Ջազ-փառատոնը երեւանյան մթնոլորտը շիկացրել ու սիրով է լցրել։ Լավ է ու երեւույթը կայացած է, եթե համերգը լսելու համար հանդիսատեսը մտածում է՝ միայն թե համերգասրահ ընկնեմ։ Մեր օրերի համար չափազանց լավ նշան է (նույնիսկ հին օրերի հիշողություններ է արթնացնում), եթե մարդիկ չեն էլ մտածում՝ որտեղ են նստած՝ աստիճանների վրա, հատակին, թե՞ աթոռին… Հայ հանդիսատեսը կարոտ է նման համերգների, իսկ հայ ջազմենները եւ ջազի սիրահարները՝ իսկական ջազի… Բարձր մակարդակի ջազային խմբեր են եկել ջազի հայրենիք Նյու Օռլեանից, Նյու Յորքից…
Համերգասրահում համերգն ավարտվում է, սակայն երեկոն շարունակվում է «Պապլավոկում»։ Ո՞ր մի ջազմենն է համերգից հետո անմիջապես գնում քնելու։ Երաժիշտները եւ ջազի մոլի սիրահարները շտապում են այդ սրճարան։ Կամաց-կամաց երեկոն տաքանում է։ Հայ ջազմենները տնավարի մոտենում են իրենց գործիքներին։
Ջազմեններն ամաչկոտ ժողովուրդ չեն. տարբեր խմբերի երաժիշտներ փոխեփոխ նվագում են՝ երգը, երաժշտությունը մեկը մյուսին փոխանցելով։ Առաջին ջեմ սեյշընը շիկացրեց սեւամորթ հաստլիկ սաքսոֆոնահար Քլարենս Ջոնսոն 3-րդը եւ Night Ark քառյակի խենթ երաժիշտներից մեկի՝ Արտո Թունչբոյաջյանի կատարումներով։ Արտոն վատ ջազմեններին յուրատեսակ բնորոշում է գտել՝ «մայոնեզի մեջ թաթախված տոլմա»։
Քլարենս Ջոնսոն 3-րդը հանդես է եկել Ջիմմի Սմիթի եւ Արետա Ֆրանկլինի հետ, իսկ Արտոն՝ Էլ Դի Միոլայի եւ Ջո Զավինուլի։ Րոպե առ րոպե ավելի էր շիկանում մթնոլորտը։ «Պապլավոկի» մշտական այցելուներից մեկը նկատեց՝ «Ջազը ջազ ա դառնում էն ժամանակ, երբ նեգրերը սկսում են քրտնել»… Հայ աղջիկները լուսանկարվում էին սեւամորթ երաժիշտների հետ, ինքնագրեր էին վերցնում… Այդ ընթացքում զրուցեցի հայտնի կոնտրաբասահարներ Մարկ Ջոնսոնի եւ Փոլ Նովինսկու հետ, որոնք մեծ տպավորություն էին ստացել հայ ունկնդիրներից եւ երաժիշտներից։ Նրանց կարծիքով իրենց ամենալավ ունկնդիրները Երուսաղեմից եւ Հայաստանից են։
Կարդացեք նաև
«Սրտից-հոգուց եկածն են արտահայտում ձեր երաժիշտները»,- ասում են նրանք եւ խոստովանում, թե ավելի հետաքրքիր է ոչ թե պրոֆեսիոնալիզմը, այլ հոգով, սրտով արտահայտածը. «Պրոֆեսիոնալ մակարդակի ձգտումը մարդկային էգոիզմից է բխում»։ Նրանք, ճիշտ է, հարուստ չեն, բայց իրենց սիրած աշխատանքի միջոցով կարողանում են ապրելու գումար վաստակել եւ պատահում է, որ մի տարվա մեջ 14 խմբերի հետ են նվագում, ձայնագրություններ են անում։ Խոսակցությունը կտրուկ շեղվեց. Մարկն ասաց, որ Փոլը ամուսնացած չէ եւ լավ փեսացու է… Պարզվեց նաեւ, որ Փոլը շատ լավ ճաշատեսակներ է պատրաստում։ Մթնոլորտը, կարելի է ասել՝ եռում էր…
Առավոտյան կողմ մարդիկ լքում են «Պապլավոկը»՝ աշխարհի, մարդկանց եւ կյանքի հանդեպ սիրով լի, ամենակարեւորը՝ գրկախառնված…
ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ
Լուսանկարները՝ ԶԱՎԵՆ ԽԱՉԻԿՅԱՆԻ