Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՌՆԴԱԼԻՑ…

Հոկտեմբեր 24,1998 00:00
Opera

Տիգրան Լեւոնյանի՝ ազգային օպերային թատրոն ստեղծելու առաջին քայլը եղավ Ալեքսանդր Սպենդիարյանի անունը թատրոնի անվանումից հանելը։ Մշակույթի մի շարք գործիչներ (հատկապես երաժիշտներ) բողոքեցին դրա դեմ, թե ինչո՞վ էր Սպենդիարյանի անունը խանգարում իրեն, մի մասն էլ մտածեց՝ որոշել է հետագայում իր անունով կոչել։ Վերջին ժամանակներս այդ փաստի դեմ ընդվզողները՝ տեսնելով թատրոնում տիրող իրավիճակը եւ տխուր ներկայացումները, սկսեցին մխիթարվել՝ գուցե լավն էլ դա է, որ Սպենդիարյանի անունը չի կապվում թատրոնի, հակագեղագիտական ներկայացումների եւ մթնոլորտի հետ։

Նույնիսկ պատերազմի դժվարին տարիներին (40-50-ական թվերին) օպերային թատրոնը ունեցել է տասնյակ նոր եւ բարձրարվեստ ներկայացումներ, իսկ այսօր այդ թատրոնի «գլուխները» խաղացանկի այսօրվա անմխիթար վիճակը բացատրում են միմիայն ֆինանսական եւ 88 թ. սկսված պայքարի տարիների դժվարություններով։ 1967-68 թթ. 35-րդ թատերաշրջանի խաղացանկում կար 26 անուն օպերա եւ 20-21 անուն բալետ, եւ այդ թատերաշրջանում բեմադրվելիք 6 նոր ներկայացման հայտ (բոլորն էլ հայ կոմպոզիտորներ)։

Օպերային թատրոնի խաղացանկի գրեթե բոլոր ներկայացումները տնօրեն-գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր Լեւոնյանինն են։ Նա կամաց-կամաց թատրոնի խաղացանկից հանեց անվանի եւ սիրված ռեժիսորների ներկայացումները։ «Չայկովսկու «Պիկովայա Դամա» օպերան Վաչե Բագրատունու վերջին ներկայացումներից էր. ինչո՞ւ խաղացանկից հանեց թարմ ու բարձրաճաշակ ներկայացումը։ Եվ ոչ միայն դա։ Բոլոր հին ներկայացումները որակավորեց՝ ցածր մակարդակի, գավառական… ինչպե՞ս կարելի էր ջնջել այդ բոլորը, Բագրատունու, Նորայր Սարգսյանի ներկայացումները…

շԵթե թատրոնը ֆինանսական ծանր վիճակում է եւ նորը դժվար է բեմադրել, իսկ երգիչներին աճ է պետք, ուրեմն ինչո՞ւ վերացրեց հները՝ «Աիդան», «Կարմենը», «Ալմաստը», «Բոհեմը», «Ճանապարհորդություն դեպի Էրզրումը», ո՞րը նշել…։ Գոնե մի-մի ներկայացում այդ ռեժիսորներից պետք է թողներ, բոլորն անորա՞կ էին։ Եթե այսօր ուզեն վերականգնել դրանք, համոզված եմ, որ կասեն՝ դեկորները չկան, որովհետեւ ցուրտ տարիներին երեւի բոլորը, փայտերը տարել-վառել են…»,- ասում է երգչուհիներից մեկը, ապա հիշում, թե ինչպես Էդգար Հովհաննիսյանի «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» ներկայացումը, որ իրեն էին տվել վերականգնելու, 15 օր ամբողջ կոլեկտիվին հավաքել էր թատրոնում, անընդհատ լուծում էր փնտրում-գտնում. «Չկարողացավ։ Կանչեցին Բարգատունուն, եւ նա հանճարեղ լուծում տվեց այդ ներկայացմանը»։

Երգիչ-երգչուհիների հետ զրուցելիս նկատել եմ, որ երբ խոսում են Լեւոնյանի մասին՝ երկար, ծանր շունչ են քաշում, ինչ-որ բաներ վերհիշում, իսկ Բագրատունու անունն ասելիս փայլում-պայծառանում են եւ սիրով խոստովանում, թե ինչ երջանիկ էին զգում նրա հետ աշխատելիս։ «Լեւոնյանը ընտրվելիս ասում էր՝ դուք թատրոնի տերն ու տնօրենն եք, անհատականությունների թատրոն է… Տարիների ընթացքում համոզվում ենք, որ մենք ոչ տերն ենք, ոչ տնօրենը, այլ միայն ծառան ենք։ Տերն ինքն է, պապան է թատրոնի, մենք՝ ծառան»,- հիշում է մեկ ուրիշը։ Շատերն են հիշում, թե ինչպիսի երգիչ-երգչուհիների է Լեւոնյանը «վռնդել» թատրոնից, բարոյապես ստորացրել։ Հիշում են Մարիետա Անտոնյանին, Լիլյա Օվչյանին, Ռաիսա Շիրինյանին, Գագիկ Շիրինյանին…

– Բոլոր տեսակի պայմաններին կարող ես դիմանալ, բայց իրեն հարգող մարդը չէր կարող դիմանալ բարոյական ստորացումներին։ Շատերին հանեց, մի մասը չդիմացավ-հեռացավ… Օպերային թատրոնն այսօր զուրկ է լավագույն ավանդույթներից, չկա գեղարվեստական խորհուրդ… Կան 2-3 լավ կատարողներ, որոնց միջոցով էլ հենց մի կերպ փրկվում են Լեւոնյանի ներկայացումները։ Թատրոնում առաջ կար ավագ, միջին եւ երիտասարդ սերունդ, իսկ այժմ չկա միջին սերունդ եւ հիմնականում հավաքված են անվանի երգչուհի Գոհար Գասպարյանի մոտ ուսանած մարդիկ։

Իմ զրուցակիցները խուսափում էին Գ. Գասպարյանի թատրոնում մեծ տեղ ունեցող իրենց գործընկերների անունները տալ, բայց եւ համաձայնում այդ փաստի հետ. «… վոկալ արվեստն իրենց կարծիքով միայն իրենց միջոցով, իրենց ուսանողների միջոցով պետք է զարգանա։ Կամ էլ տվյալ երգիչը կամ երգչուհին ինչ-որ ձեւով պետք է առնչվեն իրենց հետ, որպեսզի տեղ ունենան այդ թատրոնում»։

– Մեր թատրոնն այսօրվա մայթեզրին ծվարած սեղանիկ չէ,- ասում է կոմպոզիտոր Գեւորգ Արմենյանը, որը 1968-70 թթ. որպես տնօրեն աշխատել է օպերային թատրոնում,- այն փառահեղ պատմություն ունի։ Եվ եթե որեւէ մեկը կարծում է, թե անցյալը ջնջված է եւ ամեն ինչ իրենից է սկիզբ առնելու, նա պետք է պարզորոշ տեսնի, զգա, որ ինքը վաղվա օր չունի։ Քանի դեռ կան մարդիկ, որոնց օգնությամբ կարելի է վերականգնել Գուլակյանի, Աճեմյանի, Բագրատունու գոնե մի-մի լավագույն ներկայացում, հանուն թատրոնի հեղինակության պետք է անել այդ պատվավոր ու անհրաժեշտ գործը։ Ինչո՞ւ է մոռացվել Էդգար Հովհաննիսյանը, խաղացանկից հանվել է Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովան», իսպառ մոռացվել են Չայկովսկին, Ռիմսկի-Կորսակովը, Ստրավինսկին, Պրոկոֆեւը։

Վերդիի 7-8 ներկայացումից ոչ մի անուն չի մնացել… Երեւի ոմանք Ազգային թատրոնը շատ նեղ են պատկերացնում։ Լեւոնյանը, ինչպես հայտնի է, բողոք է ներկայացրել որոշ ատյանների, թե մամուլի մեկ-երկու հրապարակումներ առողջական վնասներ են հասցրել իրեն։ Բողոքն ազնիվ կլիներ, եթե չլինեին անթիվ այն շնորհաշատ երգիչ-երգչուհիները, որոնց զրկելով բեմից, սիրելի եւ հարազատ թատրոնից, աշխատանքից յուրօրինակ իր ոճի տարբեր դրսեւորումներով դուրս է նետել։ Տաղանդավոր մարդիկ, որոնք այլեւս ոչինչ չէին անում եւ չեն անում ու մտածում են միայն երգելու մասին։

Թատրոնը հնարավոր է վերականգնել

Անգործ վիճակում է այսօր հայտնված շատերի սիրելի օպերային երգչուհի, մեցցո սոպրանո Ռաիսա Շիրինյանը։ Հանդիսատեսը նրան հիշում է բազմաթիվ ներկայացումներից։ Ռ. Շիրինյանը երգել է «Սայաթ-Նովա» (Աննա), «Ճանապարհորդություն դեպի Էրզրում», «Ալմաստ», «Արշակ Երկրորդ» (Փառանձեմ), «Տրուբադուր» (Ազուչենա), «Դավիթ Բեկ» (Թամար), Վերդիի «Ռեքվիեմ» (մաեստրո Հովհ. Չեքիջյանի ղեկավարությամբ նա կատարել է ալտի պարտիան) եւ այլ օպերաներից։ Ռ. Շիրինյանը թատրոն ընդունվել է 1986 թվականից. «…Երկու տարի անց սկսվեցին 1988-ի դեպքերը, միտինգները, երբեմն ներկայացումները հանվում էին, բայց, այնուամենայնիվ, կյանքը եռում էր, ներկայացումներ կային՝ «Կարմենը», «Դոն Կառլոսը», «Աիդան», «Տրուբադուրը»…»։ Ռ. Շիրինյանն այն երգչուհիներից է, որոնք հաջողությունների էին հասնում շնորհիվ իրենց աշխատանքի՝ բազում պայքարների միջով։ Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր է, որի մասին խոսել են անվանի երաժիշտներ։

«…Եթե ես մինչ այսօր կարողանում եմ երգել, ապա դրանով երախտապարտ եմ իմ ուսուցչուհուն՝ Ռոզալիա Իվանովնա Գուլաբյանին, որի սաներից են եղել Մարիետա Անտոնյանը, Ալիս Հեքիմբաշյանը, Արաքս Դավթյանը, Արաքս Մանսուրյանը, Լուսինե Զաքարյանը»,- ասում է նա։ 1996 թ. սեպտեմբերի 3-ին նա հեռացել է թատրոնից՝ Տ. Լեւոնյանի հետ ընդհարումից հետո. «Ֆինանսական մի հարցի շուրջ կոնֆլիկտ եղավ. գնացի իր մոտ խոսելու, նա շատ կոպիտ պատասխանեց՝ շատ կոպիտ ու տհաճ, տղամարդուն ոչ վայել արտահայտություններով։ Ասաց՝ ազատված ես աշխատանքից։ Դիմումը գրեց, մակագրեց, եւ ես հեռացա»։ Ռ. Շիրինյանը սիրով էր հիշում բեմադրիչ-ռեժիսոր Վ. Բագրատունու հետ համատեղ աշխատած տարիները՝ «…Բագրատունին վառվում էր աշխատանքի ժամանակ, նա երգչին տանում էր իր հետեւից»։

Ռ. Շիրինյանն էլ համոզված է, որ օպերային՝ ավագ, միջին եւ երիտասարդ տաղանդավոր ուժերի շնորհիվ հնարավոր է վերականգնել թատրոնը։ Իր կարծիքով, օպերային թատրոնի տնօրենը պետք է լինի տաղանդավոր արվեստագետ, ֆինանսապես ապահովված, ներքնապես կիրթ եւ ազնիվ անձնավորություն, որն ինքնասիրահարված չլինի եւ տաղանդավոր մարդկանց տեղ տա. «…Եթե ծառը տնկում ես, ուրեմն պետք է խնամես, ջրես, որ ծաղկի-բարգավաճի ու օրերից մի օր բերք տա եւ ոչ թե՝ այս ծառը հանել-գցել, հետո՝ մի ուրիշ ծառ տնկել…»։

Ի տարբերություն Ռ. Շիրինյանի լավատեսության, այսօր կան երգիչներ, որոնք այլեւս ոչ մի լավ երեւույթ-ներկայացում չեն սպասում իրենց սիրելի թատրոնից, ասելով՝ «…Այսքան տարի որքան քանդել են, մի այդքան ժամանակ էլ պետք է վերականգնելու համար»։ Իսկ որոշ մարդիկ էլ կան՝ մշակութային քաղաքականություն «կերտող» մեր իշխանությունները, որոնք կամ անտարբեր են այս ամենի նկատմամբ, կամ շրջանցում են մեր մշակույթի մեջ ծանրացած այս՝ օպերային արվեստի անկման խնդիրը։

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Հ.Գ. Տ. Լեւոնյանին հատկապես հուզել էր այն, որ որոշ մշակույթի գործիչներ-երաժշտագետներ բացահայտ կասկածանքներ են արտահայտում նրա բարձրագույն մասնագիտական լավ կրթություն ունենալու մասին։ Կոմպոզիտոր Գ. Արմենյանն ի լրումն դրա ասաց. «Տեղին եւ արդարացի է Լեւոնյանը փնովում եւ հայհոյում կոմունիստների իշխանությանը։ Թե չլինեին կոմունիստների հովանավորչական կարգերը, մի՞թե նա առանց ուսում ստանալու Երեւանի կոնսերվատորիայի շրջանավարտի դիպլոմ կստանար, կամ երաժշտագետ (նաեւ կոնսերվատորիայի գրադարանի վարիչ- Ս. Ս.) Ինդա Իոնեսյանի գրած զեկուցագրով (ռեֆերատով) օպերայի բեմադրության նրա մտահղացմամբ բեմադրիչի փաստաթուղթ կստանա՞ր…»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031