Հոկտեմբերի 29-ին «Երկրապահ» պատգամավորական խումբն ըստ էության կատարեց ընտրական օրենսգրքի իր տարբերակի շնորհանդեսը, որի շուրջ խորհրդարանական քննարկումները սկսվելու են գալիք երկուշաբթի հրավիրված արտահերթ նիստով։
Ներածական խոսքի հեղինակը պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էր, որը երկու մեջբերում արեց ֆրանսիացի նշանավոր մարդկանց ասույթներից, այն միտումով, որ դրանք երկուսն էլ պիտի բացառվեն։ Մեկ՝ որ «Ֆրանսիական հանրապետությունը ես եմ» եւ երկրորդ՝ «Գրեք կարճ ու անորոշ»։ Իսկ ըստ էության պարոն Դալլաքյանը հարկ համարեց ներկայացնել այն չորս սկզբունքային հարցերը, որոնք միանգամայն այլ շարադրանք ունեն ընտրական օրենսգրքի «Երկրապահի» տարբերակում՝ միասնական օրինագծի համեմատ։ Ու թեեւ իբրեւ երկրապահական նախագծի փորձագետ հրավիրված էր ակադեմիական ասպիրանտ Հրայր Թովմասյանը, սակայն ընդհանուր քննարկումներով միայն, եւ ոչ թե վերջինիս խոսքից պարզ դարձավ, որ «Երկրապահը» համամասնական-մեծամասնական տիրույթները բաժանում է համապատասխանաբար 51-80 մանդատների։
Հանձնաժողովների կազմավորման հիմքում դրված էր այն գաղափարախոսությունը, թե պետությունը պատասխանատվություն կրելով ընտրությունների անցկացման համար, հանձնաժողովներում ունենում է կառավարության կողմից նշանակվող 5 ներկայացուցիչ, իսկ մնացյալ տեղերը լրացնում են այն կուսակցությունները, որոնք կհավաքեն 35 հազարից ավելի ստորագրություն։ Երկրապահների դիտարկմամբ, նման հնարավորություն Հայաստանում ընդամենը 7-8 կուսակցություն ունի։ Սա եղավ այն միակ հարցը, որի վերաբերյալ գործնական առաջարկ հնչեց։ Այն ներկայացրեց ՌԱԿ ներկայացուցիչը, փաստարկելով, թե ոչ թե կառավարությունը 5 ներկայացուցիչ պիտի ունենա հանձնաժողովներում, այլ, եթե նկատի է առնվում 7-8 կուսակցություն միայն, 35000 ստորագրություն հավաքած կազմակերպությունների 1/3-ի չափով ընդամենը։
Բանակի հարցում ամենաթունդ առարկությունները ներկայացրեց ԱԺՄ-ի ներկայացուցիչ Ֆիլարետ Բերիկյանը, որը համարում էր, թե ընտրությունը կատարելու է բանակը, ընտրելով միայն զինվորականների։ Նա իր փաստարկը հիմնավորում էր նրանով, որ ցանկում, թե ով չի կարող դառնալ պատգամավոր, պաշտպանության նախարարության ներկայացուցիչներն ընդգրկված չեն։ Նա երկրապահական տարբերակը նույնիսկ երկրաքանդ համարեց։ Երկրապահները, իրենց մատուցմամբ, ծավալուն տեղ են հատկացրել նաեւ պատասխանատվության խնդրին։ Շուրջ 25-26 հոդված է գրված, որ վերաբերում է դրան։
Կարդացեք նաև
Կարեւոր համարվեց հատկապես այն, որ որեւէ համաներում չի տարածվելու ընտրական օրենսգրքի պահանջները խախտողների վրա, իսկ վերջիններս դատապարտվելու են մինչեւ 20 տարի ազատազրկման։ Այս ամենով հանդերձ, «Երկրապահն» իր օրինագիծը վերջնական չի համարում, որովհետեւ նախագիծը, Վիկտոր Դալլաքյանի խոսքերով, ընդամենը քննարկման կոնդիցիայի է բերված։ Ու քանի որ ընտրական օրենսգիրքը ձեւակերպումներից զատ, նաեւ քաղաքական կողմ ունի, մի մասով էլ քննարկումներն այդ ուղղությամբ ընթացան։ Դաշնակցական պատգամավոր Ռուբեն Հակոբյանը, ընդունելով հանդերձ, որ այս խորհրդարանում հնարավոր է անցկացնել ցանկացած օրինագիծ, կոչ արեց առավելապես խղճուկ եւ ոչ թե տարաբնույթ շահերով առաջնորդվել։
Այս առաջին քննարկումը, այդ իմաստով, կարծես թե, բավականին կառուցողական վերջաբան ունեցավ։ Երբ արդեն Ֆիլարետ Բերիկյանն ու կոմունիստ Ֆրունզե Խառատյանն արձանագրել էին, թե խորհրդարանը ներկայացուցչական-քաղաքական մարմին պիտի լինի, իսկ Վիգեն Խաչատրյանն էլ՝ հայտարարել, թե ընտրական օրենսգիրքն այն կայծն է, որից կրակ է բռնկվելու, ու սկսվելու է պայքար, սառույցը, կարծես թե, կոտրվեց։ Դրանից հետո խոսակցությունն առավելապես այն հարցի շուրջ էր, թե ինչպես գտնել ընդհանուր եզրեր։
Ա. Զ.