Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՔՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՀՈԳՍԵՐԸ

Հոկտեմբեր 29,1998 00:00
byuje

Հանրապետությունում սեփականաշնորհման գործընթացն ընթացավ արհեստական արագացված տեմպերով եւ հիմնականում նախքան բաժնետերերի եւ ընկերությունների գործունեության իրավադաշտի ձեւավորումը։ Ուստի ազգաբնակչության մեծ մասը խոշոր ու միջին ձեռնարկությունների եւ մյուս օբյեկտների մասնավորեցմանը ստիպված եղավ մասնակցել գրեթե կուրորեն։ Հարյուրավոր ընկերություններ ժամանակին նոր խմբագրությամբ կանոնադրություն չգրանցելու պատճառով, ըստ օրենքի, շարունակում են գործել անվավեր համարված հիմնադիր փաստաթղթերով։ Անարգել շարունակում են գործել նաեւ առանց պարտադիր տարեկան ժողովներ հրավիրելու եւ առանց բաժնետոմսերը կամ առնվազն դրանց հավաստագրերը թողարկելու։

Ավելին՝ շատ ընկերություններ օգտվելով Երեւանի աճուրդի կենտրոնի վճարովի ծառայությունից, իրենց «ապահովագրել» ու գրանցել են նոր խմբագրությամբ կանոնադրության տարբերակ, ուր ընդհանրապես չի նախատեսվում հրավիրել տարեկան ժողով։ Այս բազմաթիվ ընկերությունները, համառորեն շարունակելով գործել սովետական վարչահրամայական մեթոդներով, խրվել են օրինախախտումների մեջ եւ ըստ «բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի սահմանափակումների՝ վաղուց չեն համարվում ընկերություններ, եւ առկա են լուծարման հիմքերը։ Թե նման իրավիճակում ընկերությունների անվամբ տնտեսավարող օբյեկտներին ինչ կարգավիճակ կարելի է սահմանել, դա իրավաբանների որոշելու խնդիրն է։ Իսկ թե ում եւ ինչու է ձեռնտու ընկերությունների նման ինքնահոս վիճակը՝ դժվար է հասկանալ։

Այս պայմաններում «գործող» ընկերությունների փոքր եւ միջին բազմաթիվ բաժնետերեր խոշոր բաժնետերերի հետ ծագած հակադրությունները լուծելու, իրենց շահերը պաշտպանելու ակնկալիքներով տարիներով ապարդյուն թակում են պետական եւ իրավական տարբեր կառույցների դռներ։ Ապարդյուն, որովհետեւ որքան էլ տարօրինակ հնչի, հանրապետությունում չի գործում որեւէ պետական օղակ, որը ունենա բաժնետերերի, ընկերությունների առջեւ ծառացած խնդիրներին, կազմակերպական հարցերին պատասխանելու ու լուծում տալու իրավասություն, պատասխանատվություն ու պարտականություն։ Բնական է, նման պայմաններում ավելորդ է խոսել հանրապետությունում բաժնետերերի շահերի պաշտպանվածության մասին։ Նկատի ունենանք նաեւ, որ փոքր բաժնետերը չի էլ կարող օտարել իր համար երբեմն բեռ հանդիսացող բաժնետոմսերը։ Նախ՝ դրանց հիմնական մասը թողարկված ու գրանցված չէ եւ վերջապես չկա ծավալված շուկա, ուր գնագոյացման մեխանիզմ գործի։

Ամենեւին էլ պատահական չէ, որ վերջին երկու տարիներին մարդկանց մեջ հավատը եւ հետաքրքրությունը սեփականաշնորհման գործընթացի նկատմամբ սպառվել է եւ հարյուրավոր ձեռնարկությունների նույնիսկ կրկնակի բաժանորդագրությունները չկայացան։ Աճուրդի կենտրոնն ամայացել է։ Նախապես ակնկալելով խուսափողական ու հարցի էությունից չբխող պատասխաններ, հատուկենտ մարդիկ են դիմում խորհրդատվության։ Որոշ ժամանակահատվածի արգելակումից հետո, սեփականաշնորհման (հիմա՝ մասնավորեցման), հարահոսը վերանորոգվեց, նոր ձեւերի կիրառմամբ վերստին գործարկվեց։ Այժմ արդեն հիմնական շեշտը դնելով ազգային հարստություն ներկայացնող օբյեկտների միջազգային մրցույթով մասնավորեցման վրա՝ ճռճռալով, ճաքեր տալով գործում է։

Այս առումով հասարակության դժգոհությունները տեղին են։ Ճիշտ է, գործելակերպը պետբյուջեին կապահովի որոշակի մուտքեր եւ հանրապետությանը՝ աշխատատեղեր, սակայն միեւնույն է, գործողության մեջ դրված նոր ձեւերն այլեւս չեն ապահովի միջին ներդրողների ակտիվ մասնակցությունը գործընթացին։ Այնուամենայնիվ, փաստ է, որ այս կամ այն կերպ հանրապետությունում արդեն ձեւավորվել է տասնյակ հազարավոր փոքր եւ միջին բաժնետերերի իրավազուրկ խավ։ Բաժնետերերի եւ ընկերությունների գործունեության իրավադաշտը, ինչպես նաեւ գործող օրենքների կիրառման լծակները անկատար են։ Հազարավոր փոքր եւ միջին բաժնետերեր հայտնվել են անպաշտպան, անորոշ, սպասողական վիճակում։ Կազմակերպական գործունեությունը կարգավորող պետական օղակի բացակայության, առնչվող պետական մարմինների անտարբերության հետեւանքով հարյուրավոր ընկերություններ, շրջանցելով օրենքի պահանջները, վերածվել են խոշոր բաժնետերերի կամայական տնտեսավարման օբյեկտների։

Այս պայմաններում փոքր եւ միջին բաժնետերերից շատերը դարձել են բարեփոխումների խորթ զավակներ։ Իր հնարավորությունների սահմաններում նախաձեռնող խումբը կատարելով մի շարք ուսումնասիրություններ, հանգեց բաժնետերերին հասարակական միության շրջանակներում համախմբելու, նրանց ձայնը լսելի, խնդիրները լուծելի դարձնելու վաղուց հասունացած անհրաժեշտությանը։ Միությունը ենթադրում է, համագործակցելով պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, իրավական, հասարակական եւ քաղաքական կազմակերպությունների հետ, հետամուտ լինել հազարավոր բաժնետերերի եւ ընկերությունների շահերին։ Ծավալել բաժնետերերի եւ ընկերությունների գործունեության իրավական դաշտի, կազմակերպական աշխատանքի պարզաբանման ու կատարելագործման, ծագած հակադրությունների կարգավորման, մասնավորեցման կատարելագործմանը նպաստող աշխատանք։

Նպաստելով տնտեսավարման սկզբնական օղակների՝ ընկերությունների առողջացմանն ու կազմակերպչորեն ամրապնդմանը, միությունը ձգտելու է իր նպաստը բերել հանրապետության տնտեսության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը։

ԱՇՈՏ ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031