Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ՀԱՎԱՔԵԼ ԲՅՈՒՋԵՆ

Հոկտեմբեր 28,1998 00:00

Հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված հայտարարությունների ժամը շատ տեղին օգտագործեցին հատկապես «Օրինաց երկիր» կուսակցության եւ «Հայրենիք» պատգամավորական խմբի անդամները։ Ու եթե երկրորդ դեպքում բարձրացվեցին հանրապետության ներքաղաքական ու տնտեսական զարգացումներին առնչվող խնդիրներ, ապա «Օրինաց երկրի» ներկայացուցիչներն այս էլ որերորդ անգամ հերթական «քարը դրեցին» իրենց նախընտրական «պատին»։ Ե՛վ Սերգո Երիցյանը, ե՛ւ Վախթանգ Լալայանը, եւ թե Ստեփան Բարսեղյանը խոսեցին բացառապես այն ընտրատարածքներում գոյություն ունեցող տեղային խնդիրների մասին, որոնցից կամ իրենք ընտրվել են պատգամավոր, կամ էլ՝ մտադիր են ընտրվել։ Բայց սա հայտարարությունների այս վերջին ժամի միակ հետաքրքրաշարժ դեպքը չէր։

Ես ինքս քաջատեղյակ լինելով Ազգային ժողովի կանոնակարգին, համենայնդեպս, կարող եմ պնդել, որ իմ վիճակում է կամ ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանը կամ էլ նրա տեղակալ Ալբերտ Բազեյանը։ Եթե խորհրդարանի խոսնակը մի քանի նիստ առաջ ընդամենը հրաժարվեց 15 րոպեով երկարաձգել հայտարարությունների ժամը, ասելով, թե նման իրավունքով օժտված չէ, ու ձայն չտրամադրեց պատգամավոր Հովհաննես Ահարոնյանին, ապա նրա տեղակալն առանց երկմտելու կիրառեց 15 րոպեով նիստը երկարացնելու արարողակարգը։

«Հայրենիք» պատգամավորական խումբն, ասենք, Արմեն Կիրակոսյանի բերանով կառավարության անարդյունավետ գործունեությունը քննադատելուց հետո, որը կամայական մոտեցմամբ է գործում սակագնային քաղաքականության ոլորտում, «քարեր» նետեց Ազգային ժողովի ղեկավարության ուղղությամբ, որը «Հայրենիք» խմբի՝ «Սակագների մասին» օրենքի նախագծի քննարկումը հետաձգելով, խոչընդոտներ է ստեղծում էլեկտրաէներգիայի, կապի, ջրի եւ տրանսպորտի ոլորտներում հակակշռող պայմանների ներդրման ճանապարհին։

«Երկրապահ» Արամազդ Զաքարյանն էլ հիմնականում տնտեսական ոլորտի խնդիրներ շոշափեց։ Չնայած էներգետիկայի նախարարն Ազգային ժողովում հայտարարել է, թե գների փոփոխություն չի լինելու, բայց էներգետիկայի պետական հանձնաժողովը մտադիր է հունվարի 1-ից բարձրացնել 1 կիլովատ էլեկտրաէներգիայի արժեքը՝ 12 տոկոսով։ Սակայն այս շրջանակում կառավարությանն ամենաուժգին հարված հասցնողը պատգամավոր Վահագն Խաչատրյանը եղավ։ Նա ներկայացրեց, որ կառավարությունը խորհրդակցություն է անցկացրել ու որոշել, թե ինչ միջոցառումներով պետք է լուծի բյուջեի հիմնախնդիրները։

Փաստորեն, սուտ դուրս եկան բոլոր այն հավաստիացումները, թե 1998 թվականինը զարգացման բյուջե է։ Իսկ այդպես էր ասվում բյուջեի հաստատվելուց առաջ։ Հիմա փաստորեն հանձնարարված է կրճատել կապիտալ շինարարության եւ ընթացիկ ծախսերը։ Բացի այդ՝ 3 օրվա ընթացքում ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Սանդոյանը պետք է տեղեկանք ներկայացնի էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման արդյունքում Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի եկամտային մասի աճի վերաբերյալ։

Հաջորդը՝ էներգետիկայի հանձնաժողովը պետք է հիմնավորող հաշվարկներ ներկայացնի բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագինը 12,5 տոկոս բարձրացնելու մասին։ Դրա կողքին՝ 1998 թվականի պետական բյուջեի մուտքերն ապահովելու նպատակով հանձնարարվում է՝

ա) սեփականաշնորհման նախարար Ղալթաղչյանին՝ «Հայկոոպ» սպառողական միությունից ստանալ 624 մլն դրամ,

բ) ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Ասլիկյանին՝ մարդասիրական օգնությունից ստանալ 80 մլն դրամ,

գ) ՆԳ եւ ԱԱ նախարար Սարգսյանին եւ փոստի ու հեռահաղորդակցության նախարար Վարդանյանին՝ նախկինում կատարված իրավախախտումների համար ճշտված գումարի գանձման չափերի մասին զեկուցում ներկայացնել,

դ) Կենտրոնական բանկի նախագահին՝ ԿԲ դրամական բազայի ընդլայնման հաշվին՝ 2,5 միլիարդ դրամ, պետական արժեթղթերի լրացուցիչ թողարկման արդյունքում՝ 1 միլիարդ դրամ ստանալ։

Տեսաք չէ՞, թե ինչեր են կատարվում։ Բնական է, չէ՞, որ այս խորապատկերի վրա այնքան էլ չտպավորվեց Արշակ Սադոյանի խոսքն առ այն, թե մտադիր է ԱԺ նախագահ Խոսրով Հարությունյանին Արաբկիրի շրջանային դատարան տանել, որպեսզի վերջինիս հաշվից ստանա փախուստի մեջ եղած ժամանակ իրեն չհասած փողերը։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031