Պրահայում վերջերս սպանվել է «Արարատ-Ինթերնեյշնլ» ընկերության նախագահ, Պրահայի հայերի համայնքի ղեկավար, հայտնի գործարար Արարատ Նիկողոսյանը։ Նրա զավակները սովորում են Չեխիայի մայրաքաղաքի ամերիկյան դպրոցում։ Ինքը՝ գործարարը, 30-35 տարեկան էր եւ զոհ է գնացել հայ-ալբանական տեղային բնույթ ձեռք բերած հակամարտությանը։ Արարատ Նիկողոսյանը թաղվել է Պրահայի ռուսական եկեղեցու բակում։
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂԻ ՀԵՏ
Նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպել է «Բարեփոխումներ» խմբի հետ, որն արդեն 1 ամիս է, ինչ իրականում լուծարված է։ Ժողովրդական կուսակցության անդամ երկու պատգամավորներ՝ Քիմռեակտիվների ձեռնարկության տնօրեն Վոլոդյա Բադալյանը եւ «Կանազ» գործարանի տնօրեն Ռոբերտ Ենգոյանը հաստատեցին «Առավոտի» տեղեկությունը, որ շուրջ 1 ամիս առաջ իրենք դիմում են ներկայացրել «Բարեփոխումներից» դուրս գալու վերաբերյալ։ ԱԺ կանոնակարգի համաձայն, այդ դիմումները պիտի անմիջապես հրապարակվեին, որը չի արվել։ 11 հոգանոց «Բարեփոխումներից» երկուսի դուրս գալու պարագայում այն լուծարված է (խումբ կարող են ձեւավորել առնվազն 10 պատգամավորներ)։ Տնօրենների ենթադրությամբ՝ երեւի այս ընթացքում խումբը համալրելու եւ այն փրկելու ջանքեր են գործադրվել։
ՎԵՐՋԻՆ «ՔԽ»-Ը՝ «ՊՈՒՊՈԻՇՆԵՐԻ» ՄԵՋ
Կարդացեք նաև
Պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե արդյոք «Շամիրամը» պատրաստվում է ՀՀՇ-ի օրինակով լքել Քաղաքական խորհուրդը, որպեսզի վերջինս դառնա միաձույլ /այսինքն, միայն իշխանամետ կուսակցություններից կազմված/ կառույց, «Շամիրամի» նախագահ Շողեր Մաթեւոսյանն ասաց. «Ես ՔԽ-ում մնացած իշխանամետ կուսակցություններին նման հաճույք չեմ պատճառի»: