Միջազգային ջազ փառատոնի ոգեւորությունն ու տպավորություններն այնքան ուժեղ էին, որ դեռ փառատոնը չավարտված, մարդիկ մտածում էին՝ ինչ են անելու, ուր են գնալու փառատոնը վերջանալուց հետո։ Այս փառատոնը մի քանի օրում կարողացավ մարդկանց մեջ նոր չափանիշներ արթնացնել եւ ճիշտ գնահատականներ տալ…
Թերեւս վերջին տարիներին օպերային թատրոնի դահլիճն այդքան հանդիսատես չէր ունեցել, որքան փառատոնի օրերին, որին ներկա էին տարբեր սերունդների արվեստասերներ։ Այստեղ էր Դավիթ Ազարյանը՝ Դոդոն, որն ապրում է Բոստոնում, նվագում-ստեղծագործում է։ Ունի մի աղջիկ եւ արդեն սպասում է իր նոր փոքրիկին։ Դավիթ Ազարյանը Հայաստանից ԱՄՆ՝ ջազի հայրենիք է գնացել 1989 թվին։ Նա հանդես է գալիս ամենահարգի ջազ-ակումբներում, որոնցից է Նյու Յորքի «Blue Notes»-ը, ուր երազում է նվագել յուրաքանչյուր ջազ երաժիշտ։ Դոդոն արդեն 3 տարի այդ ակումբում նվագում է իր գրած երաժշտությունը եւ ունի նվագելու իր օրերը։ Շուտով լույս կտեսնի Դ. Ազարյանի լազերային երկրորդ ձայնասկավառակը։ Երեւանը, իր կարծիքով, բավական փոխվել է. «… թեկուզ այս փառատոնով. սենց բան ե՞րբ է եղել, շշմելու երեւույթ է, մարդիկ թափվում են ներս։ Կարոտ կա նման երեւույթների եւ այս երաժշտության հանդեպ»։ Դոդոն էլ նկատեց, որ Հայաստանում ջազ լսողները ե՛ւ շատացել, ե՛ւ որակավորվել են. «…Լավ սկիզբ է եւ պետք է շարունակվի, ավանդույթ դառնա»։
Հանդիսատեսը հիշում եւ սիրում է դաշնակահար Արտաշես Քարթալյանին, որը նույնպես այս անգամ ներկայացնում էր Ամերիկան։ Համաշխարհային համբավ ունեցող «New York Voices» խմբի չոր ձայները եւ նրանց իմպրովիզները բարձր գնահատականի արժանացան նաեւ հայ հանդիսատեսի կողմից։ Խմբի երգչուհի Քիմ Նազարյանի կենսագրության մեջ հայեցի մի կարեւոր հատված կա։ Նա 7 տարեկանից սկսել է երգել հարսանիքներում եւ հասցրել է աշխատել թատրոնում։ Նա նաեւ ճապոնական փոփ երգեր է կատարել անգլերեն լեզվով, որոնք հետագայում տեղ են գտել ձայնասկավառակներից մեկում։
Ամբողջ աշխարհում ջազի սիրահարների մեջ այն կարծիքը կա, թե ջազի ամենալավ կատարողները սեւամորթներն են։ Հայ հանդիսատեսն էլ կարծես այդ համոզմունքն ուներ։ Ուրիշ վերաբերմունք էին ցուցաբերում, երբ բեմում սեւամորթ երաժիշտ էր հայտնվում։ «Գոսփլ» ոճի կատարող Թոփսի Չեփմենին, Քլարենս Ջոնսոն III-ին ամենաբարձր ծափահարություններն էին հասնում, թեեւ գնահատականների մեջ հանդիսատեսը չէր սխալվում։ Նշենք, որ Թոփսի Չեփմենը երգել է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության համաժողովի մասնակիցների համար, հանդես է եկել Մեծ Բրիտանիայի թագուհու եւ Էդինբուրգյան կոմսի առջեւ։ Ջազի սիրահարներին գերել էր նաեւ Վենդել Բրունյոսի՝ գեղեցիկ կառուցվածքով սաքսոֆոնահարի, կատարումները, որի հետ հայ աղջիկները ձգտում էին լուսանկարվել (էկզոտիկա՜…)։
Կարդացեք նաև
Դահլիճը բուռն արձագանքներով էր ողջունում նաեւ հայ երաժիշտների կատարումը, մասնավորապես՝ Լեւոն Մալխասյանի, Վահագն Հայրապետյանի, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցի, Գեորգի Գարանյանի, Ալեքսանդր Զախարյանի, Շուշան Պետրոսյանի եւ այլոց կատարումները։ Իսկ ամենաշատը հայ ունկնդիրը սիրեց «Night Ark» խմբին, որի 4 երաժիշտներից 3-ը հայ էին՝ Արա Դինքջյանը, Արմեն Դոնելյանը, եւ Արտո Թունչբոյաջյանը, որոնց կատարումները լրացնում էր հանրահայտ թավջութակահար Մարկ Ջոնսոնի վարպետությունը։ Խումբը ստեղծել է Ա. Դինքջյանը, 1986 թվին։ Դինքջյանը համարվում է աշխարհում ուդի լավագույն կատարողը։ Դաշնակահար Արմեն Դոնելյանը նվագել է Լայնոել Հեմփտոնի եւ Սոննի Ռոլինսի հետ, իսկ Արտոն, որ ծնվել է Թուրքիայում եւ այժմ ապրում է ԱՄՆ-ում, հարվածային գործիքներ (նաեւ՝ կոնգաներ) է նվագում, ինչպես նաեւ երգում է։
«Night Ark»-ի բազմատարր եւ բազմաժանր երաժշտությունը իր մեջ ամփոփում էր մերձարեւելյան ֆոլք, փոփ, ջազ եւ դասական երաժշտության տարրեր, որի խորքում ազգայինն էր։ Արտոն ելույթից առաջ արդեն պատրաստել էր իր հարվածային եւ այլ գործիքները՝ հայկական «Ջերմուկ»-ով լի շիշ, կաթսա՝ մի քիչ ջրով, փայտե սեղան… Նա նվագելիս բառախաղեր էր ստեղծում, որոնցում ե՛ւ հումոր կար, ե՛ւ տխրություն…
Փակման հանդիսությանը փառատոնի կազմակերպիչները հուշանվերներ հանձնեցին մասնակիցներին եւ փոքրիկ ջեմ-սեյշըն արեցին… Իսկ ամենալավ ջեմ-սեյշըններն, ինչ խոսք, «պապլավոկինն» էին, որը վերածվում էր իսկական ջազ ակումբի։ Փառատոնի վերջին օրը սրճարանի գրեթե բոլոր սեղանները պատվիրված էին եւ պատվիրողների թվում նախարարներ էին։ Կիրակի երեկոյան սրճարան էր այցելել նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ Փառատոնի բոլոր օրերին տարբեր օպերատորներ նկարահանումներ էին անում՝ հետագայում ֆիլմեր եւ հաղորդումներ պատրաստելու համար։ Վ. Սարգսյանի թիկնապահները զգուշացրել էին՝ չնկարահանել նախարարին եւ ով համարձակվում էր, երաժիշտներից բացի, խոշոր պլանով այլ կադրեր նկարահանել, թիկնապահները կանչում եւ «բռնագրավում» էին նրանց տեսաերիզները՝ խոստանալով նախարարին առնչվող հատվածը ջնջելուց հետո վերադարձնել այն։
Սրճարանում երաժիշտներն ավելի հաճույքով էին նվագում։ Արտոն, որ այդ օրը մի քանի երաժիշտների հետ համերգ էր ունեցել Գյումրիում, որոշեց գրոտեսկային բառախաղով շաղախված իր շոուն շարունակել վրաց կոնտրաբասահար Թամազ Քուրաշվիլու, Մարկ Ջոնսոնի (որը պարզվեց նաեւ լավ թմբկահար է), Մալխասի, Արսեն Ներսիսյանի եւ Ալեքսանդր Զաքարյանի հետ։ Ջեմ-սեյշընի ավարտին Լեւոն Մալխասյանը այդ բոլորի հետ միասին ջազային ոճով թնդացրեց մեր խոսքով ասած՝ «հարսանիքային» հայկական երաժշտությունը, որը շատ լավ ընդունեց ջազի սիրահար հայ եւ օտարազգի հանդիսատեսը։ Իսկ սեւամորթ սաքսոֆոնահար Վենդել Բրունյոսի հայկական իմպրովիզները զարմացրին բոլորին՝ «նրանք մերը, մենք՝ նրանցը»։
Փառատոնն ավարտվեց, երաժիշտների հիմնական մասը մեկնեց Հայաստանից։ Փառատոնի կազմակերպիչներին առաջարկեցին կազմակերպել ռոք-փառատոն. «… ջազից հետո ամեն ինչի փառատոն էլ կարող ենք կազմակերպել»,- ասաց Գարեգին Նուշիկյանը։ Փառատոնի լրատվական մասի պատասխանատու Տիգրան Լիլոյանը նայելով Լեւոն Մալխասյանի աչքերի մեջ՝ հումորով առաջարկեց ռաբիսի փառատոն անել՝ «հա՛, ի՞նչ, ջազն էլ նեգրերի ռաբիսն է…»։ «… Էդ ի՞նչ ես ասում, ո՞նց թե»,- վրա տվեց Մալխասը… Որոշեցին հյուրերին ճանապարհելուց հետո մի լավ քնել, ինչի մասին արդեն վաղուց՝ մոտ մեկ ամիս երազում են…
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ