Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՎՔԵՐ ԵՆ ԸՆԴՈՒՆՈԻՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԸ

Հոկտեմբեր 29,1998 00:00
orenq

Այն, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի նախագիծը սխալների հանրագիտարան էր, չգիտեին միայն Ազգային ժողովի այն պատգամավորները, որոնք օրաթերթ՝ հատկապես «Հայաստանի Հանրապետութիւն» չեն կարդում։ Իսկ այն պաշտոնատարները, որոնք ոչ միայն կարդացել էին հիշյալ օրաթերթի այս տարվա հունվար-փետրվար ամիսների համարները եւ խոստացել էին հեղինակի գրավոր կարծիքը ուղարկել Մոսկվա եզրակացության համար, ոչ միայն իրենց խոստումը չկատարեցին, այլեւ ինչ-ինչ պատճառներով Ազգային ժողովից թաքցրեցին քաղաքացիական իրավունքի մասնագետների եւ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի խորհրդի բացասական կարծիքը։

Ինչո՞ւ։ Գուցե այն բանի համար, որ ժամանակ չունեին ընդունվելիք օրենսգիրքը (աղճատված թարգմանությունը) համեմատել իրենց ընկերների մասնակցությամբ երաշխավորված ԱՊՀ «Քաղաքացիական օրենսգրքի մոդելի» հետ եւ հետաքրքրության համար պարզել խեղաթյուրումների հիմնավորումները։ Կամ չգիտեին, որ քաղաքացիական իրավունքի լավագույն մասնագետների կողմից մշակված մոդելն ընդունվել է ԱՊՀ միջպառլամենտական ասամբլեայի կողմից նաեւ մեր հանրապետության օրենսդիր մարմնի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ավելի ճիշտ՝ նրանք չցանկացան պարզել, թե մեր արհեստավարժ ոչ մասնագետները «անվարձահատույց» շինիչ գործունեություն իրականացնելիս ինչո՞ւ ըմբռնումով չեն մոտենում շուկայական հարաբերությունների տնտեսական սահմանադրությանը։

Դե ինչ, դա Ազգային ժողովի գործն է, եթե, իհարկե, Ազգային ժողովը թեկուզ եւ գրպանի, ինքն է որոշում իր անելիքը՝ ինքն է ընդունում օրենքները։ Ինչպես ասում են՝ բակլան իմն է՝ ուզում եմ, խաշած եմ ցանում։ Իսկ եթե ինքը չի ցանում կամ ցանում է սերունդներ կերակրելու համար, ինչպես վարվենք, որտեղ փնտրենք պետության հպատակների ամենակարեւոր փոխհարաբերությունները կանոնակարգելու համար բակլան խաշած ցանողներին։ Ունե՞նք, թե՞ չունենք խորհրդարան. սա է հարցը։ Պարզվում է, որ ունենք, այն էլ երկուսը՝ մեկը ձեւական ընտրված, մյուսը՝ ստվերային, չընտրված։ Այլապես ինչպես բացատրել, որ երեք ժամվա ընթացքում երեք ընթերցում անցած, երկրորդ ընթերցման ժամանակ դիտողությունների չարժանացած, առաջարկություններ չտեսած 1293 հոդվածից բաղկացած քաղաքացիական օրենսգիրքը հանրապետության նախագահին է մատուցվում այնպիսի փոփոխություններով, որոնց մասին հանրապետության «միակ» օրենսդիր մարմնի պատգամավորները գաղափար չունեն։

Թույլ տվեք հարցնել, այդ ինչպե՞ս պատահեց, որ երկրորդ ընթերցմամբ ձեր կողմից ընդունված 30 գլուխներում կար 496 հոդված, իսկ երրորդ ընթերցմամբ, առանց մի բառ անգամ արտաբերելու, ընդունեցինք 469 հոդված, ո՞ւր անհետացան 27 հոդվածները։ Բարի եղեք բացատրել, ո՞ր Ազգային ժողովն է վավերացրել օրենսգրքի հոդվածների փոփոխությունները, նոր տոմարով 38, 87, 104, 114, 140, 141, 165, 198, 203, 207, 218, 219, 220, 223, 225 եւ այլ հոդվածների ոչ միայն համարների, այլեւ վերնագրերի փոփոխությունները։ Ո՞ւմ սանկցիայով են անհետացել երկրորդ ընթերցմամբ ընդունված 19, 141, 162, 205, 218, 223, 224, 225, 230 եւ այլ հոդվածները։ Ովքե՞ր են քվեարկել 211, 212, 213, 214 հոդվածների ավելացման, փոխատեղությունների եւ այլ փոփոխությունների օգտին։ Ո՞ր Ազգային ժողովն է պատասխանատու կատարված բովանդակային փոփոխությունների համար։

Օրինակի համար, «սիրելի» պատգամավոր, վերցրու եւ համեմատիր քո (սատանան գիտե թե ում) ստեղծագործության արգասիքը հանդիսացող երկրորդ ընթերցման 212 եւ երրորդի 208 հոդվածները (համապատասխանորեն 227-223, 229-225), կամ ավելի լավ է վերցրու եւ համեմատիր երեք ընթերցումով անցած նախագծերը, նիստերի սղագրությունները եւ բնութագրիր ինքդ քեզ հանճարեղ Սունդուկյանի Պեպոյի խոսքերով։ Մի պահ մտածիր, թե ով է պատասխանատու քո անունից «ընդունված» օրենսգրքի բովանդակության հետագա աղճատման, նրանում տեղ գտած իրավական անգրագիտությունների եւ դրանց հետեւանքների համար։ Փաստ ես ուզում, խնդրեմ՝

Հոդված 25 (2-րդ ընթերցում, վերջին պարբերությունը) «Ամուսնությունը անվավեր ճանաչելիս դատարանը կարող է վճիռ կայացնել դատարանի կողմից որոշված պահից անչափահաս ամուսնու լրիվ գործունակության կորստյան մասին»։

Հոդված 24 (ստորագրված օրենսգիրք) «Ամուսնությունը անվավեր ճանաչելիս՝ դատարանը կարող է վճիռ կայացնել դատարանի կողմից որոշված պահից անչափահաս ամուսնու գործունակության լրիվ կորստյան մասին»։

Հարգարժան պարոնայք, ինչպե՞ս եք դուք ձեր իրավունքները վերազիջել ստվերային խորհրդարանին, երբ նրա անդամները լրիվ գործունակության կորուստը չեն տարբերում գործունակության լրիվ կորստից եւ խելահեղության կանխավարկածով, առանց բժշկական եզրակացության տասնյոթ տարեկան քաղաքացուն դարձնում են անգործունակ՝ հոգեկան հիվանդ։ Ինչպե՞ս եք մտածում կառուցել իրավական պետություն՝ ձեր անունից հրամցվող, ձեր կողմից չընդունված, անօրինական կարգով ստեղծվող օրենսդրությամբ։

ՏԱՐԻԵԼ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Հ. Գ. Ոչ վաղ անցյալում, երբ դեռ Գերագույն դատարանի նախագահն ու դատական բարեփոխումների պետական հանձնաժողովի անդամ էի, բարեփոխումների գործըթացը ղեկավարող բարձրաստիճան պետական այրերին խոստացել էի, անկախ նրանից, թե որտեղ կաշխատեմ, քաղաքացիական օրենսգիրքը առանց մասնագետների շտկումների ընդունվելու դեպքում սկսել հոդվածաշար՝ «Օրենսգիրք ունենք, աշխարհը չունի» վերտառությամբ։ Սակայն առաջին իսկ հոդվածի վրա աշխատելիս համոզվեցի, որ անհրաժեշտ է նախ գտնել այն խորհրդարանը, որը Ազգային ժողովի փոխարեն ապօրինածին օրենքներ է ընդունում, եւ հետո անդրադառնալ օրենսգրքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031