«Զանգվածային լրատվամիջոցները եւ ժողովրդավարությունը» ծրագրի շրջանակներում երեկ Մամուլի ազգային ակումբի հյուրն էր Ա1+ հեռուստաընկերության տնօրեն Մեսրոպ Մովսիսյանը։ Նա մանրամասն ներկայացրեց իրենց հեռուստաընկերության պատմությունը դեռեւս Ա1 եղած ժամանակներից։
Լրագրողների հարցերը պրն Մովսիսյանին դարձյալ հազվադեպ էին առնչվում ժողովրդավարությանը։ Լրագրողներից մեկն ուզում էր իմանալ, թե ինչպես կարող է ինքը նայել Ա1+-ի ծրագրերը, եթե նույնիսկ դեցիմետրային անտենան տեղադրելը չի օգնում։ Պարզվեց, որ էլեկտրակապի պետական տեսչությունը Ա1+-ին միայն 100 վտ հզորությամբ հեռարձակվելու իրավունք է տվել, իրենք ստիպված են «100 վտ-ով չարաշահել» այդ իրավունքը, հիմա փորձում են ստանալ 1 կվտ-ի թույլտվություն։ Մեսրոպ Մովսիսյանը ԶԼՄ-ն համարում է ոչ թե 4-րդ, այլ 2-րդ իշխանություն, ընդ որում առաջինը, ըստ նրա, ԱԺ-ն է։ Իսկ ընդհանրապես պրն Մովսիսյանը գտնում է, որ ժողովրդին անհրաժեշտ է ցույց տալ, թե ինչ կեղտոտ տան մեջ է նա ապրում։ Սա առաջին էտապում, իսկ երկրորդում անհրաժեշտ է մաքրել այդ տունը։
Հասկանալի է, որ երրորդ էտապը տան կահավորմանը պետք է հատկացնել։ Կանգ առանք այս էտապի վրա՝ երեւի հարգելով յուրաքանչյուր տանտիրոջ նախասիրությունները։ Ժողովրդավարությանը չգիտենք ինչքանով է առնչվում, սակայն հարց եղավ եւ կարծիք հայտնվեց նաեւ Ազգային հեռուստատեսության մասին։ Պրն Մովսիսյանը գտնում է, որ 5-6 տարվա մեռյալ կետից ինչ-որ շարժում կա։ Փայլուն չի, բայց դե՝ «Փայլուն դեռ մենք էլ չենք տալիս»,- մխիթարեց պրն Մովսիսյանը։ Մխիթարվելու բան Ա1+-ն էլ ունի. իրենց գործունեության առաջին տարիներին լուրջ մրցակցության դատարկ դաշտը տխրեցրել է նրանց, իսկ այսօր «մեկ-երկու լրագրող կա, որոնց հետ կարելի է մրցել»։ Սակայն այժմյան մրցակցությունը, ըստ Ա1+-ի տնօրենի, մի քիչ վայրի էտապի մեջ է։
Նա «մի քիչ սխալ» է համարում մյուս լրագրողներին կամ հեռուստալրագրողներին բամբասելը, վատաբանելը, չարախոսելը։ Եվ ինքն էլ անմիջապես «մի քիչ սխալ» թույլ տվեց՝ «շատ ցածր մակարդակ» վերագրելով «այսօր պոպուլյար համարվող թերթերին»։ «Լուրջ լրագրողներ» նույնպես չկան, կան «գրողներ, որոնք գրագետ, ճիշտ ամեն ինչ անում են», սակայն լրագրողի մասնագիտությունը, որ ամենադաժանն է, հեշտացրել են։ Սակայն մի վշտացեք, ամեն ինչ դեռ կորած չէ, դեռ «փայլուն չունենք, բայց կունենանք՝ հիմքերը կան»։ Մանավանդ որ, ծայրահեղ վատ պայմաններում գործող Ա1+-ը աշխատում է իր հնարավորությունների միայն 40%-ով։
Կարդացեք նաև
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ