Լրահոս
Օրվա լրահոսը

Ի ՉԻՔ ԵՂԱՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ԲԼԵՖԸ

Հոկտեմբեր 28,1998 00:00
Smbat Ayvazyan

Հարցազրույց «Երկրապահ» պատգամավորական խմբի նախագահ Սմբատ Այվազյանի հետ

-Պարոն Այվազյան, ձմռանը սովորաբար ակտիվանում են քաղաքական, դիվանագիտական շփումները եւ այս առումով, պետք է փաստենք, որ ավելի ակտիվ քննարկումներ են տեղի ունենալու Ղարաբաղի հարցով։ Ի՞նչ նկատառումներ ունի «Երկրապահը» դիվանագիտական այս մեծ մեկնարկից առաջ։

-Փաստորեն, ամերիկյան նավթային ընկերությունները, որոնք պետք է օրերս հավաքվեին ու Բաքու-Ջեյհան նավթամուղի խողովակաշարի ֆինանսավորման ծրագիր մշակեին, ըստ էության, քով-քովի չեն գալու։ Հանդիպումը, կարծես թե, հետաձգվում է, իսկ մենք այն դիտարկումներն ունենք, որ ընդհանրապես Բաքու- Ջեյհան նավթամուղի շինարարությունը չի իրականացվելու։ Այդ ուղղությամբ նավթամուղ չի կառուցվելու։ Այս առիթով ուզում եմ թեթեւակիորեն անդրադառնալ նախորդ ժամանակաշրջանին եւ խոսել շուրջ մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Հանրապետության նախկին նախագահը սեպտեմբերի 26-ին տվեց իր հայտնի մամլո ասուլիսը, որի՝ այդ միջոցառման ժամանակ արտահայտած մտքերին երկրապահներն ընդդիմացան։ Եթե հիշում եք, այն ժամանակ ասվում էր, որ Հայաստանը չի կարող բարգավաճել, չի կարող զարգանալ մեր տնտեսությունը, քանի դեռ լուծված չէ Ղարաբաղի խնդիրը։ Իսկ այս ամենը, առաջին հերթին, շրջափակման հետ էր կապվում։ Շրջափակման վերացում էլ, իր հերթին, մոտավորապես այսպես էր ներկայացվում. Բաքու-Ջեյհան նավթամուղը կանցնի Հայաստանով։

Ստացվելու էր այնպես, որ ղարաբաղյան հարցում մենք զիջումներ էինք կատարում՝ փոխարենը ձեռք բերելով նավթամուղի խողովակաշարը։ Արցախը փաստորեն փոխելու էինք խողովակների հետ։ Այն ժամանակ «Երկրապահն» ընդդիմացավ՝ փաստելով, որ դրանք տարբեր հարթություններում գտնվող խնդիրներ են ու մեկը մյուսի հետ պետք չէ կապել։ Մենք նաեւ լուրջ կասկածներ ունեինք ու դրանք չէինք թաքցնում, որ, հավանաբար, Բաքվում գոյություն չունի այնքան նավթ, որքան ներկայացնում է ադրբեջանական քարոզչությունը։ Կա նաեւ երկրորդ հանգամանքը՝ այնքան բարձր է այդ նավթի ինքնարժեքը, որ նրա արդյունահանումը շահավետ չէ թեկուզ տնտեսական առումով։ «Երկրապահի» տեսակետն այն էր, որ Բաքվի նավթի մասին առասպելը 20-րդ դարի բլեֆն է։ Փաստորեն, բլեֆն այլեւս «բացվել» է. այսօր պարզ է դարձել, որ դա ընդամենը քաղաքական շահարկում էր։ Հեյդար Ալիեւն ու ադրբեջանական դիվանագիտությունը կարողացել էին այլ հարթություն տեղափոխել Ղարաբաղի քաղաքական խնդիրը՝ այն մտցնելով նավթային հետաքրքրությունների դաշտ։ Իսկ մեր տեսակետն այն էր, ու հենց դրա արդյունքում էլ իշխանափոխություն տեղի ունեցավ, որ նավթամուղի համար չարժե զիջումների գնալ Ղարաբաղի խնդրում։

-Պարոն Այվազյան, օրերս Հեյդար Ալիեւը մի նոր հայտարարությունն էլ է արել, որ Հայաստանը ներկայացնում է իբրեւ ՆԱՏՕ-ի երկրների թշնամի։ Չե՞ք կարծում, եթե նավթային գործոնի դերը նույնիսկ հաղթահարվի, էլի մի նոր գործոն կմտնի շրջանառության մեջ։

-Փաստորեն, Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը սկսում է կորցնել նավթային ոլորտում ձեռք բերած իր ազդեցությունը։ Տարվա սկզբից արդեն իսկ նկատելի էր, որ Ալիեւը կորուստներ է ունենում, եւ նավթային գործոնը, իբրեւ քաղաքական խաղաքարտ, այլեւս թույլ ազդեցություն է ունենում քաղաքական հարթության վրա։ Այս վերջին իրադարձություններն էլ, իրենց հերթին, կարծես թե միանգամից հակառակ տրամադրություններ են ստեղծում Ալիեւի հաղթաթղթերի նկատմամբ։ Սա մեկ։ Երկրորդը՝ հակաալիեւական տրամադրվածությունն արտացոլվեց նաեւ Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքում։ Այսօրվա դրությամբ էլ դեռեւս խիստ սակավաթիվ պետություններ են շնորհավորել հռչակված նախագահին, իսկ ամբողջ աշխարհը կասկածներ ունի Ադրբեջանում տեղի ունեցած նախագահական ընտրությունների լեգիտիմության հարցում։ Այս առումով եւս Ալիեւի դիրքերը բավականին խոցելի են դառնում։

Իմ կարծիքով, ինքն ընդհանուր շիլաշփոթ ստեղծելու եւ իր դեմ եղած խաղաքարտերը խառնելու համար է, որ օրերս հայտարարել է, թե Ռուսաստանը Հայաստանին զինում է ու դա ուղղված է ոչ թե Ադրբեջանի, այլ ՆԱՏՕ-ի դեմ։ Ես պետք է միարժեքորեն ասեմ, որ հայ-ռուսական հարաբերությունների խորացումը, հայ-ռուսական համագործակցությունն ուղղված չէ որեւէ երկրի կամ որեւէ միջազգային կազմակերպության դեմ։ Պետք է ասեմ նաեւ, որ մենք համագործակցում ենք նաեւ ՆԱՏՕ-ի հետ՝ «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։ Այդ կազմակերպության հետ մենք ունենք ամենամյա ծրագրեր, որոնք իրականացվում են մեր համատեղ աշխատանքով։ Թեկուզ այսօր գործողության մեջ է մինչեւ 2000 թվականն իրականացվելիք մի ծրագիր, որով ավելի խորացվելու եւ ընդլայնվելու են մեր կապերը ՆԱՏՕ-ի հետ։ Ալիեւի այս հայտարարությունը, մեր գնահատմամբ, Ղարաբաղի խնդրի լուծման գործընթացում խառնաշփոթ առաջացնելու նպատակ է հետապնդում, ու նա փորձում է մեզ համար հակառակորդներ «ձեռք բերելու» ճանապարհով, իր համար ավելի բարենպաստ դաշտ ձեւավորել Ղարաբաղի հարցով տեղի ունենալիք բանակցությունների ժամանակ։

Զրույցը վարեց ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031