Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՇՐՋԱԴԱՐՁ

Հոկտեմբեր 29,1998 00:00

ԱԺ կանոնակարգով նախատեսված խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ փաստվեց, թե կառավարությունն, ըստ էության, այս արարողակարգի ժամանակ չի պատասխանում որեւէ հարցի… չէ, չէ, մի քիչ չափազանցրինք, ավելի ճիշտ՝ հարցերի մեծագույն մասին։ ԱԺ փոխնախագահ Յուրի Բախշյանը պատգամավորներից մեկի հարցին տրված գրավոր պատասխանը համարեց ամենեւին էլ հարցին չվերաբերող։ Այս մասին խոսեց նաեւ պատգամավոր Սեյրան Ավագյանը՝ ունենալո՞ւ ենք խորհրդարանում, առհասարակ, հարցին պատասխանելու կուլտուրա, թե՞ կարող ենք մոռանալ դրա մասին։ Եղան նաեւ այլ պատգամավորներ, որոնք եւս բողոքեցին, թե իրենց հարցերին չառնչվող պատասխաններ են հնչում։

Առավել հետաքրքիր էր «Երկրապահ» պատգամավորական խմբի ներկայացուցիչ Մյասնիկ Մալխասյանի հարցադրումը։ Հարցն ուղղված էր փոստի եւ հեռահաղորդակցության նախարարին. ի՞նչ ճակատագիր է ունենալու «Նորք» հեռուստաընկերությունը, երբ կառավարության վճռով որոշվել է մետրային ալիքի օգտագործման համար հայտարարել մրցույթ եւ նույն կառավարության մեկ այլ որոշմամբ էլ՝ 1999 թվականի հունվարի 1-ից նույն մետրային ալիքով մշակութային ծրագրեր հեռասփռելու փաստաթուղթ է ստորագրվել։

Նախարար Արտակ Վարդանյանն ասաց, որ առհասարակ դիտարկվում են ռադիոտիրույթի FM հաճախականությունները, ինչպես նաեւ մետրային եւ դեցիմետրային հեռուստաալիքները մրցութային կարգով բաշխելու հնարավորությունը։ Մանավանդ, որ մինչեւ հիմա այդ բաշխումը կատարվել է անարդյունավետ՝ բազմաթիվ չվճարումներ կան։ Հիմա խնդիրը, մինչեւ կառավարության քննարկմանը ներկայացվելը, լուծվում է արդարադատության նախարարության հետ, որ ընթացակարգն էլ ավելի հղկվի։ Ինչ վերաբերում է «Նորք» հեռուստատեսության հետագա ճակատագրին, ապա, ինչպես նշեց նախարարը, նպատակահարմար, իրատեսական ու արդյունավետ չի համարվում երկու պետական հեռուստաալիքի գոյությունը։ Ավելի առողջ է այն մոտեցումը, որ ֆինանսական միջոցները Հայաստանի պես պետությունում կենտրոնացվեն։

Գալով մետրային ալիքի հետագա օգտագործման հարցին, նախարարն ասաց, թե կառավարությունն, իրոք, մշակելու է այն մրցութային կարգով օգտագործման հանձնելու ծրագիր, իսկ մշակութային ալիքի հիմնադիրները գումարներ են մուծելու, որոնք կծառայեցվեն Ազգային հեռուստատեսության զարգացմանը։

Մշակութաբանական հարցադրումներով հանդես եկավ պատգամավոր Էռնեստ Սողոմոնյանը. «հայերը մշակութային ժողովո՞ւրդ են, թե՞ դա բացառապես հնչյունների մենաշնորհն է» հարցադրմամբ։ Կրթության նախարար Ռոլանդ Շառոյանի պատասխանները, ըստ էության, մի շարք պարզաբանումներ մտցրին։ Նախ, որ պետական թատրոնները փակ բաժնետիրական ընկերություններ չեն դարձվելու։ Նման հեռանկար միայն 2, 3, 5 դերասան ունեցող թատրոններին է սպասվում։ Շուրջ 20 օր առաջ ստեղծվել է «Մշակույթի զարգացման հիմնադրամ», որը հովանավորչական գործունեություն կծավալի, իսկ «Պայացների» համար 5 մլն դրամ կփոխանցվի օպերային թատրոնին՝ հովանավորներից հայթայթվելիք գումարների հաշվին։

Արշակ Սադոյանն էլ, որն էլի բողոքեց, թե իր հարցին պատասխան չի տրվում, խոսքը սկսեց՝ դիմելով «արհեստավարժ վարչապետին»։ Հետո էլ ասաց, թե բառն ուղիղ իմաստով պետք չէ հասկանալ։ Նրա ներկայացրածից տպավորություն ստեղծվեց, թե կառավարությունը բյուջեն լցնելու համար 30 հանձնարարական է տվել նախարարություններին, որոնցից 20-ը պարզապես օրենքի խախտման արտահայտություն է։ Վերջում այն էլ ասենք, որ շատ հետաքրքիր մի պրակտիկա է ներդրվել Ազգային ժողովում։ Պատգամավորները գրանցվում են հարցեր տալու համար ու հետո փոխում տեղերը։ Այդպես, ԱԺ վերջին նիստում Արթուր Բաղդասարյանը դարձավ Վախթանգ Լալայան, Յուրի Վարդանյանը՝ Անդրանիկ Մանուկյան, Խորեն Սարգսյանը՝ Մյասնիկ Մալխասյան եւ այլն։ Տեսնենք՝ թե ուր ենք հասնելու։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031