Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-Ն ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՐՁԱԿՎՈՒՄ Է

Հոկտեմբեր 31,1998 00:00
hyd

Ենթադրելի է, որ Դաշնակցության համար անսովոր է այս վիճակը, երբ հերոսի եւ հալածվածի լուսապսակն այլեւս խամրած է, եւ իր դեմ խիստ քննադատական հոդվածներ են գրում այն լրագրողները, որոնք ՀՅԴ բանտարկված գործիչների եւ կասեցված կուսակցության իրավունքների պաշտպանությամբ էին հանդես գալիս։ Անսովոր է, որ այլեւս չեն կարող միայն քննադատել ու պիտի պատասխանատվություն կրեն պաշտպանյալների ու դաշնակցական պաշտոնյաների գործունեության համար։ Եվ Ազատության հրապարակի հարթակում իր տեղն էլ կուսակցությունը համենայնդեպս չի ցանկանում կորցնել։

Մենք իշխանություն չենք, իշխանությունը մենք չենք

Իհարկե, մեկ ժամանոց հանրահավաքում բազմիցս հնչած այս պնդումներն ավելի համոզիչ կհնչեին դաշնակցական նախարարների, մարզպետի կամ փոխմարզպետի կատարմամբ, բայց դե նախագահի խորհրդականն ու տեղական ինքնակառավարման հարցերի տնօրինողն էլ պակաս պաշտոն չէ, որ զանգվածները համոզվեն ՀՅԴ-ի՝ իշխանություն չլինելու, Հայաստանում կատարվողի համար պատասխանատու չլինելու պնդումների իսկության մեջ։ Սակայն նախ հանրահավաքը վարողը՝ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը, տվեց հանրահավաքի ազդագրի հետեւյալ հարցի պատասխանը. «Ովքեր եւ ինչպես են իշխում տեղերում»։

«Լեւոն Տեր-Պետրոսյանի չարագործություններին աջակցած բազմաթիվ մարդիկ դեռեւս շարունակում են ապրել, դեռեւս շարունակում են, մանավանդ տեղերում, իշխել եւ շարունակում են իրենց նույն անարդարությունները»։ Իսկ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը փորձեց պատասխանել այն հարցին, թե «Ինչո՞ւ ոչինչ չի փոխվում հասարակ մարդկանց կյանքում»։ Պարզվեց, որ սփյուռքահայերը գալիս եւ փորձում են ներդրումներ անել, աշխատատեղեր ստեղծել հատկապես այն գործարաններում, որոնք արդեն սեփականաշնորհված են «ինչ-որ թալանչիների»։ Այս փաստարկը բազմիցս կրկնեցին հաջորդ հռետորները։ Իսկ Վահան Հովհաննիսյանն այսպես արդարացավ. «Եվ հիմա, որեւէ ձեւով նպաստել մարդկանց բարեկեցությանն այլեւս չենք կարողանում։ Եվ ուրեմն այդ բոլոր մարդիկ պետք է լուրջ պատասխան տան»։

«Ինչ պիտի անել, որ ժողովուրդը դառնա իր երկրի տերը» հարցի պատասխանն էլ պրն Հովհաննիսյանն այսպես տվեց. «Մեր հնարավորությունները դեռ այսօր մեզ հնարավորություն չեն տալիս, որ կարողանանք ամբողջապես իրագործել այն ծրագրերը, որ Ձեզ հետ միասին իրագործել ենք այս հրապարակում»։ Եվ ժողովրդի աջակցությունը խնդրեց նախագահի եւ կառավարության առջեւ պահանջներ դնելու համար։ ԱԺ-ում միակ դաշնակցականը՝ Ռուբեն Հակոբյանն ավելի անկեղծ ու պարզ արտահայտվեց. «Դաշնակցությունը պատրաստ է պատասխանատվություն վերցնել կառավարության ձեւավորման առումով՝ բոլոր այն տեսակարար քաղաքական ուժերի հետ, որոնք այսօր կան»։ Հանրահավաքի հիմնական թեմաներից մեկն էլ նախորդ իշխանություններին գնահատական տալու անհրաժեշտությունն էր։ Սակայն այլեւայլ մեջբերումների փոխարեն ներկայացնենք գլխավոր ասելիքը, ինչի համար, թերեւս, եւ նախաձեռնվել էր այս հանրահավաքը։

Ծրագրի մեխը

Հանրահավաքի ազդագրում առաջադրված 7 հարցերից մյուս 4-ի պատասխանները (Ինչ է կատարվել եւ ինչ է կատարվում Հայաստանում։ Ով՝ ինչի համար է մեղավոր երեկ եւ այսօր։ Ով՝ ինչի համար է պատասխանատու։ Ովքեր եւ ինչպես են սեփականել ժողովրդական հարստությունը) թերեւս պարունակվում էին ՀՅԴ երիտասարդական միության անդամ Աշոտ Փափազյանի ելույթում։ Նրան ներկայացնելով՝ Գեղամ Մանուկյանն ասաց. «Տարիներ շարունակ այստեղ քննադատվել է։ Բոլորն ասում են, որ թալանում եւ սեփականացնում են, բայց այս հրապարակում երբեք կոնկրետ անվանապես չի ասվել, թե ով՝ ինչ թալանեց։ Թե ժողովրդի սեփականությունը ով գրպանեց։ Այսօր մենք անում ենք այդ համարձակ քայլը։ Այսօր մենք ձեր դատին ենք ներկայացնում այն մարդկանց անունները, որոնք այս տարիների ընթացքում, լինելով իշխանության մեջ, կեղեքել են, թալանել ու սեփականել են ժողովրդի հարստությունը»։

Եվ այսպես, Աշոտ Փափազյանը հրապարակեց հետեւյալ տվյալներն ու անունները՝ նախապես ասելով, թե սրանք այն մարդիկ են «ովքեր սեփականաշնորհման գործընթացը հովանավորել են։ Թալանն են հովանավորել եւ օգտվել թալանից։

1. ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆԸ, մաքսային վարչության պետ եղած ժամանակ, Սամվել Գեւորգյանի, Տեր Հուսիկ Լազարյանի (նա ներկայացվեց որպես Հուսիկ Տեր-Լազարյան- Ա. Ի.) հետ ծխախոտ է ներմուծել Հայաստան եւ արաբական մի ֆիրմայի հետ 2 մլն դոլարի պայմանագիր է կնքել։ Պետական 2 դոլարը արաբական ֆիրման փախցրել է։

2. ՎԱՉԱԳԱՆ ՀԱՐՈՅԱՆ. (նրան իբրեւ Վահագն Հարոյան ներկայացրին- Ա. Ի.) 1990-ին Հայաստանում շահույթով աշխատում էր միայն ոսկու գործարանը։ Ամբողջությամբ 0-ի հասցրեց այդ գործարանի գործունեությունը։

3. ԼԵՎԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ամենածանր տարիներին պետության համար գնված ցորենը (տոննան գնել էին 198 դոլարով) վաճառել է պետության գործարանների վրա 220 դոլարով՝ միջնորդ ֆիրմաների միջոցով։

4. ՎԻԳԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. Լոռվա մարզպետ լինելու օրոք դպրոցների տնօրեններին փաստաթուղթ է ստորագրել տվել, որի համաձայն, իբրեւ, այդ դպրոցի վերանորոգում է կատարվել։ Վերանորոգման համար նախատեսված գումարը գրպանել է կրթության նախարարության շինարարական տրեստի հետ համատեղ։ Ուրիշ մի քանի տեղից էլ եկամուտներ ունի՝ մի քանի կազինոների փայատեր է։ Եղբայրը բարձր պաշտոնյա է հարկային տեսչությունում։

5. ԷԴՎԱՐԴ ԵԳՈՐՅԱՆ. Շինանյութի խանութների մեծ մասը նրան է պատկանում։ Փորձում է տիրանալ Սեւանի «Ծովինար» ռեստորանին։ Եգորյանի հայրը ամենամեծ հացի արտադրության սեփականատերն է։ Եգորյանն իր ցանկությամբ ժամանակին դատավորներ նշանակեց՝ դատավորների ամբողջ ցանկն ինքն է ներկայացրել՝ իր բարեկամներից էին եւ այն մարդկանցից, որոնցից գումարներ էր ստացել։ Եգորյանի քրոջ ամուսինը մինչեւ հիմա Հրազդանում աշխատում է դատախազի տեղակալ։

6. ԱՇՈՏ ԲԼԵՅԱՆ. Դասագրքերի տպագրության համար պետությանը հասցրել է 800 մլն դրամի վնաս։ Բազմաթիվ սեփական օբյեկտներ ունի՝ խանութներ, վետերոկներ, բենզակայաններ։ Բլեյանի եղբայրը 5 հազար դոլարով սեփականացրել է կրթության նախարարության շինվարչությունը՝ քաղաքի կենտրոնում։

7. ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ. Երեւանի «Դալմայի բաղեր» կոչված թաղամասում ունի 4 հարկանի տուն։ Ունի խանութներ, առեւտրի օբյեկտներ։ Եղբայրը նվազագույն գնով հացի գործարան է սեփականացրել։ Վահագն Խաչատրյանը քաղաքապետ եղած ժամանակ օգտվելով հոսանք չլինելու հանգամանքից՝ ամբողջությամբ թալանել է վերելակների տեսչությունը։ Վաճառել է շենքերում եղած վերելակների սպասարկման ծառայությանը պատկանող բնակարանները (յուրաքանչյուր շենք ունեցել է այդպիսի բնակարան)։ Նույն ժամանակաշրջանում թալանել է նաեւ ջեռուցումային տնտեսությունը։

8. ՇԱՀԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ. Ավիացիայում աշխատելու ընթացքում ժամանակավոր աշխատանքի էր ընդունում իր ծանոթներին, որոնց մեծ գումարներ էր տալիս եւ այդ գումարներն այնուհետեւ նստում էին իր մոսկովյան հաշիվներին։ Ունի հյուրանոց Պռոշյան փողոցի վրա՝ «Բասս» է կոչվում։

9. ՊԵՏՐՈՍ ՄԱՔԵՅԱՆ. Փոխմարզպետ եղած ժամանակ Արթիկում շինարարության պատասխանատու է նշանակել ոմն Չոբանյանի, որի միջոցով է աշխատել իր հիմնական փողերը։ Ընդհանուր առմամբ, բարեկամների միջոցով է փող աշխատել։ Նյութական հիմք եղել է Մանթաշի ջրամբարի շինարարությունը (որի պետը նրա բարեկամն էր) եւ դպրոցների վերանորոգումը։ Նրա բարեկամներն էին նավթաբազայի պետը, ճանապարհաշին վարչության տրեստի պետը, «Պեմզաշենի» պետը։

10. ԱՐԱ ՍԱՀԱԿՅԱՆ. Աշխատել է հիմնականում եղբոր միջոցով։ Սեփականաշնորհել է բազմաթիվ ֆիրմաներ։ Օրինակ՝ ձեթ-օճառի կոմբինատը։

11. ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. (Էս ամենալավն է) 800 հազար (պրն Փափազյանը նշեց 800 մլն դոլար թիվը եւ հետո մեզ առանձին ասաց, որ սխալվել է։- Ա. Ի.) վարկ է ստացել, որից 400-ն է վերադարձրել։ Իսկ մնացածը մինչեւ հիմա շրջանառության մեջ է։ ԱԱՊՎ-ն ղեկավարելու ժամանակ զբաղվել է պետական ռեկետով, օրինակ՝ «Շողակն» ադամանդի գործարանում։ Այժմ զբաղվում է՝ «BMV» մեքենաների առուվաճառքով։ Վերջին ժամանակներս ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտից որոշակի գումար է ստացել կուսակցություն հիմնադրելու նպատակով, սակայն որոշ ժամանակ անց ամերիկյան կողմը դադարեցրել է ֆինանսավորումը»։

Ի դեպ, Վահան Հովհաննիսյանն իր ելույթում խոստացել էր, թե պիտի պարտադրեն, որ թալանածը ժողովրդին հետ վերադարձնեն։ Իսկ Գեղամ Մանուկյանը խոստացավ. «Մարդկանց անունները, որ հրապարակվեցին՝ միայն սկիզբն է։ Միայն այդ 10 հոգին չեն, որ մասնակցել են այդ թալանին։ Այսօր մենք սկիզբն ենք դնում եւ շարունակելու ենք հերթականությամբ հրապարակել բոլորի անունները, ներկայացնել նրանց հանցանքները եւ պայքարել մինչեւ վերջ, որպեսզի նրանք պատժվեն։

Խնդիրը բանտ նստելը չէ՝ այդպիսով այդ թալանածը հետ չես բերի։ Նախ պիտի այդ թալանը հետ բերվի, եւ նրանք պիտի հասարակության դատաստանին հանձնվեն, որպեսզի որեւէ մեկը հստակ վստահ լինի, որ իր կատարած հանցանքի համար միշտ պատժվելու է»։ Ճակատագրի հեգնանքն էր, որ այս հանրահավաքի հռետորների եւ «Դրոյի» արխիվի որոշ նյութեր հիշեցնող հայտարարություններ անողներից գրեթե բոլորի առնչությամբ քրեական մեղադրանքներ էին առաջադրված, եւ նրանց մեծ մասը, ճիշտ է, «իրադրության փոփոխման» հիմնավորմամբ ազատ արձակվեց, բայց եւ ոչ մեկն այսօր արդարացված չէ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Հրապարակայնորեն մեղադրված անձանցից ոմանց պատասխանները կարդացեք 4-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031