Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նոր դեսպանի ոտքը «խերով» չէր

Հոկտեմբեր 31,1998 00:00
amn despanutyun

«Կարեւոր» օբյեկտներ ելումուտի հսկումներով լրագրողներին չես զարմացնի, բայց ԱՄՆ-ի դեսպանատունը, հրավիրելով իր նոր դեսպանի՝ Մայքլ Լեմոնի առաջին ասուլիսին, նման մի բան մտքին դրել էր։ Բավական չէ, որ նախորդ օրը ճշտել էին՝ մեզ հետ գործիք բերելո՞ւ ենք, նաեւ զգուշացրել էին ասուլիսի ժամից բավականին շուտ գալ (մոտ 45 րոպե), երեւի, որպեսզի հասցնեն մի լավ տնտղել։ Ընդ որում, գործընթացն այդ նախորդեց ոչ միայն մուտքին, այլ նույնիսկ՝ ելքին։ Բայց առավել զարմանալին այս առթիվ պրն դեսպանի արդարացումն էր, որն, իմիջիայլոց, արվեց ինքնակամ, առանց լրագրողներիս դրդման։

Հիշեցնելով անցյալ օգոստոսին Նայրոբիում եւ Դար էս Սալամում (այս եւ հետագա թարգմանությունների ճշտության ողջ պատասխանատվությունը բարդում ենք թարգմանչի վրա) տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների մասին, երբ զոհվեցին ոչ միայն ամերիկացիներ, այլեւ քենիացիներ ու տանզանիացիներ, պրն Լեմոնը արդարացավ. «ԱՄՆ-ի դեսպանները նոր խնդրի առաջ են կանգնած։ Նրանք պարտավոր են մտածել եւ ուսումնասիրել բոլոր երկրներում գտնվող ամերիկյան դեսպանատների անվտանգության հարցերը»։ Միաժամանակ պրն Լեմոնը մի քանի անգամ հանգստացրեց, թե որեւէ նման վտանգ իրենք Հայաստանում չեն տեսնում։ Սակայն դեսպանատների անվտանգության ընդհանուր ծրագրի շրջանակներում նաեւ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը մոտակա շաբաթների ընթացքում բետոնե արգելափակոցներով կամրապնդի իր անվտանգությունը։

Քիչ թե շատ հետաքրքիր թեման թերեւս սա էր, քանի որ մնացյալ հարցերին պրն դեսպանը խիստ չեզոք, ընդհանուր եւ խուսանավող պատասխաններ տվեց՝ հիմնականում շաբլոն, հերթապահ ու բազմիցս կրկնված հայտարարություններ անելով։ Պրն Լեմոնը ցանկացավ իր խոսքը սկսել Հայաստանում իրականացվող ԱՄՆ-ի ծրագրերի վիճակը ներկայացնելով՝ հենց սկզբից տեղիք տալով արձանագրելու, որ նոր դեսպանի ոտքը Հայաստան այնքան էլ խերով չի եղել։ Կոնգրեսի որոշմամբ՝ կրճատվել է ԱՄՆ-ի օգնության ծրագրերով Հայաստանին եկող տարի հատկացվելիք ֆինանսական աջակցության ծավալը։ 1999 թ. այն կկազմի 79,8 մլն դոլար, մինչդեռ այս տարի 87,5 մլն դոլար էր։ Սակայն կառավարության այս հատկացումը ԱՄՆ-ի ընդհանուր օգնության մի մասն է միայն, իսկ ամբողջը կազմում է 135 մլն դրամ, ինչը, պրն դեսպանը հուսով էր, որ կպահպանվի։

Կարեւորելով տարածաշրջանում ինտեգրացման եւ համագործակցության գործընթացը՝ պրն դեսպանը տեղեկացրեց, որ անցած երեքշաբթի Թբիլիսիում տեղի է ունեցել կոնֆերանս Անդրկովկասի երեք պետությունների ԱՄՆ-ի դեսպանների, Միջազգային զարգացման գործակալության տնօրենների եւ ԱՄՆ-ի Պետքարտուղարության ու Միջազգային զարգացման գործակալության՝ Վաշինգթոնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Իսկ նպատակը տարածաշրջանային կայունության ամրապնդման եւ զարգացման համար ծրագրերի մշակումն է։ Տարածաշրջանում նաեւ Թուրքիան ընդգրկելով՝ Մայքլ Լեմոնը իր երկրի անունից հավաստիացրեց, թե «խրախուսում են թե՛ Թուրքիային, թե՛ Հայաստանին բուժել հին վերքերը»։

Այստեղ պրն դեսպանը մեջբերեց ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի ճառից այն հատվածը, ըստ որի «ժամանակն է, որ Թուրքիան եւ Հայաստանը մտածեն, թե ինչպիսի քայլեր կարելի է ձեռնարկել ավելի ուժեղ եւ ավելի կայուն երկկողմ հարաբերություններ զարգացնելու համար»։ Քիչ անց այս առնչությամբ «Ազգի» թղթակիցը, հիշեցնելով նախորդ իշխանությունների ձախողված քայլերը Թուրքիայի հետ բանակցելու հարցում (ընդ որում՝ վերջինիս մեղքով), հարցրեց՝ ի՞նչ պիտի անի Հայաստանը, որ լավ հարաբերություններ հաստատի Թուրքիայի հետ, որը միջազգային պրակտիկայում ընդունված օրենքներով չի շարժվում։ Այս հարցը դեսպանը, կոպիտ ասած, «ցրեց», արդարանալով, թե իր արած մեջբերման մեջ չի պարտադրվում, որ առաջին քայլը Հայաստանը պիտի անի։ Պրն Լեմոնի կարծիքով, կողմերից որեւէ մեկը չպետք է դիտվի որպես միակողմանի զիջումներ կատարող։ Նաեւ մտահոգվեց, թե չէր ցանկանա, որ մենք պրոբլեմներ ստեղծենք իր եւ Ադրբեջանի իր գործընկերոջ միջեւ, մանավանդ, որ վերջինս իր երկար տարիների ընկերն է։

Հավաստիացնելով, թե ԱՄՆ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին, պրն դեսպանը մի քանի անգամ շեշտեց, որ Հայաստանն ինքը (մի անգամ էլ, թե՝ դեմոկրատական միջոցով ընտրված կառավարությունը) պիտի որոշի, թե ինչ ապագա է ուզում։ Իսկ պրոբլեմների լուծման ուղին պետք է ընդունելի լինի շահագրգիռ կողմերի համար, քանի որ դրսից լուծում պարտադրելու փորձերն արդյունավետ լինել չեն կարող։ Այնուամենայնիվ, պրն դեսպանն ընդունեց, որ բոլորին բավարարող տարբերակ գտնելու համար պահանջվում է ոչ կոնվենցիոնալ մտածելակերպ, իսկ մանրամասները պետք է որոշեն հակամարտող կողմերը։ Դեսպանի կարծիքով ճիշտ տարբերակը ներկայացնելու՝ լրագրողների բոլոր առաջարկները դիվանագիտորեն մերժվեցին։ Պրն Լեմոնի կարծիքով, Հայաստանի վարկը, որպես ներդրումների համար բարենպաստ պայմաններ ունեցող երկիր, սկսել է բարելավվել, բայց այս հարցում անելիք դեռ ունենք։ Ժողովրդավարության հարցում առաջընթաց արձանագրելու հարցին եւս միանշանակ դրական պատասխան չտրվեց։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031