Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՀՅԴ-Ն ԶԱԶՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԻՑ ԲԱՑԻ ԱՅԼԵՎՍ ԱՆԵԼԻՔ ՉՈՒՆԻ»

Հոկտեմբեր 31,1998 00:00
hyd

«Կուսակցության որոշո՞ւմն էր այս ցուցակը հրապարակելը, թե՞ Ձեր անհատական մտահղացումը»,- «Առավոտի» այս հարցին Աշոտ Փափազյանը պատասխանեց, թե սա իր անձնական նախաձեռնությունն էր։ Իսկ մեր հարցին, թե արդյոք իր նշած տվյալները բացարձակ հավաստի՞ են, պատրա՞ստ է դրանց համար պատասխանատվություն կրել՝ դրական պատասխանեց։ Նշենք, որ Աշոտ Փափազյանը ժամանակին մեղադրվել է Համբարձում Գալստյանի սպանության մասին իմանալ-չհայտնելու մեջ։ Սակայն փորձենք պարզել, թե նրա հրապարակած տվյալների իրական լինելն ինչպես են գնահատում իր «հերոսներից» մի քանիսը։

Վիգեն Խաչատրյան. «Ես շատ կուզենայի, որ Դաշնակցությունը տար այն կազինոների անունները, որտեղ ես փայատեր եմ՝ ես էլ իմանամ։ Եվ ցույց տային գոնե մեկ դպրոցի տնօրենի ստորագրությամբ փաստաթուղթ, որը կհաստատեր, թե իմ մարզպետ եղած ժամանակ այդպիսի բան է եղել։ Կարծում եմ, որ նման հայտարարության հեղինակը պետք է քաղաքացիական կամք ունենա՝ դատարանում սուտասանի իր համբավն ընդունելու։ Իմ պարտքն եմ համարում դատարան դիմել, որ մարդիկ օրենք հարգեն եւ մի քանի ստախոս իրենց չափը ճանաչեն։ Ցավում եմ, որ ՀՅԴ-ն ստի միջոցով է փորձում իր տեսակետներն ապացուցել։

Չէի ցանկանա, որ այս մակարդակին իջնեին, բայց, ըստ երեւույթին, դա ավանդական ոճ է։ Դեռ նախագահական ընտրարշավի օրերին էի ես ասել, որ իշխանությանը տիրանալ ցանկացող քաղաքական ուժերը, չկարողանալով լուծել մարդկանց հուզող հարցերը, ժողովրդի վզին կփաթաթեն ազգայնամոլական գաղափարախոսություն եւ կփորձեն զանգվածային դատավարությունների շարք ձեռնարկել, որպեսզի յուրայինների անպատժելիությունն ապահովեն։ Կարծես թե այս կանխատեսումս իրականանում է։ Սա Դաշնակցության տխուր վերջը կլինի՝ ժողովուրդը վերջնականապես կհասկանա, թե այդ կուսակցությունն իրենից ինչ է ներկայացնում»։

Էդվարդ Եգորյան. «Վերջերս նկատում եմ, որ հանրապետության նախագահի մտերիմները եւ նրան պաշտպանող գլխավոր ուժը՝ Դաշնակցությունն, արշավ են կազմակերպել իմ դեմ։ Ես՝ Էդվարդ Եգորյանս, սկսած այն պահից, երբ իշխանության հետ առնչություն եմ ունեցել (այսինքն՝ 1990-ից, երբ պատգամավոր ընտրվեցի), ձեռք չեմ բերել շահույթ ապահովող որեւէ միջոց։ Այդ թվում՝ փոքր կամ մեծ որեւէ գործարան, կրպակ, տուն, «Ջիպ», ռեստորան եւ այլն։ Ինչ վերաբերում է հորս՝ նա Հրազդանում մի փոքրիկ հացի փուռ ունի դեռ գորբաչովյան ժամանակներից։ Իմ իշխանություն ունենալու պահից ի վեր այդ փուռն աշխատում է 10 անգամ ավելի ցածր արտադրողականությամբ, քան Գորբաչովի ժամանակ էր։ Քրոջս ամուսինը դատախազի օգնական է, ոչ թե տեղակալ։ Մշտապես իրավապահ մարմիններում է աշխատել եւ՝ ավելի բարձր պաշտոններում։ Ճիշտ է, սա մինչեւ իմ՝ նրան փեսա դառնալն էր։ Եվ սա միակ բարեկամս է, որ այդ համակարգում է աշխատում։

Անգամ մեկ բարեկամի դատավոր չեմ նշանակել։ Եթե ընդհանրապես սեփականաշնորհման հետ ես առնչություն ունեմ, ապա միայն այն հարցերում, որ պնդել եմ հողը ձրի տալ գյուղացուն, բնակարանները գրեթե ձրի տրվեն քաղաքացիներին, գործարանների բաժնեմասի առնվազն 20%-ն անհատույց սեփականաշնորհվի կոլեկտիվներին։ Ավելին չի ստացվել՝ դրա համար ներողություն եմ խնդրում։ Բայց որեւէ կերպ չեմ նպաստել, որ որեւէ գործարան արտասահմանին վաճառվի։ Եվ հենց ՀՅԴ-ն իր ընտրյալ նախագահի հետ այդպիսի հնարավորություն ստացավ՝ անմիջապես էժան «նաղդեցին» «Արմենիա» հյուրանոցը, կոնյակի գործարանը եւ պատրաստվում են դա անել «Հայկական ավիաուղիների» հետ (Դաշնակցությանը խորհուրդ կտամ պարզել, թե ով է այսօր վերջինիս շահութաբեր մասի սեփականատերը)։

Իսկ թե իրենք եւ իրենց հովանավորյալ իշխանություններն ինչքան են օգտվել այդ գործարքներից՝ թող իրենք ասեն։ Ես մտածված չեմ ցանկացել սեփականատեր դառնալ, այլապես չէի կարողանա «գիշատիչների» դեմ պայքար հայտարարել։ Եթե իրենց որպես այդպիսի ձգտում ունենայի՝ այսօր ՀՅԴ-ն եւ իր հովանավորյալ նախագահը հնարավորություն չէին ունենա վաճառել կոնյակի գործարանը եւ «Արմենիա» հյուրանոցը՝ դրանք Եգորյանի սեփականությունը կլինեին։

Ցավոք սրտի, նրանք ուղղակի չեն պատկերացնում իշխանավորի, որը կարող է իր աթոռը հարստանալու համար չօգտագործել։ Ես արդեն իսկ դատարան եւ դատախազություն եմ դիմել, եւ այդ գործին մինչեւ վերջ հետամուտ եմ լինելու։ Նախագահի ողջ շրջապատը հերյուրանքների տարածմամբ է զբաղված, եւ վարձու կուսակցություններն ու գրչակներն իրենց ողջ ներուժն այդ գործին են նվիրել։ Եվ ի վիճակի չեմ անընդհատ դատարաններում գործեր հարուցել։ Թող մարդիկ ուղղակի ՀՅԴ-ից փորձեն իմանալ ինձ պատկանող օբյեկտների, շինանյութերի խանութների տեղը եւ այնտեղից վերցնեն իրենց տների վերանորոգման համար անհրաժեշտ բոլոր ապրանքները։ Այս հայտարարությունս էլ թող պաշտոնական թույլտվություն համարվի»։

Դավիթ Շահնազարյան. «Իշխանությունների այս հանրահավաքը մեկ անգամ եւս ապացուցեց, որ ներկայումս իշխող կուսակցությունն, ինչպես միշտ՝ զազրախոսությունից բացի, այլ անելիք չունի եւ չի էլ կարող ունենալ»։

Վահագն Խաչատրյան. «Ես այն քաղաքապետն եմ եղել, որ վերականգնել է քաղաքում ջեռուցումը, 1994-ից քաղաքում շուրջ 1800 շենք է ջեռուցվել։ Ինձնից առաջ Երեւանում արդեն 3 տարի ջեռուցում չկար։ Սա ոչ ոք չի կարող հերքել։ Վերելակային տեսչություն երբեք չի եղել. քաղխորհրդի գործկոմի համակարգում այդպիսի ձեռնարկություն է եղել, որն ինձնից առաջ, կարծեմ, 1992-ին է լուծարվել։ Այնպես որ, դրա հետ էլ այնքան առնչություն ունեմ, որ տեղյակ եմ այդ մասին։ Ոչ մի բնակարան չի վաճառվել։ Եթե այլ մանրամասներ կան, խնդրեմ, պատրաստ եմ պատասխան տալ։ Ոչ ես, ոչ եղբայրս հացի ոչ մի գործարան կամ խանութներ չունենք։

Այդ երեք տարիների ընթացքում հազարից ավելի որոշումներ ենք ընդունել, որոնցով ոչ բնակելի տարածքները մարդկանց վարձակալության են հանձնվել։ Եվ իմ ազգակցական, բարեկամական կամ ընկերական կապերի շնորհիվ որեւէ մեկն արտոնություն չի ստացել։ Չորսհարկանի տան վերաբերյալ պնդումն էլ իրականությանն անգամ մոտ չէ։ Ես, ճիշտ է, 5-րդ հարկում եմ ապրում, բայց դա իմ սեփական տունը չէ եւ ներքեւի 4 հարկերում հարեւաններ կան։ Ես այս զրպարտությունների համար անպայման դատարան կդիմեմ՝ արդեն մի փորձ ունեմ»։

Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031