Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՆԱԼ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ ԵՎ ԳՏՆԵԼ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոկտեմբեր 27,1998 00:00
byuje

Կառավարությունը սկսեց 1999 թ. բյուջեի քննարկումները։ Գործող օրենսդրությունը պարտավորեցնում է երկրի եկող տարվա պետական բյուջեի «կառավարական» տարբերակը մինչեւ նոյեմբերի 1-ը ներկայացնել խորհրդարան։

Շաբաթ օրը կառավարությունում քննարկված 1999 թ. բյուջեի նախագիծը անցնող տարվա ցուցանիշների հետ համեմատած մոտ 30 տոկոս աճ է ենթադրում։ Աճ ասածն, իհարկե, չի ներառում իր մեջ ո՛չ արժեզրկումը, ո՛չ էլ գների աճը։ Քննարկման ներկայացված տարբերակում բյուջեն, բնականաբար, լուրջ դեֆիցիտից չի խուսափել։ Ենթադրվում է, որ դեֆիցիտը կազմելու է 56 մլրդ 794 մլն դրամ։ Փաստորեն, եկող տարի էլ մոտ 100-110 մլն դոլարից ավելի գումար ենք ծախսելու։ Ավելի քան աշխատելու ենք։ Դեֆիցիտի ֆինանսավորման ներքին աղբյուրների հետ նորից փոքրածավալ հույսեր են կապված։ Կարճաժամկետ պարտատոմսերով ու այլ պետական արժեթղթերով ենթադրվում է ներգրավել 6 մլրդ դրամ։ Մեր կառավարությունն այս տարի մեկ-երկու անգամ կիսաբերան «խոստովանել» է, որ այս տարի բյուջեի արտաքին ֆինանսավորման հույսերը չարդարացան։ Արտասահմանից սպասվող գրանդ- տրանսֆերտերները պակաս չափով տրամադրվեցին։

Այնուամենայնիվ, կառավարությունը բյուջեի եկամտային հատվածը կազմելիս օտարերկրյա օգնությունների հետ նորից մեծ հույսեր է կապում։ Գրանտները 1996-ին կազմել են բյուջեի եկամուտների 22,4 տոկոսը, 1997-ին՝ 21,4 տոկոսը, 1998-ին՝ 13,3 տոկոսը։ Իսկ 1999-ը նախատեսվում է ապահովել 15,8 տոկոսի չափով։

Մեզ օգնություն տվող երկրների ցանկն էլ չի փոփոխվել՝ Ճապոնիա (մոտ 8 մլն դոլարի չափով), Նիդեռլանդներ (մոտ 4 մլն դոլարի չափով), ԱՄՆ (մոտ 22 մլն դոլարի չափով)։ Տրանսֆերտներ տրամադրող կազմակերպությունների ցուցակն էլ է անփոփոխ՝ Համաշխարհային բանկ, Զարգացման եւ վերակառուցման միջազգային բանկ, Եվրամիություն։ Հարկային մուտքեր Բյուջեի մուտքերի հարկերի համակարգով հավաքվող հատվածը մուտքերի 78,6 տոկոսն է ապահովելու։ Որքան էլ խոսվի ավելացած արժեքի հարկի տոկոսադրույքի նվազեցման մասին, միեւնույն է, այն Հայաստանում համարվում է գլխավոր հարկատեսակը։ Տարեցտարի մեծանում է այս հարկատեսակի տեսակարար կշիռը։ 1996 թ. այն 30,9 տոկոս էր, 1997 թ.՝ 34,8 տոկոս, 1998 թ.՝ 37,0։ Եկող տարի այն նախատեսվում է հասցնել 43,8 տոկոս բարձունքի։ Հավանաբար, կառավարությանը հատկապես դժվար է ակցիզային հարկ հավաքելը։ Անցնող տարվա ընթացքում ակցիզային հարկը պետք է ապահովեր 24 տոկոսի չափով մուտք։ Եկող տարի ցուցանիշը ենթադրվում է նվազեցնել՝ դառնում է մոտ 17 տոկոս։ Մնացած հարկատեսակների ցուցանիշները հիմնականում մնում են անփոփոխ։

Բյուջեի տրամաբանությունը

Քաղաքականությամբ չհետաքրքրվող մարդու համար այսօր բավական դժվար կլինի թվարկել, թե անկախության 7 տարում քանի կառավարություն ենք փոխել։ Դժվար կլինի ոչ թե այն պատճառով, որ շատ վարչապետներ ենք ունեցել, այլ այն պատճառով, որ նրանք իրարից չեն տարբերվել։ Առողջապահության համակարգը կայուն ծախսում է բյուջեի մոտ 10 տոկոսը, նույնքան ստանում է կրթության եւ գիտության համակարգը։ Ամեն տարի իրենց բաժին 28-29 տոկոսը ստանում են ուժային նախարարությունները։ Ոչ մի նոր կառավարության փաստորեն չի հաջողվում հրաժարվել (կամ մոռանալ) նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի բյուջետային կառուցվածքից (կամ կառուցվածքը)։ Ամեն տարի փոխվում են միայն թվերը, բյուջեի տրամաբանությունը մնում է նույնը։

Անցած տարվա բյուջեն կազմելիս եւ քննարկելիս նախկին կառավարությունը խիստ հպարտանում էր, որ կապիտալ ներդրումների համար աննախադեպ ծավալների գումար է հատկացվում։ Հետո կառավարությունը փոխվեց, եւ ուրիշի գրած բյուջեն կատարող նոր կառավարությունը «տակից» դուրս չեկավ։ Հոկտեմբերի 17-ին վարչապետի կարգադրությամբ դադարեցվեց կապիտալ շինարարության ֆինանսավորումը։ Եկող տարվա նախագիծն էլ է կապիտալ շինարարության համար լուրջ գումար նախատեսում՝ մոտ 27,4 մլրդ դրամ։ Սակայն արդեն կա չկատարելու նախադեպը։ Հետեւաբար, այն դառնում է նաեւ չհավատալու նախադեպի հիմք։

Փոքր տարբերություն

Հոդվածի վերնագիրը պարտավորեցնում է գտնել որեւէ տարբերություն նախորդ տարիների բյուջեների եւ գալիք տարվա պետբյուջեի նախագծի միջեւ։ Մեկ փոքր տարբերություն կա։ Այն չտեսնելն անհնար է։ Քննարկման համար պատրաստված փաստաթղթում նշված է, որ այս տարի կառավարության պահուստային ֆոնդը կազմում է 2 մլրդ 660 մլն դրամ։ Այն կազմում է ընդհանուր ծախսերի 1,8 տոկոսը։ Եկող տարի կառավարությունը իր տնօրինման համար շատ ավելի մեծ գումար է ակնկալում պահուստավորել՝ 7 մլրդ 702 մլն դրամ։ «Ջոմարդ» ծախսերով կառավարությունը գուցեեւ հաջողվի շռայլ ծախսողի կամ բարի կառավարչի անուն հանել։ Սակայն «սեփական» պահուստային ֆոնդը մոտ 3 անգամ մեծացնելու ֆոնի վրա անհասկանալի է մնում սոցիալական ապահովության համար հատկացվող գումարը համարյա նախորդ տարվա մակարդակին թողնելու ձգտումը։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031