Հայաստանի դեմոկրատական կուսակցության կենտրոնական խորհուրդը մի քանի օր քննարկում է եւ դեռ կքննարկի երկու «շատ լուրջ» հարց.
1. Նախորդ իշխանությունների քաղաքական, բարոյական եւ իրավական գնահատականը։
2. Այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակը եւ կառավարության վարած քաղաքականությունն այս հարցում։
«Մի անգամ եւս, հատկապես ձեր թերթին ուզում եմ ասել, որ Հայաստանի դեմոկրատական կուսակցության տրամադրությունները «վհուկների որս» կազմակերպելը չէ, որ մենք 37 թիվ կազմակերպելու կարիքը եւ ցանկությունը չունենք։ Այդպիսին չենք եղել եւ այդպիսին չենք։ Խնդիրը շատ պարզ է, պետք է տալ նախորդների գնահատականը, որպեսզի նոր իշխանություններն իմանան, թե ինչպիսի պատասխանատվություն է իրենց սպասում, եթե նրանք նույնը կրկնեն»,- Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն այսպես ձեւակերպեց իրենց այժմյան քննարկումների բովանդակությունը։
Կարդացեք նաև
Այս հայտարարությունից ենթադրեցինք, որ հնարավոր է կուսակցության կողմից կոնկրետ անձանց պատասխանատվության ենթարկելու կոչեր հնչեն։
Արամ Սարգսյանն այս հարցին պատասխանեց. «Անպատժելիության կանխավարկածի հիման վրա մենք որեւէ մեկի անունը չենք կարող տալ։ Մենք կուսակցություն ենք, մենք իրավապահ մարմին չենք։ Բայց մենք կաշխատենք ներկայացնել երեւույթները եւ այդ քայլերի հետեւանքով ստեղծված իրավիճակը։ Արդեն իրավապահ մարմինները պետք է որոշեն, թե այդ ամենի համար ինչպիսի պատասխանատվություն պետք է կրի այս կամ այն անձը»։
Քննարկումները կուսակցության ներսում դեռ շարունակվում են եւ ահա թե ինչ պատճառով. – Հարցերն այնքան ծավալուն են եւ… Նախորդ իշխանությունների տնտեսական եւ սոցիալական քաղաքականության հետ կապված փաստաթղթերում այնպիսի փաստարկներ պետք է բերվեն, որոնք իրոք համապատասխանում են իրականությանը։ Պրն Սարգսյանն ասաց, որ իրենք «չեն պատրաստվում մերկապարանոց հայտարարություններ անել կամ կրկնել այն ամենը», ինչ իրենք «վաղուց ասում էինք՝ թալանեցին, կողոպտեցին»։
Դեմկուսը նպատակ ունի այս ամենը «ճշգրիտ եւ փաստարկված գնահատել»։ Երեկ կենտրոնական խորհուրդը եւս մեկ անգամ, սակայն նախնական, քննարկել է նախորդ իշխանությունների գնահատականի հարցը, եւ պայմանավորվել են այս շաբաթվա ընթացքում վերջնականորեն խմբագրել իրենց տեսակետը։ Պրն Սարգսյանն ասաց, որ երեկվա քննարկման ընթացքում «մի փոքր ուղղություն է փոխվել»։ Ավելի կոնկրետ՝ գնահատական տալով նախորդ իշխանություններին, պետք է ասել նաեւ այն կազմակերպության մասին, որը կառավարող է եղել։ Խոսքը ՀՀՇ-ի մասին է։
– Բայց մի բան մեզ համար բացահայտ է, որ պետք է քննարկվի ոչ թե ՀՀՇ-ի գաղափարախոսությունը, որը մենք չենք տեսնում, այլ հհշականությունը։ Մենք մինչեւ այսօր այդպես էլ չհասկացանք, թե այդ կազմակերպության գաղափարախոսությունը որն է։
– Այդ դեպքում ի՞նչ է նշանակում հհշականություն։
– Հհշականությունը, մեր կարծիքով, ընդամենը գործելակերպ է, որը բերում է համապատասխան հետեւանքների։ Բայց եթե մի կազմակերպություն սկզբնական շրջանում հայտարարում է, որ ուզում է ընդունվել որպես սոցիալ-դեմոկրատ, հետո մեկ տարի հետո հանկարծ հասկացավ, որ այնտեղ իրենց տեղը չի հավանաբար, դարձավ լիբերալ, այն էլ ծայրահեղ՝ անուն տալն էլ դժվար է։ Դա ուրիշ հարց է։ Այսինքն այսպիսի մի ծայրահեղության հասավ, ինքնին հասկանալի է, որ գաղափարախոսություն հստակ չի եղել։ Եթե մի կուսակցությունն ասում է, որ ազգային գաղափարախոսությունը սուտ կատեգորիա է՝ չհասկանալով, թե ինչ բան է ազգային գաղափարախոսություն… Այս ամենից ելնելով է, որ մենք ասում ենք. պետք է գնահատվի այդ հհշականությունը, որից հետո պետք է գնահատականը տրվի այն ամենի, որը իրենք կատարել են։ Որովհետեւ մենք գտնում ենք, որ այն, ինչ կատարվել է, ածանցյալ է նրանց այդ հհշականության։
– Դատելով Ձեր ասածներից՝ կարելի է ենթադրել, որ այդ գնահատականը հիմնականում բացասական է լինելու։ Լինելո՞ւ է նաեւ դրականի արձանագրում։
– Իհարկե։ Անպայման ամփոփված ձեւով կներկայացվի այդ։ Դրականը միգուցե զարմանալի կթվա, մենք շատ չենք շեշտադրել։ Ինչո՞ւ։ Որովհետեւ ընդհանրապես իշխանությունը եւ կառավարողը նրա համար են ստեղծված, որպեսզի միայն դրականն անեն։ Երբ նրանք հակառակն են անում, ա՛յ, դրա մասին է, որ մենք պետք է խոսենք։ Եվ շատ դժվար է, անկեղծ ասած, միգուցե մենք սխալ ենք։ Այստեղ մենք սուբյեկտիվ կարող ենք լինել։ Երբ մենք անգամ այն ամենը, ինչ եղել է այս տարիներին, չենք ընկալում, գոնե մեկ-երկու հարցերում, որ նրանք, շատ սկզբունքային հարցերում, իրոք, շատ լուրջ դրական դեր են խաղացել։ Հակառակն ասեմ, որ այդ շղարշի տակ փորձել են արդարացնել իրենց կատարած անգամ հանցագործությունները։ Այս տեսակետից է, որ մենք մի քիչ ավելի սուբյեկտիվ ենք այս պահին։
Պրն Սարգսյանը գտնում է, որ միայն սխալների, ոչ թե միտումնավորության դեպքում կարելի էր ասել, որ եղել է նաեւ դրականը։ Սակայն դեմոկրատների առաջնորդի կարծիքով, «այդ մարդկանց» իշխանության գալով, «ցինիզմն է իշխել այս հասարակության մեջ», եւ դրա հետեւանքով եղած որեւէ դրական փաստը դեմոկրատներին այժմ չեն կարող վերցնել ու որպես դրական «թմբկահարել»։
– Գտնում եք, որ Ձեր ասած «ցինիզմը» գիտակցվա՞ծ է եղել։
– Վանո Սիրադեղյանի ցինիզմը գաղափարախոսություն է՝ իր համար, բայց ոչ իր կազմակերպության։ – Այդ դեպքում Դուք Վանո Սիրադեղյանին առանձնացնո՞ւմ եք իր կազմակերպությունից։ – Չէ՛, միայն այս հարցում ընդամենը։ Ես չեմ առանձնացնում։ Ես խոսում եմ Վանոյի մասին այն պատճառով, որ նրան ճանաչել եմ նաեւ անցյալ տարիներին։ Եվ ուրիշ Վանո եմ ճանաչել, համենայնդեպս։
Արամ Սարգսյանն ասաց, որ նախորդ իշխանությունների եւ ներկա կառավարության՝ իրենց գնահատականը մինչեւ եկող երեքշաբթի կհղկվի, եւ հաջորդ շաբաթվա վերջում դրա տեքստը կբազմացվի։ Եթե ՔԽ-ը համաձայնի դեմոկրատների ոգով քննարկելու այս հարցը, դեմոկրատները պիտի սպասեն, մինչեւ ՔԽ-ն էլ քննարկի-վերջացնի։ Իսկ եթե ՔԽ-ում համաձայնության չգան, կտպագրեն կուսակցության դիրքորոշումն արտացոլող փաստաթղթեր։
ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ