Լրահոս
Օրվա լրահոսը

Վետերանների զայրույթն ու թշվառությունը

Հոկտեմբեր 30,1998 00:00

ԱԺ շենքը շրջափակող ճաղերը երեկ կրկին ցնցվեցին, սակայն քանի որ ցնցողները 70-ն անց ծերեր էին, ցանկապատն այս անգամ չխորտակվեց։

Հանրապետության շուրջ 20 հազար վետերանների ներկայացուցիչները, բավականին պատկառելի թվով եւ տարիքով մարդիկ երեկ ժամը 13-ի սահմաններում փակեցին Բաղրամյան պողոտան։ Դեմիրճյան եւ Բաղրամյան փողոցների կողմից «բլոկադայի» ենթարկվեցին ԱԺ բոլոր մուտքերն ու ելքերը։ Ոչ մի պատգամավոր չէր կարող մտնել կամ դուրս գալ։ Բաղրամյանի կողմից մուտքերը փակել էին նախկին Իսակովյան գնդի ծովայինները, Դեմիրճյանի կողմից՝ հետեւակը եւ Թամանյան դիվիզիայի մարտիկները։

Վետերանների միտինգը հավաքվեց առավոտից, ժամը 12-ի սահմաններում մի խումբ ներկայացուցիչների, վետերանների խորհրդի նախագահի առաջնորդությամբ թույլ տվեցին ներս մտնել։ Մինչ մարդիկ սպասում էին, կրքերը բորբոքվում էին։ Դժգոհությունները հիմնականում նույն բնույթի էին՝ թոշակը քիչ է, էլեկտրաէներգիայի վարձավճարն առանց այն էլ բարձր է, հիմա դարձյալ թանկացնելու են, հացը թանկ է, ջրի վարձը բարձր է, պետության տվածը չի հերիքում պետության հարկերը մուծելուն, ուրեմն ինչո՞վ ապրեն ծերերը։ Ժամը 13-ի սահմաններում ցուցարարների հետ ճաղերի այն կողմից խոսեց ԱԺ պատգամավոր Հ. Հովհաննիսյանը։ Մարդիկ կոկորդ պատռելով խոսեցին իրենց հոգս ու դարդից, Հովհաննիսյանը, որը սկզբում խնդրում էր դարպասը բացել եւ իրեն դուրս թողնել, միտքը փոխեց եւ խոստացավ, թե կգնա վերեւ եւ մի լուր կբերի ներսից։

Ժամը 14-ի սահմաններում Եվրոպայի փորձագետների մի փոքրիկ խումբ, որն ուզում էր ԱԺ-ի շենք մտնել, մնաց շիվար կանգնած։ Նրանց ուղեկցող երիտասարդը ծերերին բացատրում էր. «Ամոթ է, թողեք անցնեն, առանց այն էլ ահագին տեղ ոտքով ենք բերել»։ Ծերերը չէին հնազանդվում. «Ասա իրենց, թե ո՞նց եք մեզ պահում, մի սեւ հացի փող չեք տալիս, իսկ գերմանացիներն իրենց պատերազմի մասնակիցներին ո՞նց են պահում»։

Ժամը 14.30-ին Դեմիրճյան փողոցի կողմից մարդկանց մեջ դուրս եկավ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը եւ մի երկու խոսք ասելով, փողոցի կենտրոնով հեռացավ։ Անմիջապես հետո մարդկանց հետ խոսեց ԱԺ սոցիալական, առողջապահական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեղամ Ղարիբջանյանը։ Քիչ այն կողմ մեկ այլ խումբ ծերերի հետ տնտեսագիտական զրույց էր սկսել ԱԺ պատգամավոր Վ. Սաֆարյանը։ Պարոն Ղարիբջանյանը հետեւյալ պարզաբանումն արեց. «Իրենց մտահոգում էր 2-րդ ընթերցմամբ նախապատրաստվող օրենքը, հիմնականում դա վերաբերում էր պատվովճարի գումարին։ Կառավարությունն ասում էր, որ գումարներ չլինելու պատճառով այս պահին հնարավորություն չունի պատվովճարը ընդունելու եւ առաջարկում էին օրենքն ամբողջությամբ 2000 թվականից ընդունել։ Երեկ վետերանները հանդիպել են վարչապետի հետ, հիմա բանակցություններ եղան ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանի հետ, եւ բյուջեի քննարկումների ժամանակ հստակ գումարը կորոշվի եւ կարեւորը՝ պատվովճարի գաղափարը կմտնի կյանք եւ վետերաններն ինչին որ արժանի են (այսօր պետությունը, ցավոք, այդ հնարավորությունը չունի), բայց գոնե վերաբերմունքը պետության կողմից պետք է հստակ լինի»։

Ժողովուրդը պահանջում էր. «Խոսրովը թող գար, ինքը ինչո՞ւ դուրս չի գալիս»։ «Էդ լույսի մինիստրին ասեք, էդ ի՞նչ ա մտածում, որ թանկացնում ա, էս գնով կարողանում ենք տա՞լ…»։ Ցուցարարները, մոռանալով տարիք եւ հոգնություն, քիչ մնաց շուռ տային կանաչ գույնի «Նիվա» ավտոմեքենան, որում նստած էին վետերանների խորհրդի նախագահ Բոշնաղյանը եւ երկու այլ վետերան։ Ժողովուրդը պահանջում էր, որ նախագահը դուրս գա եւ խոսի իրենց հետ։ Ի վերջո, տեղի տալով, պրն Բոշնաղյանն իջավ ցուցարարների մեջ։ Նրա ասելով՝ իրենց լսել են եւ խոստացել, որ հարցերին ընթացք կտրվի։ Հիմնական պահանջն այն էր, որ պատերազմի վետերաններն առանձնացվեն մյուս կենսաթոշակառուներից եւ հատուկ վերաբերմունքի արժանանան։ Վետերանների մասին օրենքը դեռեւս չի ընդունված եւ ընդունվելուց հետո էլ դժվար է ասել, թե ինչ կտա այն։

Պրն Բոշնաղյանի ասելով, իրենց կողմից բարձրացված բոլոր հարցերն ընդունվել են «եւ խնդրեցին, որ մենք իրենց օգնենք, որ ինչքան հնարավոր է ձեռնտու լինեն։ Մեր պահանջներն են, որ պատերազմի մասնակիցները որպես առանձին սոցիալական կարգ առանձնացվեն մյուսներից, որ մեզ չհավասարեցնեն ողորմություն խնդրողի հետ, ընտանեկան նպաստ ուզողի հետ։ Մեզ պիտի գնահատեն մեր թափած արյան գնով։ Եթե էս տեսակետից մոտենում ենք հարցին, մենք ուրիշ կատեգորիա ենք դառնում»։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031