Երեկ երեկոյան՝ առայժմ «Արմենիա» հյուրանոցի երկրորդ մասնաշենքում համատեղ ասուլիս տվեցին հյուրանոցի նոր սեփականատերերը, «Մարիոտ ինտերնացիոնալ» ֆիրմայի ներկայացուցիչը եւ հյուրանոցի նոր գլխավոր մենեջերը։
Ասուլիսը վարում էր ՀՀ արդյունաբերության նախարար Գառնիկ Նանագուլյանը։ Ասուլիսի ընթացքում լրագրողներին բաժանված փաստաթղթերում կարեւոր մանրամասներ կային հյուրանոցի վաճառքի գործարքի մասին։ «Հյուրանոցը գտնվում է Երեւանի կենտրոնում, Հանրապետության հրապարակում եւ բաղկացած է երկու առանձին շինություններից, որոնք իրար են միանում միջանցքով»։ Լրագրողներին արտասահմանյան տուրիստների տեղ դրած փաստաթուղթը (որի հեղինակը, հավանաբար, արդյունաբերության նախարարությունն է) համոզում էր նաեւ, որ հյուրանոցի մոտ գտնվում է կենտրոնական փոստատունը։
Այսօրինակ մանրամասներից հետո ասուլիսի ընթացքում պարզվեցին այլ փաստեր։ Սեփականաշնորհման պահին հյուրանոցի հաշվին կար 400 հազար դոլար։ Վաճառքի բանակցությունները տեւել են մոտ մեկ տարի։ Վաճառքի արդյունքներից գոհ էին եւ արդյունաբերության նախարարը, եւ գնորդները։ Մարիոտի ներկայացուցիչը պահանջում է հյուրանոցը վերակառուցել միջազգային չափանիշներով՝ գործող 380 սենյակների փոխարեն մնալու են 229 սենյակներ։ Մարիոտի կոմպյուտերային համակարգին միանալու համար այս կազմակերպությունը պահանջում է 1,5 մլն դոլար։ Հյուրանոցի ներսում համակարգչային ցանցի անցկացման համար կծախսվի մոտ կես մլն դոլար։ Գնող կողմը, որ լրագրողներին բաժանված փաստաթղթերի համաձայն, «բաղկացած է հայտնի ամերիկահայերից», պարտավորվել է 22 մլն դոլարի ներդրումներ կատարել հյուրանոցի վերակառուցման եւ վերազինման համար։
«Առավոտի» հարցին պատասխանելիս սփյուռքահայ սեփականատերերը պատասխանեցին, որ վերակառուցման աշխատանքների ընթացքում ձգտելու են ներգրավել տեղական աշխատուժ։ Նրանք արդեն որոշ պատվերներ տվել են մեր նախագծող ինժեներներին։ Մեր կողմից ավելացնենք, որ վաճառքի պայմանագիրը նման պահանջ չի արձանագրում եւ այն մնում է սփյուռքահայ գործարարների բարի կամքի հույսին։ 22 մլն դոլարի մեկ երրորդը ծախսվելու է սարքավորումների ձեռքբերման նպատակով, երկու երրորդը՝ շինարարության վրա։ Ասուլիսի վերջում սփյուռքահայ գործարարները նշեցին, որ ներդրվող գումարի կեսը անձնական միջոցներ են, մյուս կեսը՝ վարկային միջոցներ։ Նրանք նշեցին, որ վարկատու շատ հեղինակավոր կազմակերպություններ հյուրանոցը գնելու իրենց գործարքը բարձր են գնահատում։ Այդ կազմակերպություններից շատերը պատրաստ են վարկային միջոցներ տրամադրել եւ իրենք են որոշելու, թե ում առաջարկն են ընդունելու։
Կարդացեք նաև
Մարիոտ միջազգային կազմակերպությունը աշխարհի 53 երկրում 1700 հյուրանոցներ ունի եւ դրանցում տեղադրելու է «Մարիոտ Արմենիայի» գովազդը։ Նշենք նաեւ, որ հնարավորության դեպքում հյուրանոցը մաս-մաս է վերանորոգվելու։ Վերանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2001 թվականին։
ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ