Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔԽ-ը փորձում է ինքն իրեն արդարացնել

Հոկտեմբեր 30,1998 00:00
hrant xachatryan

Երեկ, ՀՀ նախագահին կից Քաղաքական խորհրդի հերթական նիստից հետո, ՔԽ-ի գործադիր քարտուղար Հրանտ Խաչատրյանը լրագրողներին ասաց, որ «հայտնելու արդեն սկզբունքային առումով բան» ունեն։ ՔԽ-ը ընդունել է ՀՀ նախագահին ներկայացվող առաջին եզրակացությունը (երեկվա նիստին ներկա չեն եղել «Շամիրամի», ՀՀՇ-ի, «Երկրապահի» ներկայացուցիչներ, իսկ ԻՄ-ի ներկայացուցիչը մասնակցել է միայն մեկ հարցի քննարկմանը), որը վերաբերում է էլեկտրաէներգիայի սակագնին։Այն միտքը հայտնվեց, թե ՔԽ-ի երեկվա նիստից բացակայող կուսակցությունները գտնում են, որ Հայաստանում Ազգային համաձայնություն հնարավոր չէ կամ էլ չեն ուզում, որ այդպիսին հնարավոր լինի։

Քննարկվել է նաեւ նախորդ իշխանությունների քաղաքական ուղեգծի գնահատականի կազմակերպչական հարցը՝ թե ինչ մոտեցումներ է ունենալու ՔԽ-ը այս խնդրին, թե ինչպես է դա քննարկվելու հասարակության այլ շերտերի, ՔԽ-ում չընդգրկված քաղաքական կազմակերպությունների հետ եւ այլն։ Ներքին կազմակերպչական հարցերից մամուլի եւ հատկապես ԻՄ-ի համար մեծ հետաքրքրություն ներկայացնողը ՔԽ-ի գործադիր քարտուղարի ընտրության կարգն էր, որի առնչությամբ, ըստ պրն Խաչատրյանի, ԻՄ-ը ոչ թե առաջարկություններ էր անում, այլ «կասկածի տակ էր դնում այդ հարցի վերաբերյալ նախնական որոշումները»։ՔԽ-ի անդամ կազմակերպությունները քվեարկությամբ վերահաստատել են «այն սկզբունքը, որ ՔԽ-ի գործադիր քարտուղարը քաղաքական անձ է, որն ընտրվում է 3 ամիս ժամկետով, ռոտացիայի սկզբունքով եւ վերընտրվելու իրավունքով»։

«Առավոտ»-ին հետաքրքրում էր այս քվեարկության նկատմամբ ԻՄ-ի ներկայացուցչի վերաբերմունքը։ Պարզվեց, որ Ռուբեն Վարդանյանը կամ չի կիսում իր, ավելի ճիշտ՝ ԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի վճռականությունը՝ քվեարկության նման արդյունքի դեպքում լքել ՔԽ-ը, կամ տեղյակ չէր դրան, կամ էլ ժամը 13.00-ից մինչեւ 17.00-ն ԻՄ նախագահի վճռականությունը հասցրել էր «սասանվել»։

Հավանաբար, վերջինը, որովհետեւ Ռ. Վարդանյանը ՔԽ-ին հայտնել է, որ այդ հարցը նորից պիտի քննարկվի ԻՄ-ում։ ՔԽ-ի սոցիալ-տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Աղամալյանը հայտնեց, որ իրենց հանձնաժողովի ներկայացրած «ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի մասին» նախագիծը հաստատվել է ՔԽ-ի երեկվա նիստում։ Ըստ այդ նախագծի՝ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու հիմքեր չկան, հակառակը՝ կան բոլոր հիմքերը՝ սակագինը մոտավորապես 25 տոկոսով իջեցնելու։ Ընդ որում, սա որպես առաջին քայլ, որից «հետո պետք է գնա երկարատեւ աշխատանք հետագայում համակարգը բարելավելու ուղղությամբ», ինչը կարող է հանգեցնել սակագնի հետագա իջեցմանը։ Այս փաստաթուղթը, ըստ պրն Աղամալյանի, ստեղծվել է պրոֆեսիոնալ մասնագետների 5-ամսյա աշխատանքի արդյունքում։ (Այդ մասնագետներից շատերը ցանկություն են հայտնել անհայտ մնալ)։ Այն դեռեւս աշխատանքային փաստաթուղթ է եւ կարիք ունի միայն խմբագրական փոփոխությունների։

Ըստ պրն Աղամալյանի, էլեկտրաէներգիայի սակագինը 25 տոկոսով հնարավոր կլինի իջեցնել, եթե կիրառվեն «այստեղ ներկայացվող 6 կետ պարզ առաջարկությունները»։ Մինչեւ ՀՀ նախագահին ներկայացնելը փաստաթուղթը ՔԽ-ը չի հրապարակի։ Ինչպես Ալեքսանդր Աղամալյանը «պայմանականորեն» արտահայտվեց, «հակադիր կողմի»՝ էներգետիկայի հանձնաժողովի փաստարկներին կան հակափաստարկներ։ Մասնավորապես էներգետիկայի հանձնաժողովի այն եզրակացության հետ, թե բնակչությունից գանձվող սակագինը էլեկտրաէներգիայի ինքնարժեքից ցածր է, համաձայն չէ ՔԽ-ը, որի հաշվարկներով 1 կվտ էլեկտրաէներգիան արժե 21,62 դրամ՝ բնակչությունից այսօր գանձվող գումարը։ ՔԽ-ի տպավորությունն է, որ կառավարությունն իր խնդիրները փորձում է լուծել ամենահեշտ ճանապարհով՝ բնակչությունից գանձելով այդ գումարները։

Եթե ՔԽ-ին չհաջողվի իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը, պիտի ձգտի այն գումարները, որոնք էլեկտրաէներգիայի ռեալ եւ ներկայացվող սակագների տարբերությունից են առաջանում, «օրինականորեն» գանձվում են, «գրպանվում» եւ «ծառայում են մի փոքր նեղ խումբ մարդկանց սոցիալական բարեկեցությանը», «տրամադրվեն կամ համակարգի բարելավմանը, կամ մտնեն պետական բյուջե»։

ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031