Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՍՕՐՎԱ ՍՈՒՊԵՐ ՆԱԽԱՐԱՐՆ Է»

Հոկտեմբեր 30,1998 00:00
Serj Sargsyan

«Հայրենիք» պատգամավորական խմբի անդամ Մկրտիչ Գիմիշյանի ասելիքի թեման ՀՀ ՆԳ եւ ԱԱ նախարար Սերժ Սարգսյանի հետ մամուլում հայտնված փոքր հարցազրույցն էր։ Սերժ Սարգսյանն իր կարծիքն էր արտահայտել այն օրենքի նախագծի վերաբերյալ, որն առաջարկել էր «Հայրենիքը»։ Խոսքը ԱԱ եւ ՆԳ նախարարության բաժանման մասին է։ Ե՛վ պրն Գիմիշյանի, ե՛ւ խմբակցության համար անհասկանալի էր պրն Սարգսյանի հիմնավորումը, թե՝ «Այդ օրենքի նախագիծն առաջարկող քաղաքական ուժը հույս ունի որոշակի լծակներ ձեռք բերել»։

«Անհասկանալի է,- չէր հասկանում Գիմիշյանը,- թե ինչպես կարող է «Հայրենիք» խմբակցությունը լծակներ ձեռք բերել»։ Ըստ պրն Գիմիշյանի՝ այն տարին, երբ Տեր-Պետրոսյանը միավորում էր այդ երկու նախարարությունները, կար սկզբունք , որ այդ նախարարությունները 6 ամիս անց դարձյալ պետք է բաժանվեն։ «Չի կարելի թույլ տալ, որ երկրում HKBD-ի նման մի բան գոյություն ունենա»։ Մկրտիչ Գիմիշյանը ասուլիսի ընթացքում ցավեց, որ նախարարի մտքերը հիմնականում հետին են։ Սակայն հետին մտքերում էլ Սերժ Սարգսյանը «մի անզգույշ միտք է հայտնել՝ կապված ընտրությունների հետ։ Դա այն է, որ այդ նախարարությունը բաժանելով՝ ինչ-որ ուժեր ուզում են լծակներ ձեռք բերել ընտրություններում որոշակի խնդիրներ լուծելու։ Դրանով ինքը հաստատել է, որ իր գլխավորած նախարարությունը հիմնականում զբաղվում է ընտրություններով»։ Այս հետեւությունը նախարարի «անզգուշորեն ասված միտքն է»։

«Այսօրվա սուպեր նախարարը դարձել է Սերժ Սարգսյանը։ Եվ եթե նույնիսկ նախարարությունը բաժանվի, ապա իր խորհրդով այնտեղ կնշանակվի մեկ այլ անձ, որը, չեմ կասկածում, որ լիարժեք կհամագործակցի Սերժ Սարգսյանի հետ՝ նույնիսկ ընտրական պրոցեսների մեջ»։

Պրն Գիմիշյանը մեկ այլ փաստ էլ բերեց, որը չի հրապարակվել ԱԺ նիստում։ Փաստը, ճիշտն ասած, պրն Գիմիշյանն էլ կարծես լավ չէր պատկերացնում։ «Բարեփոխումներ» պատգամավորական խմբից դուրս են եկել մի քանի անդամներ. «Այս պահին այնտեղ 10 հոգի չկա»։ Բադալյանի եւ Ենգոյանի դուրս գալն էր միայն մտապահել պրն Գիմիշյանը, մնացածներին չէր հիշում։ «Ես երեկվա դրությամբ անձամբ Ենգոյանից չեմ ստացել այդ ինֆորմացիան, բայց Բադալյանն ինձ ասել է, որ երկուսն էլ դուրս են եկել»։ Նշենք, որ Ենգոյանը նման հայտարարություն դեռեւս չի արել։ Պրն Գիմիշյանը բավարարվեց ասելիքի այս «չափաբաժնով»։

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք ակնհա՞յտ չէ, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը «Հայրենիքին» չի վերաբերում, եւ չի բացառվում, որ խոսքը «Երկրապահի» մասին է, պրն Գիմիշյանը վստահորեն ասաց, որ ըստ իր դիտարկումների՝ խոսքը նախաձեռնողների մասին էր, այսինքն՝ «Հայրենիքի»։

Լ. ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031