Լրահոս
Օրվա լրահոսը

Օղին՝ ջրի փոխարե՞ն

Հոկտեմբեր 28,1998 00:00
avtokayan

Կենտրոնական ավտոկայանը մի ժամանակ ընդունված էր քաղաքի դարպաս անվանել։ Հանրապետության տարբեր շրջաններից, գյուղերից ու քաղաքներից ավտոբուսով եկողներն առաջինն ավտոկայանն էին տեսնում եւ, փաստորեն, դա էր նրանց առաջին տպավորությունը քաղաքից։ Փոփոխությունները չշրջանցեցին նաեւ ավտոկայանը, եւ ընդհանուր քաղաքին բնութագրող վրձնահարվածներն առավել տեսանելի են նաեւ այստեղ։ Արդեն «միջազգային» երթուղի դուրս եկած ավտոկայանից ոչ միայն Գորիս եւ Կապան են մեկնում, այլեւ՝ Ստամբուլ եւ այլ վայրեր։ Սակայն «միջազգային» այս հնարավորություններն ամենեւին չեն կաշկանդում ավտոկայանի ընդհանուր տրամադրությունը։ Ավելին՝ օրեցօր ծաղկում է եւ խլացնում ասիական երաժշտական մակարդակը եւ խորովածային բուրավետությունը։

Ամեն ինչ ե՛ւ առաջվանն է, ե՛ւ առաջվանը չէ։ Շենքը, օրինակ, առաջվանն է. դրսից հրաշալի կառույց է, ներսում՝ անհարմարավետ։ Տեղեկատու հեռախոսը՝ անհուսալիորեն ապատեղեկացված է։ Եթե միամտություն ցուցաբերեք եւ փորձեք քաղաքակիրթ ձեւերով ձեզ հարկավոր տեղեկությունն իմանալ ավտոբուսների չվերթի մասին, ապա հերթական անգամ կհիասթափվեք։ Լավագույն դեպքում՝ հեռախոսափողը ոչ ոք չի վերցնի եւ կմնաք անպատասխան։ Վատագույն դեպքում՝ պատասխանը ձեզ ոչինչ չի ասի, կամ՝ կկոպտի։ Ստիպված կլինեք հասնել ավտոկայան եւ առաջին ձեռքից մի տեղեկություն ստանալ։ Ավաղ, հիասթափությունն այստեղ էլ լիուլի է։

Ի վերջո, ինչ-որ բան կիմանաք, մոտավորապես կճշտեք, թե Ստամբուլից ձեր ծանոթը ո՞ր օրն է գալու, ժամը ոչ մի կերպ չենք կարող ճշտել, քանի որ ոչ ոք ոչինչ չգիտի։ Զայրացած եւ դժգոհ դուրս կգաք եւ մի բաժակ ջուր չեք գտնի հովանալու համար։ Վաղուց արդեն ավտոկայանն անջուր է եւ պարզ չէ, թե երբ ջուր կլինի։ Ջուր չկա, բայց կրպակների պակաս չի զգացվում։ Կրպակներում էլ նույն ապրանքն է, նույն պարսկական ու թուրքական վաֆլին, քաղցրեղենը եւ Ղարսի խորովածը։ Աշխարհի այս կողմին հատուկ մի մանրամասն էլ իր հերթին է արմատացել եւ տարածվել։ Որոշ կրպակների վաճառողներ վաղ առավոտից իրենց այցելուներին բարի լույս են մաղթում եւ մի բաժակ օղին (ինքս չեմ փորձել, պարզապես հաստատ ջուր չէր վաճառվի) մի բրդուջ հացով վաճառում են եւ ձեռքները շփելով՝ անցնում իրենց հաջորդ այցելուին։

Ավտոկայանի տարածքն այնքան անմխիթար է, այնքան անհարմարավետ, որ եթե որեւէ այցելու իրեն վատ զգա, մի չոր փայտ չի ճարվի (չեմ խոսում նստարանի մասին), որ նստի եւ հանգստանա։ Ավտոբուսների վարորդներն էլ իրենց գործին են, եւ ուզում ես քեզ կոտորիր, մինչեւ ավտոբուսի վերջին նստարանը եւ անցումի վերջին քառակուսին ուղեւորով լցված չլինի՝ ոչ մի վարորդ չի շարժվի։ Երեւանի դարպասները մի լավ մաքրվելու կարիք ունեն եւ լավ կլինի դիմացի գետնանցուղին եւս չմոռացվի իր յուրօրինակ բույրով։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031