Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼԸ ՇՓՈԹՈՒՄ Է ԻՐ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

Հոկտեմբեր 29,1998 00:00
dat

Դատական նիստը սկսվեց

ՆԳ եւ ԱԱՆ 3-րդ գլխավոր վարչության 2-րդ ծառայության նախկին պետի, գնդապետ Սերգեյ Համբարձումովի պաշտպան՝ փաստաբան Ռ. Ռշտունու Էջմիածնի ժողդատարանի, դատախազի նկատմամբ բացարկ հայտնելով, քանի որ «դատաքննության ընթացքում, ինչպես ասվեց, գործով մասնակցող դատախազ պրն Գ. Ավետիսյանի կողմից ամբաստանյալ Ս. Համբարձումովի պաշտպանի, այսինքն՝ իմ նկատմամբ դրսեւորվեց տարօրինակ արհամարհական, դատավարական նորմերին հակասող վարքագիծ։ Դատախազն ինձ անընդհատ դիտողություններ է անում, խառնվում է իմ հարցադրումներին, նույնիսկ ծաղրանքով հայտարարելով. «դա ի՞նչ հարց է, որ…»։

Պաշտպանը նշեց նաեւ, որ ինքը բազմիցս «նիստում եւ նիստից դուրս» դիմել է դատավոր Հ. Սարգսյանին, «խնդրել կանխել իմ նկատմամբ դատախազի կողմից դրսեւորվող դատավարական եւ էթիկական նորմերի, իմ անձն ակնհայտորեն վիրավորող գործողությունները», սակայն դատական քննության մասնակիցների իրավունքների հավասարությունը խախտվել է, եւ դատարանն էլ ոչ մի միջոց չի ձեռնարկել։

Ավելացնենք նաեւ, որ բացարկում հնչեց նաեւ այն միտքը, որ սույն գործի քննությունն անցկացնելը Արմավիրի մարզի ցանկացած դատարանում համարվում է աննպատակահարմար։ Ամբաստանյալներից՝ Ս. Համբարձումովը միացավ իր պաշտպանի բացարկին (ի դեպ, նա հաղորդակցվում է թարգմանչի միջոցով- Ռ. Մ.)։ Բացարկը ձայնագրելու ժամանակ անհանգստության նշաններ ցույց տվեց հաջորդ ամբաստանյալը՝ ՆԳ եւ ԱԱՆ 3-րդ գլխավոր վարչության 2-րդ ծառայության նախկին օպեր-լիազորը, կապիտան Էդվարդ Ամիրջանյանը, որն օգտվելով իր իրավունքներից, ասաց, թե «լրատվամիջոցներն իրավունք չունեն ձայնագրելու»։

Ակնհայտ էր երկու բան. դռնբաց դատական նիստում ինքը չէ, որ պիտի որոշեր լրագրողի իրավունքները, այլ դատական նիստը նախագահող դատավոր Հ. Սարգսյանը։ Եվ երկրորդ. հավանաբար ամբաստանյալը կարծում էր, թե գտնվում է դեռ իր ծառայության մեջ… Դատարանը մերժեց պաշտպանի բացարկը եւ անցավ դատակոչված վկաների ցուցմունքների ունկնդրմանը։

«Հերթն» այս անգամ Էջմիածնի ՆԳ եւ ԱԱՆ 3-րդ գլխավոր վարչության 2-րդ ծառայության ավագ օպեր-լիազոր, մայոր Հարություն Մանասերյանինն էր, որը գերազանցելով շատ հաճախ իր՝ վկայի իրավասությունները, «սրտաբաց» օպերատիվ-ծառայողական տվյալներ հաղորդեց դատարանին, ինչի կապակցությամբ նույնիսկ դատավոր Հ. Սարգսյանն ասաց. «Լրագրողներին խնդրվում է չգրել…»։ Ընդամենը մեկ դետալ. ավագ օպեր-լիազորը խոսում էր չարաբաստիկ մի թղթապանակի մասին, որն ինքն է ստուգել (դատարկ է եղել), ապա այն կապել է։ Հետագայում «պարզվել է», որ այնտեղ եղել է 2600 ԱՄՆ դոլար, անընդհատ պնդում էր, թե իր կապածը ոչ ոք քանդել չի կարող։ Անսալով դատախազի միջնորդությանը, «դահլիճ հրավիրվեց» այդ չարաբաստիկ թղթապանակը, որը վկայի կողմից կապվեց։ Բայց ո՜վ զարմանք. դատավոր Հ. Սարգսյանը վայրկյանների ընթացքում քանդեց այն… ՆԳ եւ ԱԱՆ աշխատակցի բառամթերքն առավել քան ուշագրավ էր. այն համեմված էր հետեւյալ բառերով. «երեւակայիր… վոբշըմ, Գալչկա… ուրեմս»:

Դատարանը հարցաքննել է երկու ամբաստանյալներին եւ լսել 3 վկաների։ Դատաքննությունը շարունակվում է։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031