Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՂԱՅԻՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հոկտեմբեր 27,1998 00:00
qveatup

Յուրաքանչյուր ընտրությունից առաջ քաղաքական ուժերը հուսավառված նետվում են ընտրարշավ՝ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու եւ իրենց թեկնածուի հաղթանակը ապահովելու համար։ Նրանք մանրամասն ուսումնասիրում են նախորդ ընտրությունների «դառը փորձը» եւ դրա վրա կառուցում իրենց ընտրարշավը։ Եվ հայտնաբերում, որ այս անգամ իրագործվեցին ընտրությունները կեղծելու նոր մեխանիզմներ, որոնց իրենք նախորդ անգամ չէին հանդիպել։

Հոկտեմբերի 25-ին Գյումրիի թիվ 54 եւ 55 ընտրատարածքներում անցկացվող ընտրությունները զարմացրին մասնակցության բարձր տոկոսով։ Թիվ 55/6 ընտրատարածքը գտնվում էր Գյումրիի երկաթուղային տեխնիկումի դահլիճում։ Ընտրատարածքի դիմացի մայթին կանգնած էին մի քանի ավտոբուսներ եւ երթուղայիններ, որոնք ինտենսիվորեն մարդիկ էին բերում ընտրատարածք։ Սակայն տեխնիկումի բակում հավաքված մի քանի տասնյակ ընտրողներ բողոքում էին, որ իրենց հնարավորություն չի տրվում քվեարկել։ Պատճառը՝ այլ գրանցում ունենալն է։ Տասնյակ մարդիկ պնդում էին, որ իրենց անձնագրերում նշված է մինչերկրաշարժյան գրանցում, մինչդեռ իրենք բնակվում են հենց տեխնիկումի հարեւանությամբ։

«Այն տնակի վրայի անտենան մերն է»,- ասում էր մի տարեց կին։ «Տղա ջան, չես հավատում, գնանք մեր տուն, մի բաժակ սուրճ խմի»,- իր այդ թաղամասում ապրելը ապացուցել էր փորձում մեկ ուրիշը։ Ընտրատեղամասում վիճակը շատ ավելի վատ էր։ Մեծ սրահում հավաքված էին առնվազն 200 հոգի։ Լրացուցիչ ցուցակներում գրանցվելու համար աննկարագրելի հերթ էր՝ մարդիկ չէին կարողանում ստանալ քվեաթերթիկները ու հուսահատ հեռանում էին։ Ժամը 13-ին կնքված եւ ստորագրված քվեաթերթիկները վերջացան, եւ խուճապը բազմապատկվեց։ Որոշեցին ժամանակավորապես ընտրությունները դադարեցնել։ Ավտոբուսներով բերված մարդիկ շտապեցին դեպի ավտոբուսները, սակայն այդ հոսքը դադարեցվեց, քանի որ նրանք դեռ չէին քվեարկել։ Այս ընտրատեղամասը ամենամեծն էր, ցուցակներում գրանցված էր 3187 ընտրող, սակայն մարդկանց մեծ մասը ցանկանում էր քվեարկել լրացուցիչ ցուցակներով։

Թիվ 55 ընտրատարածքում գրանցված են 7 պատգամավորության թեկնածուներ, սակայն իրական պայքարն ընթանում է Շիրակի մարզպետարանի լրատվության բաժնի վարիչ Ավետիք Հարությունյանի (ՌԱ(ԼԴ)Կ), «Պրոգրես» համալսարանի ռեկտոր Ռաֆիկ Խաչատրյանի եւ քաղաքապետարանի սոցապ բաժնի պետ Գագիկ Վարդանյանի միջեւ։ Ընտրատարածքների մի մասում լրացուցիչ ցուցակ մտցնելու համար հիմք էր ընդունվում ԲՇՏ-ների կողմից տրված տեղեկանքը։ Մինչդեռ մյուսներում պահանջում էին, որ տեղեկանքներ բերվեն ոստիկանությունից։ Թիվ 55 ընտրատարածքի համարյա բոլոր տեղամասերում պատկերը նույնատիպ էր՝ տեղամասերը հեղեղված էին մարդկանցով, սակայն շատ քչերն էին հնարավորություն ստանում քվեաթերթիկ ստանալ։

Թիվ 55/6 ընտրատարածքում ժամը 15-ին քվեարկել էր ընդամենը 215 ընտրող, որոնցից 98-ը՝ լրացուցիչ ցուցակներով։ Այս ընտրատարածքում եղանք նաեւ ժամը 19-ին եւ տեսանք փողոցում կանգնած շտապօգնության մեքենան։ Բակում եւ դահլիճում հավաքված մարդկանց թիվը եռապատկվել էր, որոշ գնահատականներով՝ 500-600 մարդ։ Բժիշկը չափում էր մեջքի վրա կիսաթեք ընկած մարդու ճնշումը։ Երբ հետաքրքրվեցի, թե ով է՝ պատասխանն ապշեցրեց՝ «հանձնաժողովի նախագահը»։ Մենք մինչ այդ զրուցել էինք, սակայն միակ բանը, որ նույնանում էր նախօրոք ստացած տպավորություններիս՝ մոխրագույն պիջակն էր։ Ըստ նախնական գնահատականների, նրա մոտ ինֆարկտ էր։ Բացի բժշկից, նախագահի մոտ կանգնած էր եւս մի կին։ Մյուսներին այդ միջադեպը չէր էլ հետաքրքրում։

Ժամը 19։05-ին որոշվեց քվեատուփը կնքել։ Սակայն դա այնքան էլ հեշտ չէր, քանի որ հսկայական թվով մարդկանց մոտ դեռ քվեարկված քվեաթերթիկներ կային։ Նույնիսկ, երբ քվեատուփը վերջնականապես կնքվեց, քվեաթերթիկների բաժանումը շարունակվում էր։ 3187 ընտրողներից քվեարկել էր 408-ը։ Թիվ 55 ընտրատարածքի այլ տեղամասեր փակվեցին 20։30՝ ժամը 20-ի փոխարեն։ Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահը կասկած հայտնեց, որ ընտրությունները կարող են չեղյալ հայտարարվել։

Թիվ 54 ընտրատարածքում գրանցված 4 թեկնածուներից հիմնական պայքարն ընթանում էր հացամթերումների կոմբինատի տնօրեն Մարտին Սուքիասյանի, ԳԽ-ում կոմկուսի խմբակցության ղեկավար Ռաֆիկ Մխիթարյանի եւ Գյումրիի ԱԺՄ մարզային կառույցի ղեկավար Վահան Թումասյանի միջեւ։

Թիվ 54/5 ընտրատեղամասում ընտրությունների ընթացքի մասին խնդրեցինք պատմել Վահան Թումասյանի վստահված անձ Գեւորգ Տեր-Կարապետյանին։ «Մասսայականորեն մեքենաներով մարդիկ են բերվում ընտրատեղամաս։ Մարդկանց ընտրատեղամասում հուշում են, թե ում պետք է քվեարկել։ Մարդիկ պահանջում են, որ իրենց անունները մտցնեն լրացուցիչ ցուցակների մեջ։ Գալիս են նույնիսկ գյուղերից»։ Լրացուցիչ ցուցակներից բողոքեց նաեւ Մարտին Սուքիասյանի վստահված անձը. «Խոչընդոտում են մարդկանց մտցնել ցուցակների մեջ, խախտելով նրանց ընտրական իրավունքը»։

Թիվ 54/1 տեղամասում (Սլաբոդկա) քվեախցում հայտնաբերվել էր հօգուտ Ռաֆիկ Մխիթարյանի քվեարկած քվեաթերթիկ, որը մեկնաբանվեց որպես օրինակ։ Առավոտյան կորել էր նաեւ ընտրատեղամասի կնիքը։ Հանձնաժողովի անդամներից մեկը պատմեց, որ ընտրատեղամաս են մտել թաղային հեղինակությունները եւ սպառնացել, որ Ռաֆիկ Մխիթարյանից բացի որեւէ մեկը չի ընտրվելու։ (Այս ընտրատարածքում Ռաֆիկ Մխիթարյանը ստացավ 410, իսկ Մարտին Սուքիասյանը 125 ձայն)։ Մյուս ընտրատեղամասերում բացահայտ էր Մարտին Սուքիասյանի կողմնակիցների ճնշումը։ Ամենուրեք նրա ծառայողական եւ անձնական մեքենաներն էին՝ «Վոլգա 31» (00-97ADD), «Ջիպ» (45LU239), «Մերսեդես»։

Թիվ 54/2 ընտրատեղամասում կեղծիքներ էին կատարել հանձնաժողովի անդամները։ Հանձնաժողովի նախագահի (Գառնիկ Վարդանյան) որոշմամբ ընտրական իրավունք են ստացել եւ քվեարկել հանձնաժողովի անդամները, որոնք բնակվում են ընտրատարածքից դուրս։

Թիվ 54 ընտրատեղամասում, ըստ նախնական տվյալների, հաղթեց Մարտին Սուքիասյանը, երկրորդ տեղում Ռաֆիկ Մխիթարյանն էր։ Վահան Թումասյանը երրորդն էր։ «Մենք մեկ անգամ եւս համոզվեցինք, որ ընտրարշավով եւ քարոզչությամբ դժվար է կոտրել թաղային հեղինակությունների վարկանիշը»,- արձանագրեց Սեյրան Ավագյանը։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ. Գ. Ընտրություններին մասնակցում էր «Ընտրությունը քոնն է» դիտորդական առաքելությունը։ Նրանք մի կողմ քաշված, նույնիսկ չէին էլ հետեւում ընտրություններին։ Միայն թիվ 54/2 ընտրատարածքում թիվ 28 դպրոցի տնօրեն Հենզել Կարապետյանն էր աշխույժ բանաստեղծություններ արտասանում։ Բոլորը համոզված էին, որ նա հարբած է, երեւի՝ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների գաղափարը չիրագործելու վշտից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031