունների հիմքը դրեց նախագահի խորհրդականը։ Այդ հայտարարությունների բովանդակությունից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ Հայաստանում իրենցից բացի ոչ ոք իրավունք չունի որեւէ գործ անել, իսկ իրենց ամեն ինչ թույլատրելի է։ Բազմաթիվ նման հայտարարություններ են արվել՝ էլ մարդասպանության, էլ չգիտես ինչ հանցագործությունների մասին, որոնց իրավապահ մարմինները չեն արձագանքում։ Ես այժմ էլ կդիմեմ դատարան, բայց առանձնապես ակնկալիքներ չունեմ»։

Արա Սահակյան. «Հանրահավաքն, ըստ էության, պետությունն էր կազմակերպել։ Հնարավոր են ամենամռայլ զարգացումներ։ Ես ելնում եմ պատմության նախադեպերից՝ 18-րդ դարավերջի Ֆրանսիա, 19-րդ դար՝ Լատինական Ամերիկա, 20-րդ դարի 30-40-ականների Գերմանիա, Իտալիա, ԽՍՀՄ, 60-ականների Չինաստան… Սակայն անտիուտոպիան հնարավոր է, թեեւ քիչ հավանական թեկուզ այնքանով, որ մեր դեպքում հիմնված է աղքատության, գործազրկության, պատերազմի պատճառով գլուխ բարձրացնող նսեմ բնազդների վրա եւ չի բխում օրենքի, ժողովրդավարության, բարեկեցության հաստատման համամարդկային ձգտումներից»։

Աշոտ Բլեյան. «Շաբաթ օրը Ազատության հրապարակում ՀՅԴ-ն ինձ դասեց ազգային հարստությունը վերջին 7 տարում կողոպտելու ճանապարհով հարստացածների առաջին տասնյակում։ Բացի իմ անուն-ազգանունից՝ իմ մասին հնչածի մեջ ճշմարիտ ոչինչ չկար։ Բռնության ու կաստայական-կուսակցական հաշվեհարդարի կոչ էր դա, որպես բացառում Հայաստանում սահմանադրական կարգի գոյության։ Ազգային հարստության՝ իբր իմ յուրացրած օբյեկտները, բոլորը, համեցեք՝ ազգայնացրեք ու մուտքագրեք պետական բյուջե՝ Դաշնակցության նշած անվանացանկով ու հասցեով։ Խնդրեմ, թող «Առավոտը» տպի այդ ցանկը՝ ի լուր հասարակության։ Իսկ դասագրքերի տպագրության ընթացքում 1995-96 թվականներին իմ՝ իբր յուրացրածի կամ պետությանը պատճառած վնասի մասին ոչինչ չեմ ուզում ասել՝ մինչեւ Երեւան քաղաքի դատախազը եւ ՆԳՆ 6-րդ վարչությունը վերջապես ավարտեն իրենց հետաքննությունը, որը չգիտես ինչու ձգձգվում է տարիներ շարունակ, փուլ առ փուլ՝ իմ քաղաքական ակտիվությանը զուգահեռ սաստկանալով»։

Պետրոս Մաքեյան. «Դաշնակցության 30.10.98 թ. հանրահավաքում իմ հասցեին հնչած հերյուրանքները կազմակերպված են իշխանությունների կողմից եւ կապված են պատգամավորական մեր խմբի ակտիվ ընդդիմադիր կեցվածքի հետ։ Շիրակի փոխմարզպետ աշխատելիս շինարարության հետ ոչ մի կապ չեմ ունեցել, եւ այն կոորդինացրել է մարզպետը, որը դժվար չէ ճշտել։ Դպրոցների վերաբերյալ ասվածը պարզ սուտ է։ Դրանում կարելի է համոզվել Արթիկի նախկին շրջանի գյուղերի դպրոցներն այցելելով (որտեղ գործկոմի լուծարումից հետո ոչ մի վերանորոգում չի կատարվել), զրուցելով դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների հետ, համեմատելով դպրոցների վիճակը հանրապետության ցանկացած մարզի դպրոցների հետ։ Սա կլինի այդ զրպարտության պատասխանը։ Արթիկում շինարարությունը Չոբանյանի ղեկավարությամբ կատարվել է հիմնականում 1995 թ. (մարզերը դեռեւս ձեւավորված չէին)։ Նա արժանացել է գնահատականի, որովհետեւ ծանր ֆինանսական պայմաններում կատարել է նախատեսված ծրագրերը։ 1995 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, Արագածի փեշերին, ծովի մակարդակից 3000-3400 մ բարձրության վրա աշխատանքները կազմակերպվում էին գիշերային եւ ցերեկային հերթափոխով։

Մանթաշի ջրամբարի տնօրեն պրն Մովսիսյանը (նախկին շրջգործկոմի նախագահ) իմ բարեկամը չէ։ Նրա հետ ծանոթացել եմ 1991 թվականին։ Արթիկի նավթաբազան, սկսած 1994 թվականից, գրեթե չի գործում, որի պետ՝ իմ բարեկամը նշանակվել է, կարծեմ, 1997 թվականին։ Այն ժամանակ, երբ ես արդեն ընդդիմություն էի Լեւոն Տեր-Պետրոսյանի վարչախմբին։ Հանրապետության ծանր տարիներին՝ 1992-94 թթ., երբ մայրուղիները քանդվում էին ճանապարհների պահպանության եւ վերականգնման համար հատկացված գումարների փոշիացման պատճառով, Արթիկի «Ճանապարհշին» միավորումը Արթիկի նախկին շրջանում կատարել է շուրջ 60 կմ ասֆալտապատման աշխատանքներ։ Իմ բարեկամը (փեսան) ոչ միայն այդ տարիներին, այլ դեռեւս 1980-ական թվականներից աշխատել է այդ ձեռնարկությունում, որպես գլխավոր մեխանիկ, իսկ 1995 թվականից՝ «Հայավտոճան» միավորման կողմից նշանակվել է տնօրեն։ Դաշնակցություն կուսակցության ղեկավարներին, որպես իշխանության կրողների, որոնք իրադրության փոփոխման հիմնավորմամբ ազատված են, բայց ոչ արդարացված, խորհուրդ կտայի հասկանալ. հնարավոր չէ օր-օրի հեղինակազրկվող կուսակցության վարկանիշը փրկել զրպարտության, վրեժխնդրության եւ արյան կոչերով»։

Շահեն Պետրոսյան. «Քանի որ նման մեղադրանք հնչել է մտավորականների հետ Ռոբերտ Քոչարյանի հանդիպման ժամանակ՝ այն ժամանակ նրան պատասխանել էի «Առավոտի» միջոցով եւ ասել, որ չարությունը տգիտության արդյունքն է։ Իսկ այժմ Քոչարյանի շնիկներին պատասխանելու կարիքը չունեմ՝ շների լեզուն չեմ հասկանում։ Ոչ էլ դատարան կդիմեմ, ի՜նչ կարիք կա։ Իսկապես որ Քոչարյանի համար երեք նամակ գրելու ժամանակն է՝ եթե այլ անելիք չունի այս երկրում»։

Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Հ.Գ. «Հանրապետություն» խմբակցությունը հայտարարություն է պատրաստում՝ Դաշնակցության հոկտեմբերի 30-ի հանրահավաքի առնչությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30