Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՆԴՈՅԱՆԻ ՉԱՐԱԳՈՒՇԱԿ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

Հոկտեմբեր 28,1998 00:00
Edvard Sandoyan

Հայաստանի տնտեսական սառած վիճակը կառավարության ընդհատակներում՝ բավական շիկացած քննարկումների եւ բյուջեն մի կերպ ու որքան հնարավոր է շատ լցնելու պրպտումների պատճառ է դարձել։ Դրան եթե գումարենք Համաշխարհային բանկի կասկածելի քաղաքականությունը, տխուր եզրահանգումների կգանք։ Կարճ ասած՝ հնարավոր է, որ հաջորդ տարվանից բարձրանան խմելու եւ ոռոգման ջրերի, էլեկտրաէներգիայի սակագները։

«Առավոտն» արդեն գրել է կառավարության հոկտեմբերի 17-ի նիստի մասին։ Նիստում վարչապետը հանձնարարականներ է տվել թե՛ էներգետիկ հանձնաժողովին (որը կրում է «անկախ» պիտակը), թե՛ նախարարներին ուսումնասիրել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումից բյուջեի լրացուցիչ մուտքերը։ Ու քանի որ Հայաստանի տնտեսական բոլոր տեղաշարժերում (երեւի զբաղեցրած պաշտոնի պարտադրմամբ) խառն է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Էդվարդ Սանդոյանի մատը՝ նրան էլ դիմեցի որոշ հարցերի պարզաբանման համար (թեեւ, ճիշտն ասած, պրն Սանդոյանի հավաստիացումները հաճախ աչքի են ընկնում չպատճառաբանված լավատեսությամբ ու խանդավառությամբ)։

-Պրն Սանդոյան, կառավարության հոկտեմբերի 17-ի նիստում վարչապետը ձեզ հանձնարարական էր տվել հաշվելու էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու արդյունքում բյուջեի հավելյալ մուտքերը։

-Կա էներգետիկայի հանձնաժողով, որը կառավարությունից անկախ է եւ էլեկտրաէներգիայի սակագնի որոշման հարցը այդ հանձնաժողովի խնդիրն է (մեզ էլ էր այդպես թվում, մինչեւ «Առավոտի» շաբաթվա համարում մեջբերված փաստաթղթի այն հատվածի ընթերցումը, ուր վարչապետը հանձնարարականներ էր տվել նաեւ այդ հանձնաժողովին՝ այսպիսով կասկածի տակ դնելով «անկախություն» հասկացությունը- Լ. Ա.)։

-Այսինքն, կառավարության այդ նիստում ձեզ եւ կառավարության մյուս անդամներին նման հանձնարարականներ չե՞ն տրվել։ Եվ, առհասարակ, այդ հարցը քննարկվե՞լ է, թե՞ ոչ։

-Հարցը քննարկվել է, սակայն սակագների որոշմա՜ն, դրանց չափերի եւ այլ խնդիրների լուծումը դեռեւս չեմ կարող ասել։

-Ձեզ չի՞ հանձնարարվել հաշվարկել սակագնի ավելացման արդյունքում բյուջեի հավելյալ մուտքերը։

-Չէ՛, դուք մի քիչ շեղվում եք հարցի էությունից։ Խոսքը գնում է հետեւյալի մասին. մենք հիմա գտնվում ենք 99-ի բյուջեի նախագծի մշակման փուլում։ Բնականաբար մենք անում ենք բազմաթիվ կանխատեսումներ (սա էական բառակապակցություն է- Է. Ս.)։ Այդ թվում նաեւ Ռուսաստանի ազդեցության վերաբերյալ, Ռուսաստանի, ասիական ճգնաժամերի…

-Երեւի կասեք նաեւ՝ գազի, նավթի գների բարձրացում եք կանխատեսում։

-Այո՛, ինչո՞ւ ոչ։ Եթե ուզում եք, կասեմ, որ բավականին լուրջ է միջազգային, համաշխարհային շուկայական վիճակը (այս ընթացքում չէի կարողանում թաքցնել ժպիտս եւ բարեկրթաբար պրն Սանդոյանից ներողություն խնդրեցի- Լ. Ա.)։ Ճգնաժամը շատ երկրներում շարունակվում եւ խորանում է։ Եվ մեր պետությունը պարտավոր է ուղղակի պաշտպանվելու համար միջոցներ ձեռնարկել։ Մինչ օրս մեզ հաջողվել է պաշտպանվել։ Ըստ էության, շատ քիչ երկրների է դա հաջողվում, բայց դա չի նշանակում, որ մենք ոչ մի պրոբլեմ չունենք կամ չենք ունենալու։ Հետեւաբար, բազմաթիվ կանխատեսումներ հիմա արվում են։ Այդ թվում՝ նաեւ էներգետիկայի համակարգում։ Դուք գիտեք, որ էներգետիկ համակարգը վնասաբեր է աշխատում մեզ մոտ։ Եվ դա տարեցտարի հսկայական վնաս է հասցնում ե՛ւ պետբյուջեին, ե՛ւ տնտեսությանը։ Ցանկացած վնասով աշխատող խոշոր սեկտոր, որը կապված է պետության հետ, ի վերջո ազդում է պետության վրա այն իմաստով, որ այդ կորուստների փոխհատուցումն ի վերջո, պետությունն է իրականացնում։ (Իմ փորձը, պրն Սանդոյանին «հուշել», թե պետությունն այդ կորուստները տեսականորեն է իրականացնում եւ որ դա էլ է ժողովրդի ուսերին, անհաջող անցավ- Լ. Ա.)։ Հետեւաբար, այստեղ խոսքն ընդամենը ճյուղի արդյունավետության բարձրացման մասին է։ Չեմ կարող ասել՝ ինչ սակագներ են հաշվարկելու էներգետիկայի հանձնաժողովում՝ դա իրենց խնդիրն է։

-Բայց փաստաթղթում (կառավարության նիստի արձանագրության մասին է խոսքը) արդեն նշված է մոտավոր թիվը՝ 12,5%։

-Կարող եմ ասել՝ 12,5%, 16,5%, 5,5%։ Ես այդ բնագավառի մասնագետը չեմ։ Ուղղակի պարտավոր եմ բոլոր շուկաներում տեղի ունեցող երեւույթները գնահատել, հաշվարկել դրանց հնարավոր ազդեցությունը մեր տնտեսության վրա։ Այս տեսանկյունից կարեւորվում են նաեւ խմելու եւ ոռոգման ջրի, էներգետիկայի, գյուղատնտեսության, ինչպես նաեւ առանձին սուբյեկտների՝ «Կանազի», «Նաիրիտի» եւ այլ խնդիրներ, որոնք ունենալով բյուջեի հանդեպ պարտավորություններ, չունենալով զարգացման համապատասխան պոտենցիալ՝ շարունակում են հետ գցել մեր տնտեսության զարգացումը։

-Որպես կառավարության անդամ, ունե՞ք ձեր կանխատեսումները։ Հնարավո՞ր է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում 99 թվին։

-Կանխատեսում եմ՝ ոչ թե հնարավոր է, այլ անհրաժեշտ է։

Մեր զրույցի ընթացքում պրն Սանդոյանի ասածին գլխի շարժումներով անընդհատ համաձայնության նշան էր անում ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հանձնաժողովի փոխնախագահ Ավետ Գրիգորյանը։ Վերջինս շատ հիասթափվեց, իմանալով, որ ես՝ չունենալով տնտեսագիտական կրթություն, նման ոչ տրամաբանական հարցեր եմ տալիս։ (Ես ոչ մի կերպ չէի կարողանում հասկանալ, թե ասենք, թոշակառուներին ժամանակին կամ մի քանի դրամ ավել թոշակ տալու նպատակով ո՞ր տրամաբանությամբ են առաջնորդվում, երբ հենց նրանցից (եւ բոլորիցս) 1 կվտ էլեկտրաէներգիայի դիմաց գանձվող գումարն ավելացնում են)։

Այս հարցազրույցից հետո անգամ Էդվարդ Սանդոյանի տրամադրությունը բավական բարձր էր (սա առանձին թեմա է)։ Նույնը չես ասի ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային հանձնաժողովի նախագահ Արմեն Եղիազարյանի տրամադրության մասին։ Պրն Եղիազարյանին էլ խնդրեցի 99 թվականին էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման «առիթով» լուրջ հիմնավորումներ կամ հաշվարկներ ներկայացնել, եթե այդպիսիք կան։

Armen Eghiazaryan

-Իմ կարծիքով՝ հարցը պետք է լրջորեն ուսումնասիրվի։ Մենք առայժմ քննարկում ենք էներգետիկ հանձնաժողովի առաջարկը։ Ինձ զարմանք են պատճառում կառավարությունում էդ քննարկումները, որովհետեւ էներգետիկ հանձնաժողովը կառավարությանը չի ենթարկվում։ Կառավարությունը կարող է քննարկել, բայց նրա որոշումը որեւէ պարտադիր բնույթ չի կարող կրել հանձնաժողովի համար։ Ես հիմքը գիտեմ, իհարկե, Համաշխարհային բանկի հետ կապված հարցեր են։ Չեմ բացառում, որ ընդհանրապես գները բարձրացնել չի կարելի, բայց հարցը պետք է լուրջ նայվի։ Օրինակ, հենց նույն բաշխիչ ցանցում քանի՞ մարդ է աշխատում։ Առաջ, գիտեմ, 500-1000 մարդ էր աշխատում, հիմա՝ 7000։ Սակագնի բարձրացման կարելի է գնալ որոշակի պայմանների դեպքում։ Ասենք՝ մտցնել գիշերային տարիֆ։ Հենց էնպես գինն ավելացնելը՝ առանց մարդկանց հարցերը լուծելու, կստեղծի սոցիալական պրոբլեմներ։ Միեւնույն ժամանակ՝ դեֆիցիտային երկիր է. բյուջեի արտաքին ֆինանսավորման դեֆիցիտը լցնելու խնդիրներ կան։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031