Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՂԱՆԴԸ ՄԻՇՏ ԷԼ ԱԶԳԱՅԻՆ Է

Հոկտեմբեր 27,1998 00:00
jazz

Ինչ որ լավ է՝ լավ է: Նրանք, ովքեր կարողացել են կազմակերպել Միջազգային ջազ փառատոնը Երեւանում, լավ գործ են արել, իսկական տոն պարգեւելով հասարակության այն մասին, որն ունի /կամ պահպանել է/ մտավոր եւ մշակութային զարգացման որոշակի մակարդակ: Նրանք, ում տարիքը 30-ից բարձր է, զգացին կարոտախտի նման մի բան՝ կարոտախտ խաղաղ եւ բնականոն այն ժամանակների նկատմամբ, երբ հնարավոր էր ջազային փառատոներ անցկացնել: Միատարր չէր փառատոնի մասնակիցների պրոֆեսիոնալ մակարդակը: Դա հասկանալի է. հինգ համերգի համար դժվար է հավաքել միայն փայլուն ջազային կատարողների: Այնուամենայնիվ, կարծում եմ, նպատակահարմար չէր 3-4 համարով ներկայացնել ընդհանուր մակարդակին ակնհայտորեն զիջող խմբերին /Դավիթ Մարգարյանի կվինտետ, Hi-Folk ջազային երգչախումբ, Funky Brass վեցյակ/, դրանով իսկ կրճատելով հանդիսատեսի կողմից ջերմությամբ ընդունվող այլ երաժիշտների ելույթների ժամանակը:

Ասենք, փառատոնի կազմակերպիչների փոխարեն ես բեմ չէի տրամադրի Իրինա Մալխասյանին եւ, հակառակը, կես բաժին կտրամադրեի Շուշան Պետրոսյանին: Բայց դրանք, ի վերջո, մանր դիտողություններ են, որոնք չեն կարող ազդել ընդհանուր տոնական, ոգեւորիչ մթնոլորտի վրա: Ոգեւորում էր այն, որ մեր, հայաստանցի /եւ ծագումով հայաստանցի/ ջազմենները՝ Մարտին Վարդազարյանը, Լեւոն Մալխասյանը, Տաթեւիկ Հովհաննիսյանը, Դավիթ Ազարյանը, Արտաշես Քարթալյանը եւ ուրիշները ներդաշնակ էին նայվում արտասահմանցիների ֆոնի վրա, որ մեր Վահագն Հայրապետյանը ոչնչով չէր զիջում եւ միանգամայն իր տեղում էր սաքսոֆոնահար Քլարենս Ջոնսոն Երրորդի /այսինքն՝ տոհմական սեւամորթ ջազմենի/ հետ նվագելիս:

Ինձ համար փառատոնի հայտնությունն էր Night Ark ամերիկյան խումբը, որը մեծ մասամբ կազմված էր մեր հայրենակիցներից: Իր հոգեւոր արմատներով նրանց երաժշտությունը խորապես ազգային էր եւ միեւնույն ժամանակ կոսմոպոլիտ՝ այդ բառի լավագույն իմաստով: Այստեղ կար մեր երգը, բայց մատուցած պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, կար մեր դարդը, բայց առանց լացուկոծի, մեր ուրախությունը, սակայն առանց «ռաբիսի»: Այդ խմբի բանական /Արմեն Դոնելյան/ եւ հուզական /Արտո Թունչբոյաջյան/ բեւեռների միջեւ հեշտությամբ տեղավորվում էին ուդն ու կոնտրաբասը՝ իրենց ֆանտաստիկ գուներանգներով: Մի խոսքով, եւս մի ապացույց հանրահայտ ճշմարտության. ազգային է այն, ինչը տաղանդավոր է:

… Երբ լեգենդար պրոդյուսեր Ջորջ Ավագյանին հարցրի՝ որքան ժամանակ է պետք տաղանդը ոչ տաղանդից տարբերելու համար, նա առանց վարանելու պատասխանեց. «Մեկ ակնթարթ»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031