Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկրապահը» զարգացման բյուջե է պարտադրում

Հոկտեմբեր 27,1998 00:00
Smbat Ayvazyan

Տպավորություն կար, թե խորհրդարանական արտահերթ նիստերի վերջին ամսվա հոգնեցուցիչ ընթացքից հետո գործընթացներն որոշակի տեղատվություն կունենան, բայց պարզվում է, որ ամենեւին էլ այդպես չէ։ Համենայնդեպս, «Երկրապահ» պատգամավորական խմբի մտայնությունները, որի նախագահ Սմբատ Այվազյանին այսօր զրույցի ենք հրավիրել, հանդարտ ընթացքների մասին դատելու հիմք չեն տալիս. «Երկրապահ» պատգամավորական խումբը որպես մեծամասնություն Ազգային ժողովում, իր առջեւ լուրջ խնդիրներ է դրել եւ հետամուտ է լինելու դրանց»։

Այս շարքում, առաջին հերթին, իհարկե, մատնանշվում է վերջին տարիներին գրեթե աչքաթող արված մի խնդիր, որի վերաբերյալ 1999 թվականի բյուջեի ձեւավորման շրջանակներում «Երկրապահը» համաձայնություններ է ձեռք բերել կառավարության հետ։ Խոսքն, իհարկե, աղետի գոտու մասին է, ուր, Սմբատ Այվազյանի խոսքերով, գալիք տարի լուրջ ծրագրեր են իրականացվելու. «Շինարարության ծավալը ձգտելու է հասնել մոտավորապես 1989 թվականի չափերին»։ Իսկ դա նշանակում է, որ 1999 թվականին շուրջ 12 հազար ընտանիք բնակարան է ստանալու։ Շինարարության այս ծավալը, ինչպես համոզված պնդում են երկրապահները, ինքնին նաեւ տնտեսության զարգացում ու աշխատատեղեր է ենթադրում։ Սակայն սա միակ նախաձեռնությունը չէ, որով «Երկրապահը» հանդես է գալիս սոցիալական վիճակի բարելավման նպատակով։

Այս շարքում Սմբատ Այվազյանն առանձնահատուկ է շեշտադրում եկամտահարկի շեմի բարձրացման արձանագրումն օրենսդրորեն։ Կառավարությունը երկար ժամանակ պնդում էր, թե ներկայիս չհարկվող շեմը 8-ից ընդամենը 12 հազար դրամի է հնարավոր հասցնել։ Բուռն քննարկումներն արդեն մնացել են հետեւում, ու ձեւավորվել է ընդհանրական տեսակետ, որ թեպետ այս հոդվածի պահանջներով բյուջեն բավականին լարված է լինելու. «Բայց այսօր պարտավոր ենք գոնե աշխատավարձերը չհարկել նվազագույն պարենային զամբյուղի չափով։ Դա 16500-ն էր, իսկ մենք սահմանեցինք 17 հազար դրամի շեմը»։ Հետեւանքը լինելու է այն, որ աշխատավարձերը 15-20 տոկոսով բարձրանալու են, իսկ եթե, ինչպես պարոն Այվազյանն է փաստում, նկատի առնենք նաեւ հանրապետությունում միջին աշխատավարձի ընդամենը 14-15 հազար դրամ լինելու հանգամանքը, ապա զուգահեռաբար կդրսեւորվի, թե ինչպիսի լուրջ առաջընթաց քայլ է կատարվում։

Օրինագիծն ավելի հեռուն գնացող պահանջներ էլ է բովանդակել, ինչը, Սմբատ Այվազյանի խոսքերով, միայն եզակի երկրներ են իրենց թույլ տալիս. «Ընդունելով 2000 թվականից չհարկվող շեմը 28 հազար դրամ սահմանելու որոշում։ Իսկ սա թռիչքային առաջընթաց է պետք համարել»։ Կառավարության եւ «Երկրապահի» միջեւ ձեռք բերված հաջորդ պայմանավորվածությունը, որն իր արտացոլումը պետք է գտնի 1999 թվականի բյուջեում, ապրիլի 1-ից բյուջետային բնագավառի աշխատողների աշխատավարձերի բարձրացումն է՝ 30 տոկոսով։ Դա, պարոն Այվազյանի գնահատմամբ, իր դերը կունենա կենսամակարդակի բարձրացման եւ կյանքի աշխուժացման առումով։ Քանի որ բյուջետային ոլորտի աշխատողները մեծ թիվ են կազմում, նրանց աշխատավարձերն էլ պայմանավորում են հանրապետական միջին աշխատավարձի չափը։

Բացի այդ, բյուջետային հիմնարկներում աշխատավարձի բարձրացումը շղթայաբար կանդրադառնա նաեւ ոչ բյուջետային հիմնարկներում աշխատավարձի մակարդակի վրա՝ մրցակցության պարզ հիմքով։ Հաջորդ հարցը, որ «Երկրապահը» դրել է կառավարության առջեւ, ու քննարկումների արդյունքում, Սմբատ Այվազյանի խոսքերով, առաջընթաց արձանագրել. «Դա բազային կենսաթոշակների բարձրացումն է՝ 50 տոկոսով»։ Վերջին 1,5-2 տարում կենսաթոշակներն ընդհանրապես չեն բարձրացվել։ Բնականորեն, ենթադրվում է լարված աշխատանք, որովհետեւ անհրաժեշտ է լինելու 10 միլիարդ դրամից ավելի գումար, որպեսզի թոշակների 50 տոկոսով բարձրացվելը հնարավոր դառնա։

Սմբատ Այվազյանը գոհունակությամբ անդրադարձավ, որ կառավարությունը լուծման ուղիներ է տեսնում նաեւ «Երկրապահի» առաջ քաշած հաջորդ խնդրի համար. «Խոսքն ընտանեկան նպաստների ներդրման մասին է։ Դրանք 1998 թվականի բյուջեով նախատեսված 14 միլիարդ դրամից կհասցվեն 23-24 միլիարդի»։ Այս եւ վերոշարադրյալ մյուս հոդվածների առկայությունը բյուջեում, մեր զրուցակցի խոսքերով, նշանակում է, որ հաջորդ տարի պետության տնտեսական կյանքը կարգավորելուն կոչված փաստաթուղթն ունենալու է լուրջ սոցիալական ուղղվածություն, ու հենց դրանով իսկ պարտադրելու է զարգացման միտումներ։ Այս տեսակետը գոյացել է կառավարության հետ քննարկումների արդյունքում. ձեւավորվել է միասնական եզրակացություն։

Իսկ եթե. «մեր այս պայմանավորվածությունը չհարգվի, բնականաբար, խնդիր կառաջանա Ազգային ժողովում բյուջեի ընդունվել-չընդունվելու հարցում։ Հարցն անպայմանորեն կքննարկվի պատգամավորական խմբում»։ Այս ամենը հրաշալի է։ Բայց որտեղի՞ց վերցնել այդ գումարները, պարոն Այվազյան։ Թե պարզապես այս ամենը նախընտրական իրողությունների արձանագրումն է բյուջեում։

Մեր զրուցակիցը նախեւառաջ փաստեց, թե այնպես չէ, որ այդ գումարները եղել են գանձապետարանում եւ նախընտրական փուլում միայն պիտի բաժանվեն։ Չէ, այդպես չէ, ամեն ինչ հաշվարկված է լուրջ եւ հետեւողական աշխատանքի հեռանկարի հիմքի վրա, ինչն, առաջին հերթին, պետք է դրսեւորվի ստվերային տնտեսությունից հարկումներ կատարելու գործելաոճով, այդ գումարները պետք է ծառայեցվեն պետական նպատակների եւ ծրագրերի։ Այսպիսով, փաստորեն, «կառավարությունը պիտի լրջորեն աշխատի, որպեսզի կարողանա միջոցներ հայթայթել բյուջեի համար։ Իսկ Հայաստանում միջոցներ հայթայթելու միակ ճանապարհը աշխատանքն է»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031