Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԱԴԵՊ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ

Հոկտեմբեր 31,1998 00:00
evroxorhurd

Օրերս Վարշավայում աշխատանքն է ավարտել եվրոպական երկրների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների խորհրդաժողովը, որն անցկացվել է «Եվրոատլանտիկ երկխոսություն» նշանաբանի ներքո։ Միջոցառմանն իր կարգավիճակի բերումով ներկա եղած Հովհաննես Իգիթյանը, որը Հայաստանի Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովն է գլխավորում, միանգամայն օրինաչափ է համարում, որ նման նախաձեռնությամբ հանդես է եկել հատկապես Լեհաստանը։

«Լեհաստանն այսօր էլ ձեռնամուխ է եղել մի կենտրոնի ստեղծման գործի, որը նստավայր ունենալով Վարշավան, կոչվելու է պառլամենտական նախագծերի, նախաձեռնությունների կենտրոն»։ Նախաձեռնության հիմքում դրված է այն գաղափարախոսությունը, թե պառլամենտականները, որոնք ավելի ազատ են իրենց գործողությունների եւ ասելիքի մեջ, պետք է մասնակցություն ունենան ընդհանուր եվրոպական քաղաքականության մշակման գործին. «Հավատում եմ, որ հետագայում Վարշավան, իրոք, կդառնա միջազգային կենտրոններից մեկը, մանավանդ որ, մարդու իրավունքների պաշտպանությանը հետամուտ մի հեղինակավոր կառույց արդեն գործում է այնտեղ»։ Իսկ պատգամավորական նախաձեռնություններն ընդհանրապես կարող են բազմաբնույթ լինել՝ մարդու իրավունքներ, անվտանգության խնդիրներ, հակամարտությունների առնչվող հարցեր։

Վարշավայում, ինչպես պարոն Իգիթյանն է վկայում, առավելապես խոսակցություն է ծավալվել Կոսովոյի հակամարտության մասին։ Հովհաննես Իգիթյանն ուտոպիա է համարում այն մտայնությունը, թե ՄԱԿ-ը կամ ԵԱՀԿ-ն որեւէ հակամարտություն կարգավորելու են։ Այդ տիրույթում են լիարժեքորեն տեղափոխվում Ադրբեջանի այն մտորումները, թե այդ ճանապարհով կարողանալու է տարածքներ վերադարձնել։

Իրականության մեջ, Հովհաննես Իգիթյանի կարծիքով, կոնֆլիկտները հնարավոր է հանգուցալուծել բացառապես բանակցություններով։ Բայց նախեւառաջ հարկավոր է հստակ սահմանումներ ունենալ որեւիցե հակամարտության 4 կարեւոր բաղադրատարրերի վերաբերյալ. «Առաջին՝ բոլոր քաղաքական եւ տնտեսական միջոցները պետք է ուղղված լինեն զինադադարին։ Երկրորդ՝ պետք է ճշգրիտ որոնվեն կոնֆլիկտի կողմերը՝ անկախ իրենց կարգավիճակից։ Երրորդը՝ կոնֆլիկտի կողմերը պետք է սեղանի շուրջ նստեն միջազգային կազմակերպությունների հովանու ներքո, հակամարտությունների լուծման քաղաքական համաձայնություն կայացնելու եւ չորրորդ՝ միջազգային կազմակերպությունը պիտի մոնիտորինգ իրականացնի անընդհատ՝ հետեւելու, թե կողմերը որքանով են հարգում պայմանագրով ստանձնած պարտավորությունները»։

Պրն Իգիթյանը հարկ համարեց նշել նաեւ, որ Լեռնային Ղարաբաղի մասին թեպետ ուղղակիորեն չի խոսվել, բայց «պետք է նկատի առնել այն նախադեպերը Եվրոպայում, երբ ավելի ուշադիր են եղել ըմբոստ սուբյեկտների նկատմամբ»։ Փոխարենը պրն Իգիթյանը Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին զրույցներ է ունեցել կուլիսներում։ Նա առանձնացրեց հատկապես Եվրոպայի խորհրդի քաղաքական հանձնաժողովի նախագահ պարոն Բարսոնիի հետ հանդիպումը, որի գլխավորած մարմինը, ինչպես հայտնի է, նախաձեռնություն էր հանդես բերել՝ նոյեմբերի 3-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ լսումներ անցկացնել կողմերին առնչվող հակամարտության վերաբերյալ։ Հանդիպումն, ինչպես հայտնի է, չեղյալ է հայտարարվել Ադրբեջանի՝ դրան մասնակցելուց հրաժարվելու պատճառով։

«Պարոն Բարսոնին ինձ ասաց, որ չեն ցանկանում հանձնաժողովում լարված, սկանդալային մթնոլորտ ստեղծել, եւ այդ պատճառով էլ հետաձգում են լսումները՝ հույս ունենալով մեկ ամսվա ընթացքում ընդհանուր եզրեր գտնել Ադրբեջանի հետ»։ Մատնանշելով իր փորձը Եվրոպայի խորհրդում, պարոն Իգիթյանը փաստեց, որ ինքն այնտեղ բազմաթիվ լարված իրավիճակների է ականատես եղել, երբ կրքեր են շիկացել, ասենք, կիպրական, Կոսովոյի, Չեչնիայի խնդիրները քննարկելիս։ «Դա հարված է Եվրախորհրդի իմաստին։ Սա վատ նախադեպ է։ Եթե Ադրբեջանի վերջնագիրն ազդեցություն ունենա, ցանկացած ոչ ստանդարտ իրավիճակում միշտ կգտնվի մի կողմ, որն իր պահանջներով կտապալի այս կամ այն որոշումը»։

Հովհաննես Իգիթյանը այս լսումների մասին համաձայնությունը համարում է Եվրոպայի խորհրդում իր եռամյա գործունեության հետեւանքը։ Դա իր ռազմավարությունն է եղել. «Այնպես չէ, որ այդ լսումները որոշվել է հենց հիմա անցկացնել։ Դա ամենեւին էլ կապված չէ քաղաքականության փոփոխության հետ։ Լսումների կազմակերպումը շատ տրամաբանական է»։

Դրանց, Հովհաննես Իգիթյանի վկայությամբ, տարբեր նախապատրաստական իրադարձություններ են նախորդել. «Եվրախորհրդի ընդհանուր պլենար նիստում մեզ ընդամենը 4 ձայն չբավարարեց, որ Լեռնային Ղարաբաղը համարվի հումանիտար հարցերի սուբյեկտը։ Իսկ մենք սովորաբար մեկուսացված էինք»։ Ուստի, մեր զրուցակիցը դա գնահատեց իբրեւ հաղթանակ։ Հետագայում, ինչպես պրն Իգիթյանը փաստեց, այդ լսումների վերաբերյալ ինքը համաձայնություններ է ձեռք բերել ինչպես Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Լենի Ֆիշերի, այնպես էլ գլխավոր քարտուղար Դանիել Տարշիսի եւ քաղաքական հանձնաժողովի նախագահ Բարսոնիի հետ։ Ասել է թե՝ լսումների կազմակերպման դափնիները ոչ թե Խոսրով Հարությունյանին կամ Արմեն Մարտիրոսյանին են պատկանում, այլ Հովհաննես Իգիթյանին։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031