Լրահոս
Օրվա լրահոսը

Նվեր Չախոյանի համար ժամանակն էլ է ոսկի

Հոկտեմբեր 29,1998 00:00
Nver Chakhoyan

ԱԺ պատգամավորներին առանձնապես շփվող ու մարդամոտ չես համարի։ Ամենաչշփվողներից մեկն էլ պատգամավոր Նվեր Չախոյանն է, որից փորձեցի ճշտել՝ ինչո՞ւ է բացառապես հաղորդակցվում մի քանի պատգամավորների հետ միայն։ (Հարցիս պատասխանեց «որպես քրոջ»։ Եվ քանի որ քույրությունը պարտավորեցնում է, ձայնագրիչս անջատած պահին նրա ասածն առայժմ չեմ տպագրի։ Նվեր Չախոյանը խոստացավ 2-3 ամիս անց «հատուկ ինձ» հարցազրույց տալ)։

-ԱԺ-ում շփվում եմ սահմանափակ թվով մարդկանց հետ։ Շփվում եմ իմ ընկերների հետ «Հանրապետական» բլոկից, «Երկրապահից» տղաներ կան։

-Կողքից դիտողի համար այսպիսի տեսարան է բացվում. դուք եք, էլի 3-4 պատգամավոր, իսկ շատերին անգամ չեք բարեւում։

-Գտնում եմ, որ այդ մարդը բարեւի արժանի չի, եթե չեմ բարեւում։ Բայց նման մարդիկ, ինձ թվում է, ԱԺ-ում չկան։

-Դա պայմանավորում եք նրանո՞վ, որ ԱԺ-ն ձեզ սատարեց եւ, այսպես ասած դատախազության ձեռքը չհանձնեց։

-Ասեմ, սատարելը ԱԺ-ն արեց։ ԱԺ-ն ցույց տվեց իր մոտեցումը տվյալ հարցի վերաբերյալ։ Ես չէի էլ կասկածում, որ Ազգային ժողովը նման որոշմանը կողմ պետք է սեղմեր։ Այնտեղ գործ չի եղել։ Մեղադրանքը հիմնավորված չէր։

-ԱԺ-ի՝ ձեզ պաշտպանելուց հետո դատախազություն չե՞ք հրավիրվել։

-Դա թողեք միայն ես եւ դատախազությունն իմանանք։

-Հաջորդ խորհրդարանական ընտրություններին ձեր թեկնածությունը պատրաստվո՞ւմ եք առաջադրել։

-Ժամանակը ցույց կտա, դեռ չեմ որոշել։ Ես ամեն օր իմ ընտրատարածքում եմ լինում, քանի որ այնտեղ եմ բնակվում։ Իմ բնակիչները լավ գիտեն թե՛ ինձ, թե՛ իմ բնավորությունը։

-Ներեցեք, խոսքը ո՞ր բնավորության մասին է։

-Չեմ սիրում շատ խոսել։ Գործով։ Իմ անցյալը ցույց է տալիս, որ ես ավելի շատ գործով եմ անում, քան խոսքով։

Նվեր Չախոյանը ցանկություն հայտնեց իր 30-ամյա անձի նկատմամբ հետաքրքրությունը չբորբոքելու եւ ավելորդ անգամ իր վրա ուշադրություն չսեւեռելու նպատակով այս փոքրիկ զրույցն էլ չտպագրել։ Բայց ինչո՞ւ անուշադրության մատնել Աֆղանստանում 2 տարի ծառայած, Արցախում ջոկատ ղեկավարած, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի արաբական բաժինն ավարտած այս երիտասարդին։ Ինչո՞ւ։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031