Մի հին կանացի անեծք կա Երեւանում. «Ցիրկի մոտ կանգնես»: Կարծում եմ, երեւանցիների շատ ու շատ սերունդների է այն հայտնի: Կրկեսին հարող փողոցների այդ հատվածում միշտ կարելի է տեսնել խոսուն արտաքինով կանանց, որոնք մեքենայի արգելակի ձայնից անսխալ գուշակում են մարդու սրտի ուզածը եւ անմիջապես մոտենում: Նրանք կան վաղուց, խորհրդային ամենաթունդ տարիներից եւ շարունակում են լինել այսօր: Մայթից աշխատող պոռնիկների մասին այնքան էլ շատ չի գրվել, ինչ-որ հակակրանք կա նրանց հանդեպ:
ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ
Երբեք չեմ օգտվել նրանց ծառայությունից: Սա ոչ թե ընտանիքիս կամ մերձավորներիս մոտ արդարանալու համար եմ ասում, այլ պարզապես խոստովանում եմ: Նրանց «կապելու» տեխնոլոգիային չեմ տիրապետում: Ուստի, նախքան նրանց դրվածքին անձամբ ծանոթանալը որոշեցի մի երեկո զոհաբերել հետախուզմանը: Գիտեի, որ հայտնի հանգրվանից բացի աշխատող կանայք կան նաեւ Բաղրամյան պողոտայի վերին հատվածում: Մի քանի ժամ այնտեղ դիտորդություն անելով պարզեցի, որ դրանք բավական թանկ արժեն: Մոտեցող «ֆիրմա» մեքենաներից: Եւ այնքան էլ շատ չէին: Մի խոսքով, այնտեղ որսալու քիչ բան կար: Մնում էր ավանդական տարբերակը:
Այստեղ արդեն բոլորովին այլ պատկեր էր: Հայտնի համբավի տեր կանայք շրջում էին մայթերին իրենց հաջողությունը որսալու նպատակով եւ անսխալ որոշում ամեն նայողի մտադրությունը: Նրանց չէին խանգարում ոչ կրկեսից դուրս հորդացող բազմությունը, ոչ կողքներին աշխատող «գաիշնիկները»: Ամեն մեկն իր գործն էր անում: Պոռնիկների պահվածքը շատ հետաքրքիր էր, չկար այն, ինչին կանացի ամոթխածություն են ասում:
Կարդացեք նաև
Մայթի երկայնքով շրջում ու հսկում էին մոտեցող մեքենաների հոսքը։ Կանգնողին մոտենում էին առանց դադար պահելու: Երկխոսությունը, որ հավանաբար գնի շուրջ էր, տեւում էր մի քանի վայրկյանից մինչեւ մի քանի րոպե: Հետո «աղջիկը» մոտենում էր կոլեգաներին եւ խորհրդակցում: Կախված «բանակցությունների» ընթացքից կամ մերժում էին /գինը ձեռք չի տալիս/, կամ մեկնումեկը նստում էր մեքենան ու հեռանում բախտավորեցնելու: Հարկ է նշել, որ գիշերային աղջիկների շքախումբը լրացնում էին երեք երիտասարդ, որոնք ակտիվորեն մասնակցում էին բանակցությունների երկրորդ փուլին, այսինքն, գնի քննարկմանը:
ԳՈՐԾԻ ՄԵՋ
Հաջորդ օրը, որքան էլ ինձ արդեն կոփված էի համարում մոտ երկու ժամի կարիք ունեցա հոգեբանական պատնեշը հաղթահարելու համար: Մոտեցա ու լկտիությանս ողջ պաշարը դեմքիս արտահայտության մեջ տեղավորելով կանգնեցի: Անմիջապես մոտեցավ մի շատ գեր «օրիորդ» եւ նախապես կիսաբաց պատուհանից ներս նայելով հարցրեց. «Ի՞նչ ա պետք ապեր»: Մի պահ հապաղելուց հետո պարզեցրի խնդիրը. «Մենյուն էսօր ո՞նց ա»: «Բարեւում ա»- կատակեց ու շարունակեց-«Ամեն օրվա պես, քեզ ի՞նչ ա հետաքրքրում»: Այնուամենայնիվ, պնդեցի, որպեսզի ճշտի ցանկը եւ գնացուցակը: «Դե ըտից սկսեիր էլի, ինչքա՞ն կարաս տաս»: Նշում եմ գումարը: «Հեսա գամ ասեմ»- ու հեռանում է դեպի խումբը: Մի հինգ րոպեից գալիս ու նստում է, պահանջելով սկզբից վճարել: «Պրեդապլատով ենք աշխատում, էլ դավերյա-մավերյա չկա»- պարզաբանում է ու գումարը մեկնում պատուհանին մոտեցած երիտասարդին: Մայթից պոկվում ենք: Գիշերային փողոցներով այսուայն կողմ ենք գնում, փորձում եմ զգուշորեն խոսեցնել արհեստի, ապրուստի, հազարումի բանի մասին, բայց սկսում է զգուշանալ:
«Մի վախեցի, միլիցա չեմ»- հանգստացնում եմ եւ ի պատասխան ստանում. «Դու ո՞ր օրվա միլիցեն ես, նրանք խի գալիս բազար ե՞ն անում: Երբ պետք ա, տանում են: Հլը փորձենք չտանք»: Ճանապարհը երկարում է: «Աղջիկն» սկսում է անհանգստության նշաններ ցույց տալ, ժամացույցին նայել: Վերջապես հարցն ուղիղ է դնում.- «Ախպեր, բեր մի մութ տեղ քու գործը անենք, ինձ տար իմ տեղը, հա՞»: Ասում եմ, թե գործ անելու կարիք չկա, ուղղակի խոսելու հավես ունեմ: Զարմացած չռվում է վրաս:
«Հո իմպոտենտ չես»- առանց դեսուդենի հարցնում է: Չէ, ասում եմ: «Հլը տենամ»- ու ձեռքը մեկնում է ստուգելու: Խնդրում եմ ձեռքը ետ քաշել, ինչից «փիս» ազդվում է: Հետո կարծես ինչ-որ բան կռահելով նայում է աչքերիս մեջ ու արագ վրա բերում.- «Քեզ չհասկացանք, նորմալ մարդիկ իրանց գործը անում-գնում են, ի՞նչ ես ..ռ խաղցընում: Թե բագաժ տվող ես, նայի, ավտոյի համարով-բանով վերցրած ա, մտքովդ չանցնի խոդեր անես: Մեր կռուգում ներել-մերել չկա: Դե հմի ինձ երրորդ մաս իջացրա ու գնա գործիդ»: Սա մենախոսության կեսն էր, մյուս կեսը մամուլի եւ նուրբ լսողության համար չէ:
ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ
Այլընտրանք չունեմ, տանում եմ երրորդ մաս: Ճանապարհին շարունակում է սպառնալ ու կյանք սովորեցնել: Այն առումով, որ եթե մտքիդ մի բան դրել ես, տղամարդու պես մինչեւ վերջ պիտի գնաս: «Ոնց որ ես»- օրինակ է բերում: Տասնհինգ տարեկանից այս արհեստին է: Դատելով կազմվածքից, սեքսուալ ֆրոնտի վետերան է: Հնարավոր է, նույնիսկ «ցիրկի մայթի» պատվավոր քաղաքացի լինի: Տեղ հասնելով իջնում է ու արդեն մայթից շպրտում. «Հաջող, իմպոտենտ, նայի հա»:
Ուրախությունն ու զզվանքը խառնվում են իրար: Արագ հեռանում եմ բաժանման կետից զուգահեռ ստուգելով, թե իսկապե՞ս կարող են հետեւել: Հետապնդում չեմ հայտնաբերում: Ըստ էության, ոչնչի չհասա, պարզապես շփվեցի մեր առօրյայի մի բաղադրիչի հետ: Դժվար հանդուրժելի բաղադրիչ էր, բայց գոյատեւում ու ծաղկում է: Դատելով մեքենաների հոսքից, պահանջարկը բավական մեծ էր: Ռիսկը նույնպես:
Վ. ՄՈՎՍԻՍՅԱՆ