Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԻ ՀԵՏ, ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ

Նոյեմբեր 03,1998 00:00
Vasak Darbinyan

Վերջապես Դաշնակցությունը բացատրեց ժողովրդին, թե ինչու է ժողովուրդը վատ ապրում։ Հրապարակեց անուններ, որոնք, Արշակ Սադոյանի բառերով՝ «ծծում են ժողովրդի արյունը»։ Կասկած չկա, որ Դաշնակցությունն իր լուսավորչական-բացատրական աշխատանքներն անելու համար գերադասել է փուլ առ փուլ տարբերակը. առաջին փուլում տրվեց 11 թալանչու, արյուն ծծածի անուն։ Ու թեեւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը տարակուսեց, որ նրանք «դեռեւս շարունակում են ապրել»՝ բայց ՀՅԴ-ն մեծահոգի է. ոչ միայն նախորդ իշխանությունների նման ստոր չգտնվեց ու չձերբակալեց այդ 11-ին, այլեւ հնարավորություն տվեց արդարանալ, անգամ՝ դատարան դիմել։

Հանրահավաքի թեմատիկ պլանում առաջադրված հարցերի լուծման հաջորդ փուլերում, անշուշտ, կհրապարակվեն այլ անուններ, որոնց հանցավոր գործունեությունը կորակվի իբրեւ մեր թշվառ ու անտեր հայրենիքի ողբերգական վիճակի, իբրեւ մեր խեղճ ու կեղեքված ժողովրդի դժբախտությունների միակ պատճառ։ Ու մեր իմաստուն ժողովուրդը վերջնականապես կհամոզվի, որ նրանք՝ «Լեւոն Տեր-Պետրոսյանի չարագործություններին աջակցած մարդիկ» ապրելու իրավունք չունեն։

Իր իմաստուն բնազդով ժողովուրդը նաեւ կհասկանա, որ ի տարբերություն սույն չարագործների, թալանչիների, արյուն ծծածների՝ դաշնակցական Վահան Հովհաննիսյանն, ասենք, ապրում է համեստ աշխատավարձով։ Որ ներկա իշխանավորներն անխտիր բոլորը սրբակենցաղ են։ Որ թե՛ նախկինում, թե՛ այժմ պետական բարձր պաշտոն վայելողների խելքները իրենցը չի՝ ժողովրդի համար բարեկեցիկ ու արժանապատիվ կյանք ապահովելու համար։ Որ նախագահը, վարչապետը, մարզպետներից՝ հատկապես Արագածոտնինը, նախարարներից՝ դիցուք, ուժայիններն իրենց զրկում են աշխարհիկ բոլոր վայելքներից ու մի կերպ ծայրը ծայրին են հասցնում։

Մի խոսքով, Դաշնակցությունը կբացատրի, ու մենք կհասկանանք, որ Պետրոս Մակեյանը թալանչի է, Հրայր Կարապետյանը՝ վեհանձն, որ Երջանիկ Աբգարյանը մաքսանենգ է, ՀՅԴ իշխանավորները՝ թմրաբիզնեսի դեմ պայքարի առաջամարտիկ, որ Արա Սահակյանը խոշոր սեփականատեր է, իսկ, օրինակ, Խոսրով Հարությունյանը՝ սեփականազուրկ, որ Դավիթ Շահնազարյանը ռեկետյոր է, իսկ Գագիկ Մարտիրոսյանը հազիվ է ընտանիք պահում։ Կհասկանա մեր իմաստուն ժողովուրդը, որ նրանք՝ հները, սարսափելի հանցագործներ էին, իսկ սրանք՝ նորերը անմեղ հրեշտակներ են, բարեգործներ, սրբեր։ Ուստի հանցագործների հետ դատաստան կտեսնի մեր իմաստուն ժողովուրդը եւ կերկրպագի սրբերին։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30