Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՄ ԲԱԺԱՆՎԻ ԿՈՄԵՐԻՏՄԻՈՒԹՅՈՒՆԻՑ՝ ՈՒ ՀԱՎԵՐԺ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԿՄՆԱՄ

Հոկտեմբեր 28,1998 00:00
komkus

Ի նշանավորումն կոմերիտմիության 80-րդ տարեդարձի՝ երեկ կոմունիստներից, կոմերիտականներից ու 14 պիոներներից բաղկացած մի խումբ ծաղկեզամբյուղներ դրեց Մյասնիկյանի եւ Շահումյանի արձաններին։ Ծաղիկներ դրեցին նաեւ երբեմնի թիվ 1 «պոստի» վրա, որտեղ անմար կրակի իմիտացիա էին փորձել ապահովել բրգաձեւ շարված չոր սպիրտի հաբերով։ Այս խիստ խորհրդանշական արարողությունից հետո էլ հանդիսավոր նիստ անցկացրին։ Սակայն մինչեւ Հայֆիլհարմոնիայի (հավաքվածների համար) փոքր դահլիճ հասնելը՝ տոնողների խումբը նաեւ Ստեփան Շահումյանի ոտքերի մոտ հանդիսավոր նիստ-եցին։

Պիոներական վզկապներով երեխաները շարք կազմեցին եւ նրանց առջեւ ՀԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար Սանատրուկ Սահակյանը կարդաց երդման տեքստը. «Մենք, ՀԿԵՄ անդամներս, կոմերիտմիության 80-ամյա փառապանծ հոբելյանի մասնակիցներս, այսօր, այս պահին վերապրելով մեր ժողովրդի բազմադարյա պատմության դասերը, մեր հոգիներով կրելով մեծ Լենինի ու մեծ Շահումյանի, նրանց բազմահազար, բազմամիլիոն հետեւորդների հրացոլքը, որը մի ամբողջ հարյուրամյակ համայն մարդկության երթը լուսավորեց ազատության, արդարության, հավասարության, երջանկության անանց գաղափարներով՝ երդվում ենք (նույնը երկրորդ անգամ կրկնեցին պատանեկան նվազ ձայները- Ա. Ի.)՝ հավատարիմ մնալ մեր անմահ առաջնորդների պատգամներին»։ Իսկ մենք չգիտեինք, որ կոմունիստական շրջանում բոլորը հավասար, երջանիկ ու հատկապես ազատ են եղել։

Հետո երեք անգամ «երդվում ենք» գոռացին ընկեր Սանատրուկի այն խոսքերից հետո, թե «երդվում ենք ամբողջովին ու լիովին նվիրվել այն դաժան ու անողոք պայքարին, որ կոմունիստների գլխավորությամբ այսօր մղում է ժողովուրդը՝ հանուն իր սոցիալական եւ քաղաքական ազատության»։ Իսկ մենք չգիտեինք, որ ժողովուրդն այժմ ինչ-որ անողոք պայքար է մղում՝ եւ այն էլ՝ կոմունիստների գլխավորությամբ։ Հաջորդ ելույթ ունեցողը՝ ՀԿԿ կենտկոմի քարտուղար եւ ԱԺ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանը կարեւորեց այս «հավատարմության երդումն» այն պայմաններում, երբ երիտասարդությունը նաեւ «ապրելու հնարավորությունն» է կորցրել։

Իսկ մենք չգիտեինք, որ կարելի է երդվել, երբ չես ապրում։ Տեղն է բացատրել, որ այդ մենքը լրագրողներս էինք, որ մեր ցինիկ հարցերով փչացնում էինք հավաքվածների տոնական տրամադրությունը։ Ասենք, «Գոլոս Արմենիի»-ի թղթակցուհին պիոներներից հետաքրքրվել էր. «Ձեզ երեւի լուսավոր ապագա են խոստացել, հա՞»։ Իսկ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցուհին էլ հարցրել էր. «Լա՞վ է, որ պիոներ եք։ Ի՞նչ եք անում, որ պիոներ եք»։ «Պարում ենք»,- համերաշխ պատասխանել էին միամիտ երեխեքը։ Իսկ այլ լրագրողուհի մի կոմերիտականից փորձել էր խոսք քաշել, թե ո՞վ է նրան ՀԿԵՄ շարքերն ընդունել եւ «Սերգեյ պապիկը» պատասխանը լսել։

Երեկ մի 20 հոգի էլ հանդիսավոր նիստի ընթացքում կոմերիտականի տոմս ստացան։ Ընդ որում, հազիվ 6-ն էին Երեւանից՝ մնացածը մարզերից էին։ Այս փաստը Սանատրուկ Սահակյանն այսպես մեկնաբանեց, թե «որքան էլ հակակոմունիստական ախտով տառապող մեր թշնամիները թաղեն կոմունիստական գաղափարները՝ երիտասարդություն կա, որ համախմբվում է այդ գաղափարների շուրջը»։ Այս հանդիսավոր նիստում ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Սերգեյ Բադալյանին ներկայացրին որպես կիբեռնետիկայի ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության նախկին երկրորդ քարտուղար։

Նա էլ ողջույնի խոսք ասաց, կոմկուսի կենտկոմի 5-րդ պլենումի բանաձեւը ներկայացրեց կոմերիտմիության 80-ամյակի առիթով, որտեղ մասնավորապես ասված էր. «Երիտասարդության շրջանում աճող գործազրկությունը, թմրամոլությունը, պոռնկությունը, երիտասարդ սերնդի կտրուկ անկում ունեցած մշակութային եւ կրթական մակարդակը՝ ահա նոր իրողության պտուղները»։ Երեւի թե այս խիստ նորահայտ երեւույթները չէին տարածվում կոմունիստ երիտասարդների վրա միայն։

Կոմերիտականների առաջնորդ Սանատրուկ Սահակյանն այստեղ առավել ծավալուն, պատմական էքսկուրսներով ու Լենինից մեջբերումներով հարուստ մի ելույթ ունեցավ։ Կոմերիտմիության անցած 80-ամյա պատմությունը ներկայացնելուց հետո վերջապես մեր օրերին հասնելով՝ Սանատրուկ Սահակյանը հայտարարեց, որ «երիտասարդությունն այսօր անհուսության մեջ է», «երիտասարդությունը, որ գիտեր իր մտքի եւ մկանների արգասիքը հայկական դրոշմով առաքել աշխարհի չորս ծագերը՝ այսօր այդ համապարփակ զգացումը նեղացրել է մինչեւ սեղանիկի աստիճանի։

Հայ ուսանողությունը, որ հայոց գիտությանը հաղորդել էր համաշխարհային հնչողություն, եւ զրուցում էր աստղերի հետ՝ այսօր նրա երազանքի թռիչքի բարձրությունը չի անցնում մի կտոր հաց վաստակելու հեռանկարից։ Եվ պատահական չէ, որ հատկապես երիտասարդները երես են դարձնում հարազատ երկրից, որովհետեւ հարազատ երկիրը թիկունք է արել»։ Նաեւ մարգարեացավ. «Կամ մեզ կկլանի թշվառության եւ նվաստացման ճահիճը. մեզ կպատի հարմարվողականության եւ ստրկահաճության թմբիրը՝ մեր կյանքը դարձնելով անիմաստ եւ անհեթեթ» կամ էլ կոմերիտականները պիտի մշտապես պայքարեն իրենց իրավունքների համար. «ինչպես մեր հասակակիցները դարասկզբին»։

Մի խոսքով, մեկը մյուսից ընտիր մտքեր էին։ Եվ դեռ այս ամենը ցանկացել էին մամուլից գաղտնի պահել։

Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Յուրի Մանուկյանը լրագրողներից հետաքրքրվեց. «Ձեզ ո՞վ է հրավիրել։ Մենք աղմուկ չէինք ուզում բարձրացնել»։ «Կոմերիտմիության ծնունդը ուզում էին գաղտնի նշել»,- եզրակացրեց մի հեռուստալրագրողուհի։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031