Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱ ՄԻՆՈՒՍ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԲԱԼԱՆՍԻՆ

Հոկտեմբեր 29,1998 00:00
Ara Sahakyan

Ընթացիկ շաբաթվա սկիզբը նշանավորվեց նրանով, որ Եվրոպայի խորհրդից նամակ ստացվեց, թե հետաձգվում է նոյեմբերի 3-ին Ստրասբուրգում նախատեսված Հայաստան-Ադրբեջան-Լեռնային Ղարաբաղ ֆորմատով կայանալիք հանդիպումը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ նախորդել էր Ադրբեջանի հայտարարությունը, թե մտադիր չէ Ստրասբուրգ մեկնել։

Տեղի ունեցածն «Առավոտի» համար մեկնաբանում է ԱԺ նախկին փոխխոսնակ Արա Սահակյանը.

-Փաստն ինքնին ոչ միայն տհաճ է եւ մտորելու առիթ է տալիս, այլեւ ստիպում է մեկ անգամ եւս վերհիշել ու դրա հիմքի վրա էլ հասկանալ, թե ինչ կարող են անել խորհրդարանականները պետությունների կյանքում։ 20-րդ դարում աստիճանաբար ավելի է արմատավորվել այն տեսակետը, որ կոնֆլիկտող երկրների միջեւ հարաբերությունների ջերմացման, եւ դրանք վերստին նորմալ հուն դնելու հարցում մեծ դեր են ունենեւմ խորհրդարանականները։ Բուն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման առնչությամբ թե՛ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, թե՛ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում եւ թե՛ միջազգային ու ռեգիոնալ այլ խորհրդարանական ֆորումներում ու կազմակերպություններում որոշակի դրական աշխատանք է կատավել, ավելի հասկանալի դարձնելու կողմերի տեսակետը եւ նրանց դիրքորոշումները մերձեցնելու նպատակով։

Թվում էր, թե Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նախաձեռնությունն այս շարքում կարող էր ուրույն տեղ ունենալ։ Սակայն, ինչպես երեւում է, Եվրոպայի խորհրդի ղեկավարությունը չցանկացավ արձագանքել քաղաքական հանձնաժողովի նախաձեռնությանը եւ մի կողմ քաշվեց այնպիսի մի նշանակալի հակամարտության լուծմանն աջակցելու առաքելությունից, ինչպիսին է կոնֆլիկտը Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Սա պետք է մինուս համարել Եվրոպայի խորհրդի բալանսում։ Այս հարցում, նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանն աջակցելը, ոչ միայն կրավորական դիրքորոշում է նկատելի, այլեւ, կարծես թե, առաջին նախանշաններն այն բանի, որ Հայաստանն ու Ադրբեջանն առանձնացվելու են Վրաստանից եւ հունվարյան վեհաժողովում չեն կարողանալու մաս կազմել Եվրոպայի խորհրդին։

Ահա այս դիսկրիմինացիոն քաղաքականության առաջին տարրերից մեկն եմ համարում տեղի ունեցածը, ինչը, պետք է ասել, անհեռանկար քաղաքականություն է եվրոպական այդպիսի հեղինակավոր կազմակերպության կողմից։ Բանն այն է, որ տարածաշրջանի երկրների նկատմամբ երկակի ստանդարտների կիրառումը, նրանց միջեւ գոյություն ունեցող հակամարտությունների լուծմանը չաջակցելը, այդ կազմակերպության հեղինակությունը երբեք էլ չի ավելացնի։ Սակայն պետք է շարունակել մեր ջանքերը եւ այս առումով, կարծում եմ, որ խորհրդարանական բոլոր խմբակցությունները, անկախ իրենց ունեցած ազդեցության չափից (գտնվում են նրանք իշխանության ճամբարում, թե ընդդիմության մեջ են), համատեղ պետք է օժանդակեն այն բանին, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ կոնֆլիկտի բոլոր կողմերը (Հայաստան, Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ) բանակցությունների սեղանի շուրջ նստելու հնարավորություն ստանան բոլոր մակարդակներում։ Մեր դեպքում կոնկրետ՝ դա խորհրդարանական մակարդակն է։

-Բայց, պարոն Սահակյան, դուք շատ կատեգորիկ եք արտահայտվում՝ թե Եվրոպայի խորհուրդը խուսափեց, զերծ մնաց, պատասխանատվություն չվերցրեց եւ այդօրինակ բաներ այն պայմաններում, երբ հայտարարվել է, որ հանդիպումը խորհրդարանական մակարդակում, պարզապես հետաձգվում է մինչեւ ամենաուշը Ծննդյան տոներ։ Ինչպես հասկանանք իրականության եւ ձեր մեկնաբանության միջեւ եղած աղաղակող տարբերությունը։

-Մնացածը տակտիկական հարցեր են։ Հետաձգումը մինչեւ դեկտեմբեր, հետագայում կարող է նոր հետաձգման հանգեցնել՝ ասենք, մինչեւ հունվար, իսկ հունվարին տեղի է ունենալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստ։ Ցանկացած քաղաքական քայլ հրատապ է դառնում, երբ հասնում է իր նախապատրաստման, ինչպես նաեւ հասարակական հնչեղության կիզակետին։ Հայաստանի հասարակական միտքը բավականին դրական էր ընդունել այս նախաձեռնությունը։ Բոլորս սպասում էինք ու գնահատում սա, որպես կարեւոր առաջընթաց քայլ։ Ձախողվեց քայլն ինքը, իսկ ժամկետները կարող են հետաձգվել ու հետաձգվել անվերջ։

Հարցազրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031