Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՄԵՂԱԴՐԵՑ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԱՆՓՈՒԹՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Հոկտեմբեր 27,1998 00:00
David Shahnazaryan

«21-րդ դար» ժողովրդավարական ազգային կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Դավիթ Շահնազարյանը երեկ ասուլիսում ներկայացրեց քաղաքական առաջին հայտարարությունը, որտեղ մասնավորապես կոչ է արվում ներկա իշխանություններին՝ արտաքին եւ հատկապես տարածաշրջանային քաղաքականության հստակ հայեցակարգ մշակել։ Ասուլիսում առավել մանրամասն ներկայացվեցին հայտարարության դրույթները։ Առյուծի բաժինը կազմեց Բաքվի հայտարարագիրն առանց վերապահումների ստորագրած վարչապետ Արմեն Դարբինյանի քայլի մեկնաբանությունը։

«Իշխանությունների չփաստարկված ու մերկապարանոց բացատրությունները վկայում են, որ գործադիր իշխանության վերին օղակները չեն գիտակցում իրենց արած եւ չարած քայլերի հնարավոր ծանր հետեւանքները»,- այս առնչությամբ ասված էր հայտարարության մեջ։ Դավիթ Շահնազարյանն ասուլիսում ասաց, թե սկզբում ենթադրել է, որ Արմեն Դարբինյանը հասկանալով, կանխամտածված է ստորագրել այդ հայտարարագիրը, «բայց խորհրդարանում վարչապետի ջղաձգային ելույթը եւ արտգործնախարարի, ներեցեք, մանկական բացատրությունները, համենայնդեպս ինձ, հիմք են տալիս ենթադրել, որ դա հանցագործ անփութության արդյունք է»։ Ավելի ուշ հայտնեց, թե դա ավելի վտանգավոր է համարում, քան եթե այս ամենը ծրագրված կամ գիտակցված արվեր։ Ավելի մտահոգիչ համարեց իշխանությունների բացատրությունները, որոնք ժխտում են այս վրիպակի առկայությունը, քան ինքը՝ փաստը։

Այնուամենայնիվ, պրն Շահնազարյանը գտնում էր, թե «լուրջ ու նպատակասլաց աշխատանքի դեպքում այդ բացթողումը հաղթահարելի է»։ «Առավոտի» հարցին պատասխանելով՝ պարզաբանեց. «Ինչպե՞ս կարելի է դա շտկել։ Առաջին հերթին, առանց նախապայմանների վերսկսելով բանակցությունները» եւ այդպես բացառել այն ծանր հետեւանքները, որ կարող է ունենալ այս ստորագրությունը։ Եվրահանձնաժողովի՝ Հայաստանի պատվիրակության ղեկավար, դեսպան Դենիս Քորբոյը լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտել էր, որ «Բաքվի համաժողովը Հայաստանի համար շատ հաջող էր» եւ նշել. «Ոչ ոք չի կարող ակնկալել, որ Բաքվի համաձայնագիրը լուծի ղարաբաղյան հիմնահարցը։ Դա ամենեւին էլ Բաքվում գումարված համաժողովի, առավել եւս ՏՐԱՍԵԿԱ ծրագրի խնդիրը չէ։ Մենք տրանսպորտային համաձայնագրերին բոլորովին այլ տեսանկյունից պետք է մոտենանք»։ («Ազգ», 13 հոկտեմբերի)։

Դավիթ Շահնազարյանն «Առավոտի» խնդրանքով մեկնաբանեց այս հայտարարությունը. «Եվրամիության ներկայացուցիչները գլխավոր ուշադրությունը դարձնում են ընդունված համաձայնագրերի այն կետերին, որոնք ապահովում են այդ տրանսպորտային, հաղորդակցական կապերի հաստատումը։ Իսկ Ղարաբաղի հիմնահարցին վերաբերող դրույթներում, ըստ էության, նրանց համար որեւէ նոր բան չկա»։ Սակայն եւ համաձայնեց, որ, բնականաբար, կարգավորման հիմնական փաստաթուղթը բոլորովին էլ Բաքվի հայտարարագիրը չէ. «Բայց եթե նման անփութությունը շարունակվի եւ նման սխալների կրկնություններ լինեն, ապա դա արդեն կարող է լիովին անշրջելի գործընթաց դառնալ»։ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ՔԽ-ին առաջարկ է ներկայացրել այս հայտարարագիրը ՍԴ քննության առարկա դարձնել։

«Վստահ չեմ, որ սա ՍԴ դիմելու հարց է։ Եվ ես կասկածում եմ, որ նրանք ՍԴ կդիմեն»,- մեր խնդրանքով այս նախաձեռնությանն իր վերաբերմունքը հայտնեց պրն Շահնազարյանը։ Նաեւ կանխատեսեց. «Եթե դա տեղի ունենա էլ, ինձ թվում է, թե որեւէ մեկը չի կասկածում, որ ՍԴ-ն հերթական անգամ կհայտարարի, որ դա իր գործը չէ»։ Իսկ Դաշնակցության պահվածքն այս կարեւոր խնդրի վերաբերյալ «ջայլամային քաղաքականություն» որակավորմանն արժանացավ, եւ հիշեցվեց, որ քաղաքական դիրքորոշում չհայտնելը նույնպես գնահատական է։ Ավելի ընդհանուր հարցերի անդրադառնալով՝ պրն Շահնազարյանը նշեց. «Ներկա իշխանությունը չունի արտաքին քաղաքականության եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հստակ հայեցակարգ»։ Իսկ ոչ ավանդական կամ, նորաձեւ բնորոշմամբ, ոչ կոնվենցիոնալ լուծումների փնտրտուքը ողջունելի համարեց, գաղափարն էլ՝ ընդունելի։

«Մոտեցումը, բայց ոչ այդ մասին հրապարակայնորեն հայտարարելը՝ սա դիվանագիտական իմաստով խիստ սխալ եմ համարում»։ «21-րդ դարի» հայտարարության մեջ նաեւ նշվել է, թե պիտի բացառվի մինչեւ բանակցությունների վերսկսումը ԼՂՀ քաղաքական կարգավիճակի շուրջ տեսակետներ ներկայացնելը։ Իսկ ասուլիսում պրն Շահնազարյանն այս դրույթին հավելեց. «Քաղաքական կարգավիճակը պետք է բանակցությունների առարկա լինի, եւ այդ մասին մինչ բանակցությունները խոսելը նշանակում է վիժեցնել դրանք»։ «Եթե Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքը Քոչարյանի՝ ՄԱԿ-ում ունեցած տղայական ելույթն է, ապա որեւէ հույս չկա»,- ահա այս արտահայտությունն էլ առիթ դարձավ, որ անդրադարձ լինի նաեւ այդ ելույթին։ Համարելով, որ այստեղ պարունակվում են վերջին 8-9 ամիսներին տարվող արտաքին քաղաքականության հիմնական դրույթները, պրն Շահնազարյանը դրանք անընդունելի համարեց. «Նման արտաքին քաղաքականությունը դեպի տնտեսական ու քաղաքական մեկուսացում է տանում՝ ինչին որ ձգտում են ներկա իշխանությունները»։

Ներկայացվեցին այլ հիմնավորումներ եւս, որ Քոչարյանը ժամանակ չէր գտել հանդիպելու Մադլեն Օլբրայթին. «ՄԱԿ-ում աշխարհին սպառնալ, որ մենք կարող էինք զանգվածային ոչնչացման զենք ստեղծել (իրականում չէինք կարող), բայց տեսեք ինչքա՜ն լավն ենք, որ չենք ստեղծում՝ եթե դա տղայություն չէ, ապա ի՞նչ է»։

«Առավոտի» հարցն էր, թե նույն գնահատականը վերաբերո՞ւմ է արդյոք նաեւ ցեղասպանության ճանաչման հարցը միջազգային ատյաններում արծարծելու նախաձեռնությանը։ «Որեւէ մեկը չի կարող ասել, թե ցեղասպանությունը չպիտի ճանաչվի,- պատասխանեց պրն Շահնազարյանը։- Այո՛, պետք է հետեւողականորեն աշխատել այդ ուղղությամբ։ Բայց հույս ունենալ, որ այսպես, մի հարվածով կարելի է այդ հարցը լուծել եւ այն դարձնել Հայաստանի արտաքին քաղաքականության առօրյա, այսօրվա նպատակ՝ քաղաքականապես ճիշտ չէ»։

«Բի-Բի-Սի»-ի թղթակցի ամփոփիչ հարցին, թե ինչ տարբերություններ եւ ընդհանրություններ կան Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի՝ Ղարաբաղի խնդրին մոտեցումների միջեւ, Դավիթ Շահնազարյանը մասնավորապես պատասխանեց, որ համենայնդեպս նախկին սխալներն անփութությամբ չէ, որ պայմանավորված էին. «Այն լրջությունը (անկախ նրանից՝ դա սխալ էր, թե ճիշտ), որ կար Տեր-Պետրոսյանի օրոք եւ այն անլրջությունը, որ կա այսօր՝ հենց ամենամեծ տարբերությունն է»։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031