«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր պրն Ա. Աբրահամյանին
Մեծագույն զարմանք է հարուցում ձեր թերթի 1998 թ. հոկտեմբերի 24-ի համարում տպագրված «Անմարդկային կատակերգություն» հոդվածը, որում առնվազն զավեշտալի են հնչում հոդվածագրի դատողությունները, երբ նա, հղում կատարելով ՀՀ վարչապետի մոտ կայացած խորհրդակցության արձանագրությանը, բավական «խորիմաստ» եզրահանգումներ է անում ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի գործունեության վերաբերյալ (այն համեմելով անպարկեշտ արտահայտություններով)՝ առանց իրեն ծանրաբեռնելու հարցի ավելի խոր ուսումնասիրությամբ։
Մ. ՄՈՎՍԵՍՅԱՆ
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ
Կարդացեք նաև
ՀՀ էներգետիկայի հանձնաժողովի նախագահ հարգելի պրն Վ. Մովսեսյան ջան, մինչեւ պատասխանիս բուն տողերին հասնելը, թերթի ընթերցողներին հասկանալի լինելու համար ստիպված եմ հիշեցնել, թե ինչ հոդվածի առիթով եք զարմացած։
«Առավոտ» օրաթերթում հատվածաբար ներկայացված էր «Արձանագրություն N 123-129 ՀՀ վարչապետ Ա. Դարբինյանի մոտ կայացած խորհրդակցության» փաստաթուղթը։ Նույն փաստաթղթի հանձնարարականներ հատվածի 2-րդ կետն ուղղված է Ձեր հանձնաժողովին։ Մեջբերենք. «Առաջարկել ՀՀ էներգետիկայի հանձնաժողովին ՀՀ կառավարություն ներկայացնել հիմնավորող հաշվարկներ բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը 12,5% բարձրացնելու վերաբերյալ»։
Կարդալով այս տողերը՝ ես էլ Ձեզ նման զայրացել էի։ Ինձ էլ էր թվում, թե հանրապետության էներգետիկ հանձնաժողովը գոնե իրավաբանորեն անկախ է եւ հանձնարարական-առաջարկներ չպետք է ստանա։ Բայց Դուք փոխանակ հանձնաժողովի անկախության կանխավարկածը խախտողից նեղանաք՝ զայրացել եք «Առավոտի» լրագրողի վրա։ Նրան մեղադրելով անտեղյակության մեջ գրում եք, որ սակագները 12% բարձրացնելու որոշում ընդունել եք վարչապետի հանձնարարականը ստանալուց առաջ՝ սեպտեմբերի 28-ին։ Սիրով հավատում եմ, որ հենց այդ օրն եք որոշել «էլեկտրական էներգիայի միջին սակագնի մոտ 12% բարձրացման անհրաժեշտության մասին»- ինչպես գրված է Ձեր պատասխանում։ Սակայն թանկացման մասին N 46 որոշումն ընդունելով՝ Ձեր գրասենյակն այդ փաստի մասին որեւէ ինֆորմացիա, կարծես, չի հրապարակել։ Հանրապետության բնակչությունն առաջինը «Առավոտի» հրապարակումից է տեղեկացել սակագների բարձրացման մասին եւ տեղեկացել է վարչապետի մոտ կայացած արձանագրության հրապարակումից։ Տեղեկացել ու ըմբռնումով է մոտեցել։
Հիշեցնենք, որ մինչեւ Ձեզ վերաբերող 2-րդ կետին անցնելը 1-ին կետում վարչապետը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է ներկայացնել «տեղեկանք էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքում ՀՀ 1999 թ. պետբյուջեի եկամտային մասի աճի վերաբերյալ»։ Սա բնական է՝ գոնե Ձեր համար, որովհետեւ գրում եք. «հանձնաժողովը բնական է համարում ՀՀ կառավարության արձագանքը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման կանխատեսմանը» եւ, համենայնդեպս, հույս է հայտնում, որ «Առավոտի» հոդվածագրի դատողությունները պայմանավորված են լոկ նրա անտեղյակությամբ։ Նամակիս բուն տողերին անցնելով ուզում եմ հայտնել (հույս, էլի), որ 90-ական թթ. էներգետիկ համակարգում տիրող վիճակը բացառապես պայմանավորված է հոդվածագրի անտեղյակությամբ։ Հենց նույն պատճառով էլ Ձեր հանձնաժողովը պարբերաբար քննարկելու եւ բարձրացնելու է սակագները։
Սույն փաստը բարձր վճարովի մի քանի աշխատատեղ է ստեղծում։ Գործազրկության ներկա պայմաններում, սակայն, հոդվածագիրը շնորհակալություն չի ակնկալում, այլ ընթերցողներին առաջարկում է ըմբոշխնել Ձեր գրության վերջին նախադասությունը. «Իսկ ինչ վերաբերում է էներգետիկ համակարգում սակագների շնորհիվ բյուջեն համալրելու ՀՀ կառավարության մտադրությանը, ապա այդ բարձրացմամբ պայմանավորված համակարգի ընկերությունների հասույթի ակնկալվող ավելացումը ընդամենը ուղղվելու է նույն այդ ընկերությունների ծախսածածկմանը»։ Ճիշտն ասած, բոլորին թվում էր, թե հոսանքի դիմաց հավաքված փողն ուղղվելու է ալպինիզմի զարգացումը խթանելուն։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ