Եթե հավատալու լինենք առասպելներին եւ գիտությանը, պետք է անվերապահ արձանագրենք, որ մեր սքանչելի երկիրը՝ Հայաստանը, գրավոր ու բանավոր աղբյուրների տեղեկություններով միշտ եղել է ինչ-որ գերտերության «ֆորպոստը» (միջնաբերդ, հենարան, հենակետ): Եւ այդ կարգավիճակի պարտադրանքով հաճախ է դիմել ապստամբությունների՝ հիմնականում պարտվելով նույնիսկ այն դեպքերում, երբ պարտվելու պատճառ չի եղել: Սա արձանագրում են մեր գրավոր եւ բանավոր աղբյուրները: Նրանք արձանագրում են նաեւ, որ մեր երկրում հիշատակության արժանի գործեր էլ են կատարվել, որից էին քրիստոնեության ընդունումը, այբուբենը եւ այլն:
Եթե հավատանք առասպելներին
«Ֆորպոստի» առաջին դեպքը արտացոլված է Ջրհեղեղի պատմության մեջ. երբ ջրերը ետ քաշվեցին, Նոյը դուրս եկավ տապանից եւ իրենով լցրեց ցամաքը: Արարատի փեշերից Նոյի սերունդները տարածվեցին աշխարհով մեկ: Նոյից ոչ շատ անց այս օրինակը կրկնում է Հայկը. նա հեռանում է իր արքա Բելից եւ գալիս ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածք: Այստեղ ամրանալով ու շունչ քաշելով, Հայկի սերունդները կրկին իրենցով են լցնում շրջակա տարածքները: Ուրարտուի ժամանակ էլ է կրկնվում գրեթե նույն պատմությունը: Հարավում նեղվելով ասորիներից, ուրարտացիների առաջապահ գնդերը շարժվում են դեպի հյուսիս եւ ներկայիս Երեւանի Էրեբունի համայնքի տարածքում կառուցում մի ամրոց, որը ուրարտացիների «ֆորպոստն էր» ընդդեմ հյուսիսի վայրենի ցեղերի: Հաջորդ օրինակներն արդեն գիտությամբ հաստատված ու ճշգրտված փաստեր են:
Եթե հավատանք գիտությանը
Կարդացեք նաև
Գիտությունը, ինչպես նաեւ հայ պատմագրությունը բավական մանրամասն տեղեկություններ են տալիս հայերի հետագա պատմության շուրջ: Եւ ուշադիր հետեւելով մեր պատմության ընթացքին, ցավով պետք է արձանագրենք. մենք միշտ եղել ենք «ֆորպոստի» դերում. պարսիկների համար՝ ընդդեմ Բյուզանդիայի եւ հակառակը, մոնղոլների հետ՝ ընդդեմ մուսուլմանների եւ կաթոլիկների, արաբների հետ՝ ընդդեմ արեւելքի ժողովուրդների, ռուսների համար՝ ընդդեմ ողջ աշխարհի: Միջին դարերում կաթոլիկ աշխարհի համար հայերով բնակեցված տարածքները դիտվում էին իբրեւ «ֆորպոստ» ողջ արեւելքը Պապին ենթարկելու սրբազան գործում: Անցյալ դարում Հայաստանը Եվրոպայի ու Ռուսաստանի համար «ֆորպոստ» էր աշխարհն ու Օսմանյան կայսրությունը վերաբաժանելու պայքարում: Եւ այսպես շարունակ:
Հայ պատմագիտական եւ քաղաքագիտական միտքը չի զլացել պեղել այս իրավիճակի բոլոր օբյեկտիվ պատճառները: Դրանք սակայն միշտ հանգել են արտաքին գործոններին. մենք միշտ եղել ենք արդար, իսկ ահա նվաճողները վատ են վարվել մեզ հետ, որքան էլ ազգային միտքը փորձել է նվաճողներին հիմնավորել մեր երկրի ֆորպոստային նշանակությունը: Դարեր շարունակ, զարմանալի համառությամբ, մեր ժողովրդի առաջնորդներ են հռչակվել ֆորպոստային գիտակցության կարկառուն ներկայացուցիչները, որոնց համար Հայաստանը օտար ուժ հրավիրելու տեղ է՝ ընդդեմ ուրիշների:
Եթե ուշադիր հետեւելու լինենք ժամանակակից կուսակցությունների գործելակերպին, ակնհայտ է դառնում նույն այդ գիտակցությունը. կոմունիստները, Զորի Բալայանը, անհեթեթ նացիոնալ-դեմոկրատներն ու նախկին նացիոնալ-սոցիալիստները Ռուսաստանին կանչում են ամեն մեկը յուրովի, եւրասիականները տրանս-ազգային ցանցեր են հյուսում (բնականաբար, «ֆորպոստ» հռչակելով Հայաստանը) մոլորակի ատլանտյան մասը դրանցում խճճելու համար, ՀՀՇ-ն ու նրանից դուրս եկած խմբերը ձգտում էին Հայաստանը դարձնել ժողովրդավարության «ֆորպոստ», իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը խորհուրդ էր տալիս հետեւել ոտքերի ու վերմակի երկարության մասին առածին (պատկերացնո՞ւմ եք, եթե մոնղոլներն այդպիսի առած ունենային. տափաստանի ամենափոքրաթիվ ժողովուրդը գրավեց աշխարհը եւ հսկայական դեր խաղաց մարդկության պատմության մեջ):
Ըստ այդմ, քաղաքական դաշտում հայտնված այս ուժերի միջոցով հայկական միջավայր են ներմուծվում օտարածին գաղափարախոսություններ՝ քաղաքակրթական արժեքներ անվան տակ՝ Հայ Դատ եւ պանթուրքիզմ (երկուսն էլ ծառայեցին Օսմանյան կայսրությունը փլուզելուն եւ սպառվեցին), սոցիալիզմ, դեմոկրատիա եւ այլն: Եւ հետո պարզվում է, որ քաղաքակրթության մեջ մենք չկանք, բացի մեր գրած գրքերից:
Ֆորպոստ երկրներում տնտեսությունը չի զարգանում, չեն ստեղծվում արդյունավետ պետական-հասարակական կառույցներ, քաղաքական-հասարակական միտքը հանգում է պարզունակ, պարտադրված կաղապարների: Բնակչությունն այդ երկրներում չի աճում. գերակշռում է արտագաղթը: Բնակչությունը սովորաբար կամ անգործ է, կամ ներգրավված է սպասարկման ոլորտում ու բյուրոկրատական ապարատում, նա չի արտադրում եւ չի ստեղծում սեփական կուլտուրա: Այդ երկրներում այլ խնդիր պարզապես չի էլ լինում՝ անհրաժեշտ է մի կրիտիկական զանգված, որը խաղաղ պայմաններում գոյատեւում է գրանտներով ու մարդասիրական օգնություններով, պատերազմի ժամանակ սպասարկում է իմպերիայի բանակները:
Եթե հավատանք ուրիշներին
Հայկական պատմագրության ու քաղաքագիտական մտքի կերտած առաջնորդների մեջ ինչ-որ չեն երեւում մարդիկ, որոնք քարոզել են ուժեղ ու անկախ պետություն ու սեփական կուլտուրայի աշխարհակալություն: Նրանց մասին սովորաբար լռել են, այնպես, կարծես թե չեն եղել: Եւ փոխարենը մատուցվել է հերոսի ահա վերոհիշյալ տիպը՝ ոտքերը վերմակի չափ մեկնած այնքան ժամանակ, մինչեւ մեկը գալիս խաբելով քշում է սահմանային բախումներին մասնակցելու: Այսօր հերոսը քաղաքականության դաշտում հայտնված մարդիկ են, որոնք կոչված են առաջնորդելու զանգվածներին: Առասպելներում, գիտության մեջ եւ մարդկության փորձով ապացուցված է՝ հաջողության է հասնում այն ժողովուրդը, որի առաջնորդները, նախ, արտահայտում են այդ ժողովրդի տրամադրությունները, եւ երկրորդ՝ խղճի ու կյանքի միջեւ ընտրություն են կատարում առաջինի օգտին:
Ի՞նչն են ընտրել մեր առաջնորդները՝ իշխանություն թե ընդդիմություն՝ խի՞ղճը, որը կբերի սեփական կուլտուրայի ստեղծման, թե կյանքը, այսինքն նյութական բարիքները: Պատասխանը կարծես կասկածներ չի հարուցում՝ երկրորդը: Եւ այստեղ պետք է հիշել, որ հայրենական արդյունաբերությունը վաղուց արդեն նյութական բարիքներ չի արտադրում, դրանք բերվում են դրսից:
ԱՐՏԱԿ ՄԻՆԱՍՅԱՆ