Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԻԶԱԿԵՏՈՒՄ ՆՈՐԻՑ ԴԵՄԻՐՃՅԱՆՆ Է

Հոկտեմբեր 27,1998 00:00
karen demirchyan

Վերջապես։ Տեղի ունեցավ երկար սպասված մի իրադարձություն։ Նորից ասպարեզ ելավ ու իր քաղաքական ծրագրերի մասին խոսեց Կարեն Դեմիրճյանը՝ հոկտեմբերի 25-ին մայրաքաղաքի Կինոյի տանը աշխատանքային հանդիպում ունենալով սեփական կազմակերպությանը՝ Հայաստանի ժողովրդական կուսակցությանն անդամագրված ակտիվի հետ։

Բնականաբար, զարմանալի չպիտի հնչի, եթե նախեւառաջ փաստենք, որ դահլիճը լեփ-լեցուն էր։ Իսկ օրվա բանախոսը կուսակցության առաջնորդն էր, որն իր խոսքը բաժանեց երկու մասի։ Նախ՝ թե ինչու եւ ինչպես ստեղծվեց Հայաստանի ժողովրդական կուսակցությունը. «Այս տարվա մարտ ամսին ժողովուրդը ցանկություն ու կամք արտահայտեց, որ ստեղծվի մի հզոր ուժ, որին ինքն ապավինի, վստահի, եւ որի միջոցով իր քաղաքական, սոցիալական ու մյուս բոլոր պահանջները հասցնի պետական, քաղաքական համապատասխան ատյաններին»։

Դրանից հետո Կարեն Դեմիրճյանը խոսեց ձեռնարկվող գործի եւ առհասարակ Հայաստանի ժողովրդականների պատասխանատու կեցվածքի անհրաժեշտության մասին. «Եթե մեզանից որեւիցե մեկը հյուլե անգամ նկատառում ունի, թե կուսակցության միջոցով ինքն ինչ-որ բանի կհասնի՝ բաժանվենք։ Միանանք իրար, ամեն ինչ անենք, որ ժողովուրդը ծնկաչոք վիճակից բարձրանա ու հպարտորեն քայլի դեպի ապագա»։ Այնուհետեւ տեղեկացվեց, որ արդեն իսկ ստեղծվել է ՀԺԿ 54 տարածքային կազմակերպություն, որոնցում ընդգրկված է շուրջ 700 ակտիվիստ։ 640 արդեն գոյություն ունեցող սկզբնական կազմակերպությունների թիվը, Կարեն Դեմիրճյանի հաշվարկով, պետք է մոտեցվի 1600-ին։

Փակագծում ասենք, որ մոտավորապես այդքան ընտրատեղամաս է լինում Հայաստանում։ Իսկ կուսակցության համագումարը տեղի կունենա հունվար-փետրվարին՝ տեղերում կայանալիք կոնֆերանսներից հետո։ Կուսակցության առաջնորդը խոսեց նաեւ ՀԺԿ կայացող կառույցների մասին. ստեղծվել է 6 հանձնաժողով. «Գաղափարաքարոզչական, գաղափարաքաղաքական աշխատանքի, սոցիալ-տնտեսական քաղաքականության, կուսակցական-կազմակերպչական աշխատանքի, միջկուսակցական եւ արտաքին կապերի, օրենսդրական նախաձեռնությունների եւ երիտասարդության, կանանց եւ սոցիալական առանձին խմբերի հետ աշխատանքի հանձնաժողովներ», որոնք զուգորդվում են Ազգային ժողովի համապատասխան կառույցների հետ։ Տրվեց նաեւ Հայաստանի ժողովրդական կուսակցության բնութագիրը. «Սա կուսակցություն է, որի նպատակն է ժողովրդավարության, սոցիալական արդարության, քաղաքացիական հասարակության եւ իրավական պետության կերտումը։ Մենք շատ մոտ ենք դեմոկրատական, ժողովրդական սոցիալիզմին»։

Խոսվեց նաեւ քաղաքական դաշտում կուսակցության տեղի մասին. «Եթե քաղաքական տերմինալոգիայով խոսենք, մենք գտնվում ենք ձախ կենտրոնամետ դիրքում»։ Իսկ կուսակցության առաջիկա անելիքների մատուցումից պարզ դարձավ, որ հիմնական շեշտը դրվում է կառույցների կայացման ու համալրման վրա։ Ներկուսակցական տեղեկատվության ապահովման առումով էլ նպատակահարմար դիտվեց տպագիր օրգանի՝ թերթի ստեղծումը, ինչը պարոն Դեմիրճյանը խոստացավ անել մինչեւ երկու շաբաթվա ընթացքում։ Դատելով նրա բնավորությունից, գործն արդեն արված է եւ հիմա ընդամենն այն կներկայացվի։ Կարեւորվեց նաեւ համակիրների հետ աշխատանքի անհրաժեշտությունը։ Նրանց «մի մասը վախենում է քաղաքական հետապնդումներից, մյուս մասը գործ է սկսել, ու վախենում է, թե իմանան՝ ընկել է այս սպեկտորը, մի մասն էլ իրավիճակին է հարմարվելու։ Բայց նրանք բոլորն էլ մեր ժողովուրդն են, ու եթե համակրում են այս կամ այն կուսակցությանը, այս կամ այն կուսակցությունը պետք է այնքան խելք ունենա, որ համակիրներին իր շուրջը պահի, որպեսզի հարկ եղած դեպքում նրանց տանի իր հետեւից։

Իհարկե, չես բացառի այնպիսիներին, ովքեր մտածում են. «Մենք էլ վարատեղից գանք, եզան պոզին նստած լինենք»։ Բոլոր դեպքերում, ՀԺԿ-ն պետք է գտնի նրանց հետ ճիշտ աշխատելու մեթոդները։ Իր խոսքի հաջորդ մասով, որն արդեն ոչ թե ՀԺԿ-ին, այլ ամբողջ հանրապետությանն էր վերաբերում, Կարեն Դեմիրճյանը մեկ անգամ եւս փաստեց իր գիտակ պետական գործիչ եւ առհասարակ իմաստուն մարդ լինելը։ Վերլուծական հայացքով անդրադարձ կատարվեց անկախության տարիներին անցած ուղուն, եւ ներկայացվեցին 7-ամյա շարունակական ճգնաժամից դուրս գալու հնարավորությունները։

ՀԺԿ-ն, ինչպես փաստեց նրա առաջնորդը, գործունեությունն սկսում է բարդ իրավիճակում. «Երբ տնտեսական ու սոցիալական ճգնաժամը զուգորդվում է քաղաքականի հետ, ճգնաժամը համընդհանուր է դառնում։ Իսկ դա հանրապետության եւ ժողովրդի համար կունենա կատաստրոֆիկ հետեւանքներ։ Ուստի, ուշի-ուշով պիտի հետեւենք, որ հանրապետությունը զերծ մնա համընդհանուր ճգնաժամից, որպեսզի պատեհ-անպատեհ քաղաքական ճգնաժամեր չհրահրվեն, մանավանդ որ սոցիալ-տնտեսական ճգնաժամից դուրս չենք եկել»։

Բայց դրա կողքին էլ. «1992-93 թվականից մտել ենք տնտեսական-սոցիալական ճգնաժամի մեջ եւ չենք տեսնում թունելի վերջը՝ թե ինչպես ենք դուրս գալու»։ Իհարկե, կան օբյեկտիվ պատճառներ, բայց. «Մեր ճգնաժամի ամենահիմնական պատճառն այն է, որ ժողովրդին խաղից դուրս են դրել։ Իշխանության սուբյեկտը, երբ դարձվում է քաղաքականության օբյեկտ, հաջողություն չես կարող ունենալ։ Ժողովրդի հետ պետք է խորհրդակցել, մշակել քաղաքականություն եւ այն ժողովրդի հետ էլ իրականացնել»։ Նշվեց նաեւ հայաստանյան ճգնաժամի երկրորդ պատճառը. դա երեւակվում է քաղաքական, տնտեսական, սոցիալական մոդելի բացակայությամբ։ Ի մասնավորի ասվեց, որ. «Մեր տնտեսության քայքայման հիմնական պատճառը չմտածված, իսկ եթե քաղաքականացնենք՝ կանխամտածված, որից ուզում եմ դուրս գալ, սեփականաշնորհումն էր»։ Բայց միաժամանակ փաստվեց. «Ոչ ոք դեմ չէ սե-փա-կա- նա-շնորհ-մանը»։

Անդրադարձ եղավ նաեւ կոնյակի գործարանի սեփականաշնորհմանը. «Դա ավելին է, քան հանցագործությունը, դա սխալ է»։ Որեւէ քննադատության չի դիմանում այն փաստարկումը, որ կոնյակը «միայն ԱՊՀ-ում էր վաճառվում։ Է՞, որ արաղը միայն Քյավառում է վաճառվում, վա՞տ է»։ Կարեն Դեմիրճյանը չհամաձայնեց նաեւ այն պնդումներին, թե կոնյակի գործարանի գործարքի դեմ խոսողները փակում են Հայաստանում ներդրումներ անողների ճանապարհը. «Ինվեստորին բերելու համար նախեւառաջ արժանապատվություն է պետք, որ հետը խոսելիս իմանա, թե ում հետ է խոսում։ Իսկ նրա հետ խոսացողը շատ արհեստավարժ պիտի չլինի»։

Մի խոսքով, ՀԺԿ-ն հստակեցնելով դիրքորոշումը, փաստում է, որ առաջնային խնդիրներ են մարդկանց կարիքների բավարարումը եւ տնտեսության վերականգնումը։ Այս եւ այլ հարցերում, ինչպիսին է, ասենք, ընտրական օրենսգրքի միասնական տարբերակի մշակումը, ՀԺԿ-ն հնարավոր է համարում համագործակցությունը բոլոր քաղաքական ուժերի հետ։

Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների վերաբերյալ էլ ասվեց. «Այս անգամ այլեւս ոչ մի ներում չի կարող լինել այն մարդկանց, ովքեր կխաթարեն ազատ, արդար ընտրությունները։ Այս անգամ մենք կգնանք մինչեւ վերջ»։ Իսկ ընդհանրապես, Սահմանադրությունն, իրոք, պիտի ապահովի բոլոր իշխանությունների հակակշռելիությունը. «Ինչպես գիտեք, մի թեւը եթե ուժեղ է լինում, ծիտը չի թռչի՝ պտտելու է տեղում։ Իսկ եթե երկու թեւն է աշխատում, ու հետեւից էլ, լող տալիս ոտքերն են օգնում, առաջ ես գնում»։

ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031