Ժաննա Կիրկորովան ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար: Կառավարության մամլո խոսնակն ուսանողուհի է։ Փոփոխություններ նաեւ հեռուստատեսությունում։ Օրերս լուծարվել էր ԼՂՀ տեղեկատվության եւ մամուլի վարչությունը։
Մեր ունեցած տեղեկություններով, սա այդ վարչության ղեկավար Ժաննա Կիրկորովայի եւ վարչապետի տարաձայնությունների հետեւանքն էր։ Սակայն ԼՂՀ նախագահի մամուլի ծառայության գլխավոր մասնագետ Միքայել Հաջյանը պարզաբանեց. «Սկզբունքային տարաձայնություններ չեն եղել» եւ որպես հիմնավորում մեջբերեց կառավարության համապատասխան որոշման նախաբանը. «Ելնելով պետական կառավարման հանրապետական մարմինների կառուցվածքային բարեփոխումների եւ դրանց գործնական արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից…»։
Այժմ Ժաննա Կիրկորովան գլխավորում է ԼՂՀ նախագահի մամուլի նորաստեղծ ծառայությունը եւ միաժամանակ կատարում խոսնակի պարտականությունները։ Կառավարության մամուլի ծառայության ղեկավար է նշանակվել Ստեփանակերտի համալսարանի բանասիրական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանողուհի Անուշ Հովակիմյանը՝ ճիշտ է, 2 ամիս փորձաշրջանով։ Կադրային աննախադեպ այս խիստ երիտասարդացումը վարչապետի եւ համալսարանի ուսանողության, դասախոսության հանդիպման արդյունքն է։ Երիտասարդ կադրերի պատրաստմանը նպաստելու համար կառավարությունը փորձնական ժամկետներով աշխատանքի է ընդունել նաեւ բարձր կուրսերի այլ ուսանողների՝ թարգմանիչների եւ այլն։
Եվ վերջապես, Միքայել Հաջյանը հաստատեց նաեւ մեր այն տեղեկությունը, որ ԼՂՀ հեռուստատեսության ղեկավար է նշանակվել Ռազմիկ Ղեւոնդյանը, որը Հայաստանի հատուկ ծրագրերի պետական վարչության պետի եղբայրն է։ Նախկին ղեկավարը՝ Վարդգես Բաղրյանը, հրաժարվել է Ստեփանակերտի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետի պաշտոնից եւ այսուհետ կզբաղեցնի հեռուստատեսության ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Կարդացեք նաև
Ա. Ի.