Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՄ դիվանը կրթական հարցեր է քննարկում

Հոկտեմբեր 30,1998 00:00
aim

Իշխանափոխությունից հետո ԻՄ դիվանի (խորհրդարանի) ամենշաբաթյա նիստերին չէի մասնակցել։ Կուսակցության, այսպես ասած, կարգավիճակի փոփոխությունը գրեթե բոլորովին չէր անդրադարձել նիստերի անցկացման կարգի, քննարկվող հարցերի ընտրության վրա։ Սովորականի պես, նախ ԻՄ գանձապահ Հակոբ Յումուշադյանը հաշվետվություն ներկայացրեց, որն արդեն նշանավորվեց անսովոր մի հայտարարությամբ. «Վերջին տասնամյակում առաջին անգամ մեր կուսակցությունը պարտքեր չունի»։

«Էլ ի՞նչ մարդ, որ պարտք չունի,- փիլիսոփայորեն նկատեց Նորայր Խանզադյանը։- Հետո, ինչո՞ւ այդպես տրագիկ ներկայացրիք այդ փաստը»։ «Առոգանությունս թույլ է»,- ավելի տխուր ձայնով արդարացավ գանձապահը։ Այս նեղկուսակցական մասնավոր դեպքից անցնենք ավելի բարձր հնչեղություն ունեցող մի քննարկման։

ՔԽ-ի կրթության ենթահանձնաժողովի պատասխանատու, ԻՄ ներկայացուցիչ Շողիկ Ոսկանյանը դիվանականներին փորձեց պարզաբանել կառավարության ներկայացրած «Կրթության մասին» օրենքի նախագծի խութերը։ Հիշեցնենք, որ սա այս օրենքի 15-րդ տարբերակն է եւ ներկայացվում է որպես ամենակատարյալը։ Համենայնդեպս, առկա տրամադրություններն այդպես փոխանցեց տիկին Ոսկանյանը եւ վկայեց, որ կրթության փոխնախարար Միհրան Ստակյանը հայտարարել էր, թե անկախ այս օրենքի նկատմամբ առարկություններից՝ այն պիտի ընդունվի։ Մինչդեռ տիկին Ոսկանյանը, որ 30 տարվա մանկավարժ է, պնդում էր, թե սա ուղղակի ՌԴ համապատասխան օրենքից արտագրված, անհաջող թարգմանված եւ լուրջ խմբագրման կարիք ունեցող, գրեթե չտեղայնացված մի նախագիծ է։

Բնորոշումների ցանկն այսպիսով չսպառվեց՝ «անկատար, թերի օրենք», «անհստակությունների եւ ոչ ճիշտ ձեւակերպված հոդվածների մի խառնաշփոթ է այս նախագիծը» եւ այլն։ Ներկայացված նկատառումներից էր, թե օրինագծում սահմանված չեն ուսուցչին ներկայացվող անձնական եւ մասնագիտական հատկությունները։ Տիկին Ոսկանյանը գտնում էր, մասնավորապես, որ ուսուցիչը պիտի ֆիզիկապես կատարյալ լինի։ «Աշոտ Էլչի- Բլեյանը ֆիզիկապես առողջ է՝ նա լա՞վ ուսուցիչ է,- հետաքրքրվեց Նորայր Խանզադյանը- Իսկ, օրինակ, ես ոտքից կաղ եմ, բայց…»։ «Դուք իրավունք չունեք ուսուցիչ աշխատելու»,- կտրուկ եւ անառարկելի տոնով ընդհատեց նրան տիկին Ոսկանյանը, որն ուսուցչի համար պարտադիր էր համարում նաեւ «բարոյապես անաղարտ լինելը եւ բազմաթիվ այլ առավելություններ ունենալը»։

Ի դեպ՝ նաեւ բժիշկների համար։ «Եվ հարսնացուների»,- լրացրեց նրան դիվանի փոխխոսնակը՝ Արամ Հարությունյանը։ Ինչեւէ, բացասական վերաբերմունքն այս օրինագծի նկատմամբ մանրամասն հիմնավորելով, տիկին Ոսկանյանն ի վերջո ասաց. «10 տարի ուշացրել ենք այս օրենքի ընդունումը, ինչ հնարավոր է քանդել՝ քանդվել է։ Մի տարի էլ սպասենք՝ թող այդ քանդվածի վրա մի քար էլ ավելանա՝ ինչ է պատահել։ Բայց թող մի քիչ էլ մշակվի եւ ավելի կատարյալ օրենք մտնի խորհրդարան»։ Դիվանի խոսնակը հիշեցրեց, որ ԻՄ-ը միշտ օրենքի չգոյությունից նախընտրել է թեկուզ վատ օրենքը։ Սակայն այս հիշեցումը միանշանակ չընդունվեց։ Ինչեւէ, քննարկման արդյունքն այն էր, որ որոշեցին ի գիտություն ընդունել Շողեր Ոսկանյանի առաջարկները «Կրթության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031