Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԷՍ ՇԵՆՔԻ ՎՐԱ ՆԱՎՍ ԿԱ, ԻՍԿ ՇԵՆՔԻ ՏԱԿ՝ «ԲՐԱԲԻՈՆ»

Հոկտեմբեր 31,1998 00:00
Brabion

Սայաթ-Նովա թիվ 5 շենքին հարող «Բրաբիոն ֆլորա սերվիսը» բակի կողմից որոշել է ընդարձարկել իր տիրույթները։ Արդեն աշխատում են ժրաջան բանվորները. շարում են պատը, տեղահան են անում փոքրիկ հողակտորը եզրագծող բազալտե «բորդյուրները»։ Ու հաստատուն քայլերով գործը հասնում է 2 հաստաբուն ծառերին։ Շենքի բնակիչները՝ նկարիչ Էդվարդ Իսաբեկյանի գլխավորությամբ, նախ դիմել են հարցի խաղաղ կարգավորման բանակցային միջոցին։ Սակայն բանվորների ագրեսիվությունը՝ բախվելով վիրավորված բնակիչների ինքնասիրությանը, բանը հասցրել է «զինված ընդհարման»։

Պարոն Իսաբեկյանը քլունգով քանդել է արդեն շարված-պատրաստ պատը (որը հաջորդ օրն արդեն բանվորները թարմացրել են)։ Բնակիչները, որպես բողոքի նշան, մինչեւ մոխրանալն այրել են նաեւ բանվորների շարած ստվարաթղթե արկղերը։ Թեեւ հիմնականում շոշափվում է նկարիչ Իսաբեկյանի անունը (որի գլուխը բանվորներից մեկը՝ «հարգելով» տարիքը, չի պոկել), սակայն վրդովված են համարյա թե բոլոր բնակիչները։ Շենքի լիազորը «Բրաբիոնից» պահանջել է ցույց տալ շինարարության օրինականությունը հաստատող փաստաթուղթ։ Վերջինս ցույց չի տրվել այն պատճառով միայն, որ այն գոյություն չունի։ Սույն կարեւոր հանգամանքը ճշտեցինք Երեւանի գլխավոր ճարտարապետի օգնականից եւ քաղաքապետարանի ճարտարապետաշինարարական վերահսկողության վարչությունից։

«Բրաբիոնի» տնօրինությունը, ճիշտ է, նախագիծ ունի՝ տրված Կենտրոն թաղապետարանից, սակայն այն հաստատված չէ։ Ըստ Երեւանի գլխավոր ճարտարապետի օգնականի, «նման դեպքում շինարարությունն ապօրինի է»։ Շենքի բնակիչներին վրդովեցրել էր նաեւ այն լուրը, թե իրենց տանիքը շուտով սեփականաշնորհվելու է։ Կենտրոն թաղապետարանի «Կենտրոն» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Արտյուշա Մանուչարյանից ճշտեցի, որ նա ի պաշտոնե դեռեւս նման որոշման մասին ոչ լսել է, ոչ էլ գիտի։ Այս շինարարության պատմությունը թերեւս այսքան աղմկահարույց չլիներ, եթե մեջտեղում չհիշատակվեր Շահեն Կարամանուկյանի անունը, որն էլ, իբր, կանգնած է «Բրաբիոնի» մեջքին եւ «թեւ է տալիս»։ Այնպես որ, ավելորդ չհամարեցի նաեւ նրան դիմել։

Այս շենքում է ապրում Շահեն Կարամանուկյանը

– Սայաթ-Նովա թիվ 7 շենքում ապրում եմ արդեն մոտ 15 տարի։ «Բրաբիոնն» այդտեղ երեք տարի է։ Ընդհանրապես «Բրաբիոնի» հետ որեւէ առնչություն չունեմ, բացի նրանից, որ երբ առավոտյան տնից դուրս եմ գալիս, բարեւում եմ պահակներին։ Երեկոյան, երբ վերադառնում եմ՝ «բարի երեկո» եմ ասում։

– Հարեւանները, մասնավորապես նկարիչ Էդվարդ Իսաբեկյանը, այն կարծիքին են, թե դուք եք հովանավորում «Բրաբիոն» խանութը եւ խրախուսում եք խանութի ընդարձակմանը։

– Հերյուրանք է։ Ես չեմ ուզի որեւէ բան ասել, եթե Իսաբեկյանն է ասել… նա իմ կողմից շատ սիրված, հարգված նկարիչ-արվեստագետ է։ Եվ նրան չի սազում այդպիսի մերկապարանոց հայտարարություն անել։

– Այդ դեպքում ձեզ՝ որպես այդ շենքի բնակչի, չի՞ անհանգստացնում, որ ձեր բակում «Բրաբիոնը» ապօրինաբար իր տարածքներն է ընդլայնում՝ բակի հաստաբուն ծառերի հաշվին։

– Ծառերի հաշվին, կարծեմ, ոչ մի բան չի կատարվել։ Իսաբեկյանը բողոքել էր Բնապահպանության նախարարություն. պարզապես ծառի մի ճյուղը իմ եւ վերեւի հարեւանի պատշգամբ էր մտնում՝ բառացիորեն։ Եվ այդ ճյուղը կտրելու պատճառը սա էր։

– Այսինքն՝ չե՞ք հովանավորում այս ընկերությանը եւ տոկոսներ չե՞ք ստանում։

– Մեղա՜-մեղա՜, լա՛վ, էլի…

– Ձեր մասին ասում են նաեւ, որ «Նաիրի» կինոթատրոնի բինգոյից ամսական 5000 դոլար եք ստանում հովանավորչության դիմաց։

– Դա երեւի իմ մասին չէ: Որքան գիտեմ, համատերերից մեկը ապրում է մեր շենքում:

– Բացի տնից՝ որեւէ սեփականություն չունե՞ք։ Նկատի ունեմ՝ «օբյեկտ»։

– Տունն է, ուրիշ չունեմ։ Բացի այդ, 1983 թվից ունեմ «06» մակնիշի մեքենա:

– Պրն Կարամանուկյան, իսկ լսե՞լ եք, որ ձեր շենքի կտուրը ցանկանում են սեփականաշնորհել։

– Առաջին անգամ եմ լսում։

Այս շենքում ապրում է նաեւ Նադեժդա Սարգսյանը

Ժամանակին «Առավոտը» նամակ էր ստացել նույն շենքի բնակիչներից, բայց այս անգամ Նադեժդա Սարգսյանի «գծով»։ Տիկին Սարգսյանն էլ ցանկություն ունի իրեն պատկանող նկուղային հարկում գիշերային ակումբի պես մի բան բացել։ Երբ նրա հետ զրուցեցի, թեեւ հեգնանքով՝ բայց միտքս հաստատեց։ Պարզապես իր մտահղացումներն իրականացնելու նպատակով առայժմ միջոցներ չունի։ Ի դեպ, տիկին Նադեժդան չմոռացավ հիշատակել նաեւ «Բրաբիոնի» պարագան՝ ասելով. «Որ «Բրաբիոնը» սարքեցին, ինձ հարցրի՞ն՝ իմ դուրը գալի՞ս է, թե՞ ոչ»։ Այսինքն՝ հիմա նա էլ պետք է նույնը անի ու ոչ ոքի չհարցնի՝ ձեր դուրը կգա՞ շենքի նկուղային հարկում գործող գիշերային ակումբը, թե՞ ոչ։ Քանի դեռ Նադեժդա Սարգսյանը միջոցներ չունի եւ շինարարություն չի ծավալել, այս թեմային չենք անդրադառնա։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Հ.Գ. Նյութը պատրաստ էր տպագրության, երբ խմբագրություն (իմ խնդրանքով) զանգահարեց «Բրաբիոն ֆլորա սերվիսից» Վոլոդյա անունով մեկը, որը ո՛չ իր ազգանունը, ո՛չ էլ պաշտոնը չցանկացավ հայտնել։ Պարզապես ասաց, որ շինարարությունը սկսելու առաջարկը ստացել է կառավարությունից եւ որպես շինարար՝ իր գործն է անում։ Ինչ վերաբերում է փաստաթղթերի օրինականությանը, դրանք խմբագրությանը ներկայացնելու ժամանակ Վոլոդյան չուներ, սակայն ասաց, որ բոլոր փաստաթղթերը՝ թե՛ քաղաքապետի որոշումը, թե՛ ճարտարապետի նախագիծը իր ձեռքի տակ են։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031