Հանդես գալով «Երկրապահ» պատգամավորական խմբի 22 անդամների անունից, որոնք հայտարարություն էին արել Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) տանը խուզարկություն անելու կապակցությամբ, ԱԺ պատգամավոր Հովհաննես Ահարոնյանը հայտարարեց, թե իրենք ՆԳ եւ ԱԱ նախարարությունից ստացել են պատասխան ու այն ընդունել ի գիտություն։ Թե ինչ է գրված պատասխանում՝ պատգամավորը չմանրամասնեց։
ՈՉ ԹԵ 12,5 ԱՌԱՋ, ԱՅԼ 25 ՀԵՏ
ԳիԱրՔՄի-ի խորհրդի նախագահ, ՔԽ սոցիալ-տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Աղամալյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ հոկտեմբերի 28-ին նշյալ հանձնաժողովում քննարկվել է էլեկտրաէներգիայի սակագներին եւ առհասարակ էներգետիկայի խնդիրներին վերաբերող մի փաստաթուղթ, որն այսօր դառնալու է ՔԽ-ի քննարկման առարկա։ Փաստաթղթի բովանդակությունից բխում է, որ կառավարությունը ոչ միայն 12,5 տոկոսով չպիտի բարձրացնի սակագները, այլեւ 25 տոկոսով պետք է իջեցնի 1 կվտ էլեկտրաէներգիայի արժեքը։ Ա. Աղամալյանի խոսքերով, իրենք ներկայացնելու են անհրաժեշտ հիմնավորումները։
600 ԸՆՏԱՆԻՔ՝ ՀՈՍԱՆՔԱԶՈՒՐԿ
Կարդացեք նաև
Արթիկի քաղաքապետ Սերյոժա Բաբոյանը հայտարարեց, թե իրենց քաղաքում՝ 600 ընտանիք հոկտեմբերի 28-ի դրությամբ հոսանքազրկված է ու չի կարողանում էլեկտրաէներգիայի վարձը մուծել՝ աշխատավարձ չստանալու պատճառով։ Կառավարության պատասխանից հետո, որը ներկայացրեց էներգետիկայի նախարար Գագիկ Մարտիրոսյանը, պարզ դարձավ, որ ժողովրդի փողը չեն էլ տալու։
«ՀԱՅՄԱՄՈՒԼՈՒՄ» ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵ՞Ն
«Հայմամուլը» նոր տնօրեն ունի՝ ԱԺ պատգամավոր, «Բարեփոխումներ» խմբի անդամ Հայկարամ Մխիթարյանն է։ Պրն Մխիթարյանը 44 տարեկան է, երկու ինստիտուտ է ավարտել, ունի ե՛ւ բանասերի, ե՛ւ տնտեսագետի մասնագիտություն։ Հայկարամ Մխիթարյանը նախկինում աշխատում էր որպես «Զեյթուն» ուսանողական ավանի կառավարիչ։