Կրթության համակարգն ակնհայտ ազգային նկարագիր է ստանում։ Հանրակրթական դպրոցներում դասավանդվող բոլոր առարկաները հնարավոր ու անհնար բոլոր մոտեցումներով ազգայնականացվում են։ Սա շատ կարեւոր խնդիր է եւ մեր կրթության ու գիտության նախարարությունը սկսել է տարրական դասարաններից։ Իսկապես, հո չի՞ կարելի թողնել, որ մեր երեխաները ապազգային մաթեմատիկա սովորեն։ Այս ազգանվեր մտահոգությամբ՝ նախարարությունը հաստատել է մաթեմատիկայի 2-րդ դասարանի դասագիրքը։ Այն ֆինանսավորվել է UNDP-ի միջազգային կազմակերպության կողմից։ Դասագիրքը տպագրության է պատրաստել «Վ. Հովհաննիսյան եւ ուրիշներ» ձեռնարկությունը։ Մեր հայրենակիցներին հաջողվել է բթացնել ՄԱԿ-ի գրասենյակի զգոնությունը. դասագրքում մաթեմատիկան բացառապես ազգային բովանդակություն ունի։ Երկրորդ դասարանցի հայ երեխային ռուս կամ բելառուս երեխայի նման չի կարելի վերցնել ու հարցնել. «Որքա՞ն է 6 անգամ 2-ի արտադրյալը»։
Եթե անգամ երեխան ճիշտ պատասխան տա, միեւնույն է, նա ճիշտ դաստիարակված հայ երեխա չի դառնա։ 1997 թ. տպագրված դասագրքի 61-րդ էջի թիվ 272 խնդիրը ազգային մաթեմատիկայի փայլուն օրինակ է։ Համոզվեք ինքներդ. «Հայաստանն ունեցել է այնքան մայրաքաղաք, որքան Էրզրում քաղաքի տառերի քանակի եւ 2-ի արտադրյալն է։ Ընդամենը քանի՞ մայրաքաղաք է ունեցել Հայաստանը»։ Նման խնդիրներ ձեւակերպելով, հայ մաթեմատիկոսներին հաջողվել է հերքել հայ պատմաբանների այն կեղծ գիտական պատկերացումը, որ Հայաստանը 13 մայրաքաղաք է ունեցել։
Պատմաբաններն, իհարկե, չհաշտվելով պարտության հետ, մաթեմատիկոսներին մեղադրում են, որ նրանք խնդիրը կազմելիս օգտագործել են Կարին քաղաքի թուրքական անվանումը եւ նոր խնդիրներ են առաջարկում ավելի բարձր դասարանների դասագրքերում ընդգրկելու համար։ Լավագույն առաջարկներից մեկը հետեւյալն է. «Զեյթունի ապստամբությունը ճնշելիս թուրքական բանակը հայկական գյուղերից քշել է այնքան խոշոր եղջերավոր անասուն, որքան «Գինի լից, ընկեր ջան, գինի լից» երգի տառերի քանակի եւ 3-ի արտադրյալն է։ Քանի՞ գլուխ անասուն են ունեցել Զեյթունի հայերը»։
Սույն բնույթի խնդիրները լուծող երեխան, վստահաբար կարելի է ասել, որ ոչ միայն մաթեմատիկա կսովորի, այլեւ կժառանգի մեր դարերի կորուստը։ Ազգը պետք է իմանա իր հերոսներին։ Քանի որ առաջարկվող խնդրի հեղինակի անունը հայտնի է, ներկայացնում ենք դասագրքի հեղինակների ցուցակը՝ Վաչագան Հովհաննիսյան, Արամ Աբրահամյան (չշփոթել «Առավոտի» գլխավոր խմբագրի հետ), Սուրեն Իսկանդարյան, Գեւորգ Ղարագեբակյան, Անահիտ Ղազարյան, Հռիփսիմե Պողոսյան։
Կարդացեք նաև
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ