Լրահոս
Օրվա լրահոսը

Սեփականաշնորհման հետքերով

Հոկտեմբեր 28,1998 00:00

Պատկերացրեք հետեւյալ վիճակը։ «Պեռնո Ռիկար» ընկերությունը հանկարծ սնանկանում է կամ այլ պատճառներով կոնյակի գործարանը դադարում է աշխատել։ Ելույթ է ունենում Ազգային ժողովի նախագահը եւ վրդովված պատգամավորներին ու հուզված խաղողագործներին հայտնում, որ կոնյակի գործարանը սեփականաշնորհեցին քաղաքական դրդապատճառներով՝ հայ- ֆրանսիական բարեկամությունը զարգացնելու, եղեռնը ճանաչել տալու, արեւմտյան արժեքները ընդօրինակելու նպատակներով։ Եթե դա տեղի ունենա մի քանի տարի հետո, միանգամայն հնարավոր է հուսալ, որ մարդկանց մեծամասնությունը իսկապես էլ մոռացած կլինի, թե այսօր ինչպես է այդ գործարքը հիմնավորվել՝ զարգացնել խաղողագործությունը, կոնյակի արտադրությունը եւ նման բաներ։

Սակայն, հետ գնանք, մի քանի տարով։ Այն, որ զանգվածային սեփականաշնորհումը Հայաստանում քաղաքական նպատակներ է հետապնդել, կարելի էր ենթադրել։ Այն, որ սոցիալական արդարության խնդիրներ է լուծել, մեծ երեւակայության պայմանով՝ կարելի էր պատկերացնել։ Կարելի է նաեւ հասկանալ այդ քաղաքականությունը մշակողներին եւ իրականացնողներին, որոնցից ոչ մեկը, ոչ մի անգամ իր ժամանակին բացահայտ կերպով այդպիսի նպատակների մասին ոչինչ չի հայտնել։ Դրա փոխարեն՝ որքան ասես խոսել են սեփականաշնորհման միջոցով տնտեսության արդյունավետության բարձրացման մասին։ Քանի որ այդպես վարվել են բոլորը, ուստի իմաստ չունի որեւէ մեկին առանձնացնել։

Ավելին, այդ գաղափարը դարձել է օրենքի նորմ եւ ֆիքսվել է «Պետական ձեռնարկությունների եւ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եւ ապապետականացման մասին» ՀՀ օրենքում։ Այդ պատճառով, ցանկացած կառավարություն եւ հերթական Ազգային ժողով, սեփականաշնորհման նպատակների եւ արդյունքների մասին խոսելիս պետք է առաջին հերթին եւ հիմնականում մտասեւեռվի այդ նորմի շուրջ։ Ցանկացած շեղում, սեփականաշնորհման այլ նպատակների մասին պաշտոնական հայտարարություն՝ նշանակում է օրենքի խախտում։ Որոշ տարակարծություն կարող է առաջացնել «տնտեսության արդյունավետության բարձրացում» արտահայտության մեկնաբանությունը, առավել եւս, որ տեսականորեն այստեղ մոտեցումները միանշանակ չեն։

Սակայն, եթե դիմենք Արեւմուտքում առավել տարածված տեսակետին, այսինքն՝ փորձենք ընդօրինակել արեւմտյան արժեքներից մեկը՝ տնտեսության արդյունավետություն ասելով, առաջին հերթին, պետք է հասկանալ շահութաբերության աճ։ Եթե կառավարությունը կամ որեւէ մեկը ի վիճակի է ապացուցել, որ սեփականաշնորհման արդյունքում ձեռնարկությունների շահույթների աճ է արձանագրվել, ուրեմն իմաստ ունի այն արդարացնել։ Իսկ եթե այդպիսի բան չկա, ինչը թերեւս իրականությունն է, ուրեմն առկա է օրենքի պահանջի խախտում, ուրեմն քննարկել կարելի է միայն պատասխանատվության հարցը։ Ի վերջո, կարելի է ցանկացած մտավարժանք իրականացնել սեփականաշնորհման քաղաքական, գաղափարական կամ սոցիալական շարժառիթների մասին։ Բայց մի՞թե դրանից մարդկանց հիշողությունը կարճանում է, եւ կամ օրենքում ամրագրված նորմը դառնում է չգործող։ Այնուամենայնիվ, ես հուսով եմ, որ կոնյակի գործարանի դեպքում վերը նշված սխեման պետք չի գա։

ՍԱՄՎԵԼ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031