Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՁՈՒՅԼ ԿԱՌՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՔԽ-ԻՆ ԱՅԺՄ ՄԻԱՅՆ «ՇԱՄԻՐԱՄՆ» Է ԽԱՆԳԱՐՈՒՄ

Հոկտեմբեր 30,1998 00:00
Vano Siradexyan

ՀՀՇ վարչության նիստը երեկ ավարտվեց ժամը 21-ին։ Շուրջ 3 ժամանոց քննարկման ընթացքում արծարծված թեմաները ներկայացրեց ՀՀՇ վարչության նախագահ Վանո Սիրադեղյանը։

-Երկու հարց ենք քննարկել։ Նախ, շարունակեցինք ընտրական օրենսգրքի նախագծերը քննարկել։ ՀՀՇ հանրապետական խորհուրդը հանձնարարել էր, որ վարչության առաջիկա նիստերից մեկում քննարկվի Քաղաքական խորհրդում մասնակցության նպատակահարմարության հարցը։ Խորհրդում էլ էր այդ հարցը քննարկվել, նաեւ վարչության նախորդ նիստում, եւ այս նիստում միաձայն ընդունվեց ՔԽ-ից դուրս գալու վերաբերյալ որոշումը։

-Հիմնավորումները որո՞նք են։

-Երբ մենք որոշեցինք մասնակցել ՔԽ-ի աշխատանքներին՝ նախնական համաձայնություն էին տվել նաեւ ԱԺՄ-ն ու կոմկուսը։ Չնայած շատ վստահ չէինք, բայց կարելի էր ենթադրել, որ Քոչարյանին աջակցած մանր-մունր կազմակերպություններից զատ, ՔԽ-ում կընդգրկվեն նաեւ այլ կուսակցություններ, որոնք չեն մասնակցել Քոչարյանի նախընտրական շտաբի աշխատանքներին։ Եվ հնարավոր էր, որ ՔԽ-ն, իրոք, Հայաստանի քաղաքական «սպեկտորը» ինչ-որ չափով ներկայացներ։ Բայց մի քանի ամսվա մասնակցության փորձը ցույց տվեց. այդ «սպեկտորը» գոնե մասամբ ներկայացված չէ։ Բոլոր լուրջ ուժերը դրսում են, չեն մասնակցում այդ խորհրդի աշխատանքներին։ Եվ չնայած մեր նախնական ցանկությանը՝ իշխանության կողմից առաջարկվող ինչ-ինչ կառուցողական կառույցների, քաղաքական դաշտի ստեղծմանը մասնակցել՝ դա չստացվեց։ Եթե ՔԽ-ում հիմնական կուսակցությունները չկան՝ ՀՀՇ-ի գոյությունն այնտեղ արդեն անիմաստ է դառնում։

-Ձեր թվարկած բոլոր իրողություններն առկա էին անցած ամիսներին։ Սակայն ՀՀՇ-ն դուրս է գալիս ՔԽ-ից միայն այժմ, երբ այդ կառույցը պատրաստվում է գնահատել նախորդ իշխանությունների վարած քաղաքական ուղեգիծը։ Արդյոք այս հանգամանքը վճռորոշ չի՞ եղել ՀՀՇ-ի այս որոշման համար։

-Ո՛չ։ Եթե հասարակությանը հիմա հայտնի դարձավ այդ գնահատականի մասին՝ մեր մասնակցության շնորհիվ արդեն 2-3 ամիս առաջ էր մեզ հայտնի, որ նման գնահատականի նախապատրաստություններ են արվում։ Եվ դա խորհրդի հիմնական խնդիրներից մեկն էր։ Եթե դա լիներ պատճառը՝ մենք պիտի վաղուց դուրս եկած լինեինք։ Իրոք, պարզապես աշխատանքն է անպտուղ ստացվում։ Սա Ռոբերտ Քոչարյանի շտաբի հետընտրական գործունեությունն ապահովելու ինչ-որ ինքնանպատակ խնդիր լուծող կառույց է։

-ՔԽ-ի գործադիր քարտուղարը ճեպազրույցում մի այսպիսի հայտարարություն է արել, որ այս կառույցի աշխատանքներին մասնակցել հրաժարվողները փորձում են այն համոզումը սերմանել, թե ազգային համաձայնության գաղափարը Հայաստանում անիրագործելի է։ Ձեր գնահատմամբ, իրականությանը համապատասխանո՞ւմ է այս պնդումը։

-Մեր որոշման մեջ այդ հարցի պատասխանը պարունակվում է. ՔԽ-ի այսօրվա կազմով եւ վիճակով է ազգային համաձայնության գաղափարը պարզապես վարկաբեկվում։

-Իսկ ի՞նչ որոշում ընդունեցիք ընտրական օրենսգրքի տարբերակների վերաբերյալ։ Որի՞ն եք նախապատվություն տալու հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստում։

-Որոշում չենք ընդունել։ Քննարկումները շատ բարդ ու երկարատեւ են ընթանում։ Պայմանավորվեցինք այդ հարցի քննարկումները մյուս հինգշաբթի շարունակել։ Եթե ԱԺ-ում անհրաժեշտ լինի որեւէ տարբերակ հիմք ընդունելու համար որոշում կայացնել՝ արտահերթ նիստ կանցկացնենք, որպեսզի խմբակցության եւ վարչության կարծիքը միասնական լինի։

Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031